«Սա ոչ թե Քոչարյանի հաղթանակն է, այլ՝ հեղափոխության պարտությունը. «Մարտի 1»-ի գործն ուղղակի փակվեց». իրավապաշտպանները՝ ՍԴ որոշման մասին
Սահմանադրական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի բավարարումն ու 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելը վերջին երեք տարվա զարգացումների վերջակետը կարելի է համարել։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
«Ես չեմ պնդում, որ սա Քոչարյանի հաղթանակն է, ես պնդում եմ, որ սա 2018 թվականի հեղափոխության պարտությունն է»,- ասում է Վարդան Հարությունյանը։
Նշենք, որ այսօր Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։ Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին։
Նշենք, որ «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հենց 300.1 հոդվածով է մեղադրանք առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու համար։
Քոչարյանի փաստաբանական թիմը դիմել էր ՍԴ՝ այս հոդվածի հակասահմանադրականության հարցով։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը նշում է, որ ՍԴ այս որոշումը նշանակում է, որ քրեական գործով մեղադրանքն այլևս առոչինչ է, համարվում է հակասահմանադրական։ Հետևաբար, մեղադրանքն այլևս ուժի մեջ չէ։
«Դա նշանակում է, որ «Մարտի 1»-ի գործն ուղղակի փակվեց»,- «Մեդիալաբին» ասում է Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքով՝ սա արդարադատություն իրականացնող մարմինների նկատմամբ թավիշի և բարեփոխումներ, լյուստրացիա չիրականացնելու հետևանք է։ Այս ամենը, ըստ իրավապաշտպանի, կանխատեսելի ու սպասելի էր։
«Այնպես չէ, որ մենք զարմացած ենք կամ այլ բան էինք սպասում այս պայմաններում։ Հեղափոխությունից անմիջապես հետո իրականում այլ հույսեր կային, իրական բարեփոխման հույսեր կային։
Սա միայն մի խումբ ամբաստանյալների մասին գործ չէ, սա «Մարտի 1»-ը՝ որպես իրողություն, հետագայում այլևս չկրկնվելու հարցն էր լուծելու։
Սա Հայաստանի համար կարևոր գործերից մեկն էր։ Ես արդեն կարող եմ կանխատեսել, որ հաջորդ տապալված գործը լինելու է «Հոկտեմբերի 27»-ից անջատված գործը։ Եվ այսպես շարունակ»,- հավելում է նա։
Ըստ Կարապետյանցի՝ սա ամենադժվար գործն էր, որը տապալվեց։ «Սա հաջող տապալելուց հետո ոչ մի գործ այլևս խնդիր չի առաջացնելու արդարադատություն իրականացնող մարմինների և հանցավոր ռեժիմի համար»,- հավելում է իրավապաշտպանը։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am
The post «Սա ոչ թե Քոչարյանի հաղթանակն է, այլ՝ հեղափոխության պարտությունը. «Մարտի 1»-ի գործն ուղղակի փակվեց». իրավապաշտպանները՝ ՍԴ որոշման մասին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.