Որքան պիտի տուժի մեր երկիրը ձեր անգրագիտության, արկածախնդրության պատճառով. հասկացե՛ք՝ ինչ հիմա տեսնում եք ռեգիոնում, առաջիկա տասնամյակում է իր ավերիչ արդյունքները տալու. Ա. Գասպարյանը՝ իշխանությանը
Տարածաշրջանում պարզաջրվում է աշխարհաքաղաքական փազըլը. Իսրայելը տեղավորվում է Իրանի հյուսիսում, կամ՝ Արցախի նախկին հարավային շրջանում՝ Ջրականում, որն այս պատերազմում Ադրբեջանն օկուպացրեց: Այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։
«Ադրբեջանը ոչ թե մտել է, այլ մխրճվել է հակաիրանական մեգա ծրագրի մեջ, որից չօգտվելու համար նվազագույնը պետք է քաղաքականապես տհաս ու անհեռատես լինել՝ Հայաստանի այսօրվա իշխանության նման: Ուրեմն Լոնդոնը Ջրականում է, Թել Ավիվն էլ է այստեղ՝ Իրանի գլխին, բայց եթե բրիտանացիք դիվանագիտության 800-ամյա ավանդույթներ ու պատմություն ունեն, գիտեն, կայսրություն են եղել ու գիտե՛ն, ինչպես մտնել որևէ պետություն, ի՞նչ միջոցներով, համբերատար են և փողի հոտն առնելիս՝ միանգամից չեն վազում, ապա Իսրայելի մոտեցումն այս հարցում շատ հստակ է՝ փող, փող, փող: Եվ Իսրայելի համար ոչ մի նշանակություն չունի՝ իր վաճառած ֆոսֆորային կամ կասետային ռումբը ի՞նչ ազդեցություն կարող է թողել, քանի երեխայի, տարեցի, կնոջ ու երիտասարդի կսպանի կամ կդարձնի հաշմանդամ»,- ասել է Գասպարյանը և հավելել՝ Ջրականում Իսրայելը կառուցում է ԱԹՍ-ների գործարան, և հիշեցրել, որ պատերազմի օրերին պատվիրակություն էր ուղարկվել Իսրայել՝ համոզելու Թել Ավիվին՝ զենք չվաճառել Ադրբեջանին:
Գասպարյանը դիմել է իշխանությանը՝ նշելով, որ իրենց սխալ հաշվարկների, անհեռատես ու անբովանդակ մտքերի պատճառով է, որ մեր անվտանգային միջավայրը բարենպաստ չի դառնում. «Ձեր այդ գոռոզամիտ, դատարկ ու երեխայական պատկերացումների պատճառո՛վ է, որ խրտնեցրիք Իրանի նման պետությանը, Ռուսաստանի նման դաշնակցին, Եվրոպայի ու Արևմուտքի նման բարեկամին: Լիզում էի՞ք Իսրայելի ոտքերը, դեսպանատուն էի՞ք բացում պատերազմից առաջ, հետո էլ՝ իմաստակի հայացքով՝ իբր լուրջ ու խելացի բան էիք ասում, թե բա՝ Հայաստանն իր արտաքին հարաբերությունները չի պայմանավորում 3-րդ երկրների հետ կապերով: Դասագրքային այդ ճշմարտությունը տեսա՞ք, որ չաշխատեց այս դեպքում, մեր դեպքում, մեր տարածաշրջանում: Որքան պիտի տուժի մեր երկիրը ձեր անգրագիտության ու արկածախնդրության պատճառով: Հասկացե՛ք՝ ռեգիոնում շատ բան է փոխվում և այն ինչ հիմա տեսնում եք, առաջիկա տասնամյակում է իր ավերիչ արդյունքները տալու: Իսրայելը Ադրբեջանին օգնելու է կայանալ, այդ զենքը գործածվելու է Իրանի ու Հայաստանի դեմ: SOCAR-ն արդեն նվաճել է Վրաստանը և մեր հյուսիսային հարևանը, եթե հանկարծ փորձի դուրս մղել թուրք-ադրբեջանական դոմինանտ ազդեցությունը երկրից, հաստատ այդ զենքի մի չափաբաժին էլ գործածվելու է նրա դեմ»:
Գասպարյանը ընդգծել է՝ Վաշինգտոնն ու Թեհրանն ուզում են կարգավորել հարաբերությունները, իսկ Իսրայելը մտահոգ է և ամեն ինչ անելու է, որպեսզի խափանի այդ գործարքը, դրա համար էլ Արցախի վերջին պատերազմում և դրանից տարիներ առաջ սկսեց զինել Ադրբեջանին, նրա օդն էլ օգտագործել՝ Իրանի դեմ հետախուզական աշխատանքի նպատակով:
«Իսրայելը ուղղակի կամ անուղղակիորեն նպաստում է պանթուրքիզմի վերակենդանացմանը: Այս իզմ-ը մեր տարածաշրջանում ուզում է դառնալ դոմինանտ: Այն ուղղված է լինելու քաղաքական շիիզմի դեմ: Թուրքիան օգտվելու է այս ամենից: Սյունիքի միջանցքը ծառայելու է այդ թուրքական երազանքի իրականացմանը: Նաև այդ պատճառով է, որ Իրանն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, որոնք ընդունված են միջազգայնորեն: Սա է ամբողջ խաղը, որից պետք է դասեր քաղել, հեռատես լինել, սովորել, չսայթաքել, էժան չվաճառվել, չխաբվել բարեկեցիկ կյանքի սուտ խոստումներին: Նման ռեգիոնալ մեծ խաղում հարցականի տակ է տարբեր պետական միավորների գոյությունը, անվտանգության տարածաշրջանային համակարգ կարող է փլուզվել և այս պայմաններում խոսել բանակ կրճատելու մասին, նվազագույնը պետք է լինել ապուշ ու քաղաքականապես անկիրթ, կամ էլ՝ պարզապես Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի սպասարկու»,- նշել է Գասպարյանը:
Հեռուստամեկնաբանն ընդգծել է՝ պետք է աշխատել Իրանի հետ, Ծոցի արաբական երկրների հետ. «Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի համար չարիք դարձած այս տգետ իշխանությունից հետո կունենանք դիվանագիտական հեռատեսություն ու քաղաքական հոտառություն ունեցող մի իշխանություն, որը հավասարապես կաշխատի Ծոցի արաբական երկրների՝ մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Քուվեյթի, նաև Իրանի հետ և կկարողանա չեզոքացնել հայկական զույգ պետությունների անվտանգային մարտահրավերները, կզարգացնի տնտեսությունը, կբերի հսկայական ներդրումներ»:
Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև.