ԱՄՆ-ից բացի, Հայիթիի կառավարությունը նախագահի սպանությունից հետո ռազմական օգնություն է խնդրել նաև ՄԱԿ-ից. ԱՄՆ-ն մերժել է, ՄԱԿ-ը քննարկում է զորք ուղարկելու հարցը
ԱՄՆ-ից բացի, Հայիթիի կառավարությունը ռազմական օգնություն է խնդրել նաև ՄԱԿ-ից:
Հայիթիի կառավարությունը նախագահի սպանությունից հետո խնդրել է զորք ուղարկել երկրի անվտանգության ապահովման, մասնավորապես՝ առանցքային ենթակառուցվածքները պաշտպանելու համար, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ Հայիթիի իշխանությունները համանման խնդրանք էին ուղարկել նաև ԱՄՆ՝ խնդրելով ուղարկել 500 հոգուց բաղկացած զորակազմ՝ ենթակառուցվածքները, նավահանգիստները, օդանավակայանները և էներգետիկ համակարգերը պաշտպանելու համար:
ՄԱԿ ուղարկված Հայիթիի վարչապետի գրասենյակի նամակը թվագրվում է հուլիսի 7-ին:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գրասենյակից ՌԻԱ Նովոստիին հաստատել են Հայիթիի իշխանություններից նամակ ստանալու փաստը, ներկայում դիմում-խնդրանքն ուսումնասիրվում է: Միաժամանակ կազմակերպությունը նշել է, որ զորամիավորում ուղարկելու որոշումը պետք է ընդունի Անվտանգության խորհուրդը:
Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուուլն ավելի վաղ հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ չի քննարկում Հայիթի կրկին խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը: 2019-ին կազմակերպությունը հայտարարել էր այդ երկրում 15-ամյա խաղաղապահ առաքելության ավարտի մասին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, ԱՄՆ-ն մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին՝ նախագահի սպանությունից հետո: Այս մասին հայտնել էր Reuters-ը՝ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի հղումով, որի անունը չի հաղորդվում:
Այսպիսով՝ ԱՄՆ-ն մերժել է Հայիթիի կառավարության խնդրանքը:
Հիշեցնենք, որ օրերս անհայտ անձինք գրոհել էին Հայիթիի նախագահի նստավայրը, սպանել նրան և վիրավորել տիկնոջը: Հաղորդվել էր, որ առաջին տիկինը նույնպես մահացել է ստացած վնասվածքներից, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվել էր: Երկրում ռազմական դրություն է հայտարարվել:
Հայիթիում նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատանը։ Հինգշաբթի առավոտյան Հայիթիի ոստիկանները դիվանագետներին տեղեկացրել են, որ ցանկանում են մտնել դեսպանատան տարածք՝ կասկածյալներին փնտրելու համար:
Ավելի վաղ Կոլումբիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Մոիզի սպանության համար կասկածվում են հարավամերիկյան այս երկրի թոշակի անցած զինվորականները։ Հայիթիի իրավապահ մարմինները, իրենց հերթին, հայտնել են, որ պարզել են 28 ենթադրյալ հանցագործների ինքնությունը, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են, երկուսը՝ հայիթական ծագմամբ ամերիկացիներ:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 17 կասկածյալ, ևս 7-ը սպանվել են ոստիկանության գործողությունների ընթացքում։
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործի շրջանակում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հայտարարել են, որ վարձկանները պետության ղեկավարին սպանելու առաջադրանք չեն ունեցել: Վարձկանների նպատակը եղել է դատավորի հրամանով նախագահին ձերբակալելը, և ոչ թե սպանելը: