Տնտեսության անկման տեմպի նվազումը չի նշանակում տնտեսության վերականգնում. Լիլիա Ամիրխանյան (տեսանյութ)
Մենք չենք կարող այս պահին խոսել տնտեսության վերականգնման մասին: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ անդրադառնալով ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառմանը:
«Տնտեսության անկման տեմպի նվազումը որևէ կերպ չի նշանակում տնտեսության վերականգնում: Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ տնտեսության անկումը շարունակվում է: Փաստացի մենք այդ անկումը դեռ չենք դադարեցրել»,- նշել է Լ. Ամիրխանյանը:
Ըստ Լիլիա Ամիրխանյանի՝ անկման տեմպի դանդաղումն, անշուշտ, խոսում է որոշակի գործընթացների մասին, բայց այդ գործընթացները պետք է ուսումնասիրվեն, ակցենտավորվեն անկման տեմպերն էլ ավելի նվազեցնելու համար:
«Վիճակագրական ցուցանիշների նախորդ երեք ամիսների ուսումնասիրությունը ցույց է տալիս անկման տեմպի նվազումը: Մասնավորապես, 2020թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՏԱՑ-ը նվազել է 8,8 տոկոսով, այս տարվա հունվարին՝ 8,2 տոկոսով, փետրվարին՝ 5,3 տոկոսով: Լավատես լինելու պարագայում կարող ենք ենթադրել, որ Վահան Քերոբյանն այս միտումն ի նկատի ուներ՝ դրան հավելելով նախորդ տարվա փետրվար ամսվա մեկ օրով ավելի լինելու գործոնը»,- նշել է Լիլիա Ամիրխանյանը:
Ըստ նրա՝ այս ամենից չենք կարող եզրակացնել, որ տնտեսությունը վերականգնվում է, հատկապես սոցիալ-տնտեսական ցուցանիշների բացվածքն ուսումնասիրելիս: «Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից կարևորներում, որոնք մեծ բաժին ունեն մեր ՀՆԱ-ում, գրանցվել են երկնիշ անկումներ»:
Ըստ նրա՝ տնտեսական համախառն անկման դանդաղումը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով, այդ թվում ճգնաժամերին բնորոշ փուլերով, երբ և՛ տնտեսվարողները, և՛ հասարակությունը որոշակիորեն ադապտացվում են ստեղծված իրավիճակին: Փորձագետի պնդմամբ, որոշակի աշխուժությունը կարող է պայմանավորված լինել նաև տնտեսական առանձնահատկություններով կամ օրինակ արտագնա աշխատողների կողմից առաջին տրանսֆերտների ներհոսքով և այլն. «Ամեն դեպքում, չկան հիմքեր կարծելու, որ սա Կառավարության գործողությունների արդյունք է, որով գոնե Կառավարության ներկայացուցիչը փորձեր դիվիդենտներ քաղել»:
Խոսելով ներդրումների մասին՝ Լիլիա Ամիրխանյանը նշեց, որ նույն գերատեսչության ներկայացուցիչներն իրար հակասող հայտարարություններով են հանդես գալիս. «Էկոնոմիկայի նախարարը պնդում է, որ կան ներդրումներ, ընդ որում և՛ ներքին, և՛ օտարերկրյա, իսկ նույն գերատեսչության մեկ այլ ներկայացուցիչ, մասնավորապես փոխնախարարն ասում է, որ տարածաշրջանում ներդրումային խնդիրներ կան պատերազմի պատճառով, և էկոնոմիկայի նախարարությունը շատ հաճախ ներդրումների մասին չի իմանում այնքան ժամանակ, քանի դեռ գործը չի հասել պետության միջամտությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: