«Թուրքիան ոչ մի ցանկություն չունի Հայաստանի հետ սահմանը բացել». թուրքագետ
Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս խոսեց «խաղաղ դարաշրջանի բացման մասին», հայտարարեց, որ Թուրքիան դրական ազդակներ է հղել: Իր հերթին Թուրքիայի նախագահն արձագանքել է Փաշինյանի՝ դրական ազդակների գնահատման վերաբերյալ հայտարարությանը: Կարելի՞ է արդյոք վստահել կամ ձեռք մեկնել Էրդողանին՝ հաշվի առնելով, թե ինչ անընդունելի պահանջներ ու նախապայմաններ է նա առաջ քաշում: ԳԱԼԱ-ի հարցադրմանն անդրադառնալով՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը …
The post «Թուրքիան ոչ մի ցանկություն չունի Հայաստանի հետ սահմանը բացել». թուրքագետ appeared first on ԳԱԼԱ.
Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս խոսեց «խաղաղ դարաշրջանի բացման մասին», հայտարարեց, որ Թուրքիան դրական ազդակներ է հղել:
Իր հերթին Թուրքիայի նախագահն արձագանքել է Փաշինյանի՝ դրական ազդակների գնահատման վերաբերյալ հայտարարությանը: Կարելի՞ է արդյոք վստահել կամ ձեռք մեկնել Էրդողանին՝ հաշվի առնելով, թե ինչ անընդունելի պահանջներ ու նախապայմաններ է նա առաջ քաշում:
ԳԱԼԱ-ի հարցադրմանն անդրադառնալով՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարեց.
«Թուրքիայից եկող խոսքերին հավատալ պետք չէ, որովհետև պատմության ընթացքում բազմաթիվ օրինակներ կան:
Թուրքիայի իրական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է, այլ Հարավային Կովկասն իր ազդեցության ոլորտ դարձնելն է: Եվ ես կարծում եմ, որ այն, ինչ ասում է Էրդողանը, իրականությունից շատ հեռու է, և դրանով նա նպատակ ունի քողարկել Թուրքիայի ծավալապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը»:
Սաֆրաստյանի կարծիքով՝ մենք պիտի բոլոր հարևանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները, բայց խնդիրն այն է, թե արդյոք մեր հարևանները իսկապե՞ս շահագրգռված են, իսկապե՞ս ուզում են մեզ հետ հարաբերությունները կարգավորել, թե՞ դրա քողի տակ ինչ-որ բան են ուզում մեզնից պոկել, ճնշում գործադրել մեզ վրա:
«Այս պայմաններում, երբ Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը, Էրդողանի խոսքերին հավատալու ոչ մի հիմք չկա: Թուրքիան իր նախապայմաններից չի հրաժարվում, ճնշումներն Ադրբեջանի հետ համատեղ ավելի է ուժեղացնում: Եվ եթե մենք ընդունենք այդ նախապայմանները, նշանակում է, որ մենք հրաժարվում ենք մեր ինքնության մի կարևոր հատվածից, դավաճանում ենք մեր ինքնությանը, և ես դա ուղղակի անհնարին եմ համարում:
Նախապայմանները հետևյալն են՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականություն հետապնդելուց, հրաժարվել արցախահայության, Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց և պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պաշտոնապես ընդունում է Կարսի պայմանագիրը, որը մեր հասարակությունը ընկալում է որպես անիրավ, անարդարացի»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի հետ սահմանների բացումն իրենից ենթադրում է նախապատրաստական աշխատանք:
«Պետք է նախապատրաստվել իրավական դաշտում, անվտանգության տեսանկյունից շատ լուրջ աշխատանքներ պետք է իրականացվեն:
Ես համոզված եմ, որ Թուրքիան ոչ մի ցանկություն չունի սահմանը բացել Հայաստանի հետ, որովհետև դրանով ոչ մի բան չի ստանում Հայաստանից, բացի այդ, Թուրքիայի համար Հայաստանը որպես շուկա շատ փոքր է:
Բայց ես հույս ունեմ, որ կգա մի օր, և Թուրքիան կհրաժարվի Հայաստանի նկատմամբ իր 3 նախապայմաններից, կհայտարարի, որ ընդունում է և դատապարտում ցեղասպանությունը: Կհայտարարի, որ ինքը Հայաստանի հետ իսկապես պատրաստ է նորմալ հարաբերություններ ունենալ»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ թուրքագետի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը կարելի է հավատալ այն դեպքում, երբ Թուրքիայի կողմից կոնկրետ քայլեր կլինեն, այլ ոչ թե ձևական խոսքեր:
Անահիտ Չալիկյան
The post «Թուրքիան ոչ մի ցանկություն չունի Հայաստանի հետ սահմանը բացել». թուրքագետ appeared first on ԳԱԼԱ.