Ոչ միայն սիրո խոստովանություն եմ անում հայերին, այլև սերս գործով եմ ապացուցում. Ֆրանսիայի նախագահի թեկնածու (տեսանյութ)
Ֆրանսիայի պետական կառավարման համակարգում մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած՝ Ժակ Շիրակի խորհրդականից մինչև Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կառավարության մամուլի խոսնակ, իսկ ներկայում Ֆրանսիայի Իլ դը ֆրանսի՝ այսինքն՝ Փարիզի շրջանի խորհրդի նախագահ, 54 ամյա Վալերի Պեկրեսը հավակնում է դառնալ Ֆրանսիայի առաջին կին նախագահը: 2022 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ նա որոշել է իր քարոզարշավի առաջին արտերկրյա այցը կատարել Հայաստան:
Tert.am-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է իր այցի նպատակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ և մոտեցումների և Հայաստանի հետ հարաբերությունների տեսլականի մասին:
«Ընտրեցի Հայաստանը, քանի որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ կատարվում է նաև Եվրոպայում: Կան վտանգներ, որոնք ընդհանուր են երկու երկրների համար: Մենք մեր բարեկամների կողքին լինել կարիք ունենք, իսկ Հայաստանը մեր բարեկամն է, և հենց սա է պատճառը, որ ընտրեցի Հայաստանը: Բացի այդ, մի շարք խաղաքարտեր կան Հայաստանի հետ կապված՝ հայ-ֆրանսիական բարեկամության էլ ավելի ամրապնդումը ինչպես նաև քրիստոնյաների հարցը, գիտեք՝ ես լծված եմ Եվրոպայում քրիստոնյաների և ազգային փոքրամասնությունների պաշտպանության գործին, կարող եմ ասել, որ դա կրկնակի խորհրդանիշ է ինձ համար, որ Հայաստան եմ եկել: Եվ ի վերջո ֆրանկոֆոնիան. այն ինձ շատ հարազատ է: Եթե նախագահ դարձա՝ էլ ավելի հետևողական կլինեմ, որ այն էլ ավելի զարգանա Հայաստանում, գիտեք՝ եթե մարդիկ երազում են միևնույն լեզվով, շատ ուժեղ մի կապ է ստեղծվում, նոր հարաբերություններ են ձևավորվում, ինչը պետք է ավելի մասշտաբային լինի», -նշեց Պեկրեսը:
Հարցին, թե հայերը լավ գիտեն, որ ֆրանսիացի քաղաքական գործիչները սիրում են հայերին, պաշտպանում են Հայկական հարցը և ոչ ոք կասկածի դնում այդ բարեկամությունը, բայց այն հիմա պահն է, երբ հայերը ավելին են ցանկանում, քան համակրանքն է, նախագահ ընտրվելու դեպքում արդյոք փոփոխություններ կլինեն, թեկնածուն պատասխանեց․«Ես ոչ միայն սիրո խոստովանություններ եմ անում, այլ գործով եմ ցույց տալիս իմ սերը: Ես Փարիզի շրջանի ղեկավարն եմ, և արդեն տարիներ շարունակ մենք գործակցում են Երևանի հետ, Տավուշի մարզի հետ: Ֆրանսիական համալսարանի առաջին մեծ նվիրատուն ենք, որ նոր մասնաշենք ունենա և զարգանա: Երևանի քաղաքաշինության բազմաթիվ ծրագրերում են ներգրավված, որ ավելի գեղեցկացնենք մայրաքաղաքը: Պատերազմի ընթացքում մենք օգնություն ցուցաբերեցինք զինվորներին, փախստականներին: Եթե լինեմ նախագահ՝ ամեն բան անելու եմ, որ խաղաղություն հաստատվի Հայաստանում, քանի որ այս երկրի առաջնայինը իր տարածքում խաղաղության և անվտանգության հաստատման հարցն է, ռազմագերիներին հայրենիք վերադարձնելն է: Տարածաշրջանում վիճակի կայունացումը իմ առաջնահերությունների ցանկում է»,- ընդգծեց Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:
Վալերի Պեկրեսը տեղեկացրեց նաև, որ Ֆրանսիայի հաջորդ նախագահը ստանձնելու է նաև Եվրամիության նախագահի պաշտոնը, ինչն իրեն էլ ավելի մեծ հնարավորություն կտա Հարավային Կովկասի անցուդարձի խնդիրները պահել ուշադրության կիզակետում:
«Ուզում եմ համոզել եվրոպացիներին, որ այս տարածաշրջանի կայունությունը մեծ խաղաքարտ է Եվրոպայի համար: Մեր ճակատագրերը փոխկապակցված են՝ Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան: Այն,ինչ կատարվում է ձեզ մոտ, իր արձագանքն է ունենում նաև մեզ մոտ: Դրա համար ցանկանում եմ, որ Եվրամիությունը միավորի իր ուժերը այս գործում»,- ասաց Վալերի Պեկրեսը:
Պեկրեսը տեղեկացրեց, որ նախագահ դառնալու դեպքում Փարիզում Հայաստանի ապագային նվիրված մեծ համաժողով պիտի անցկացնի:
Tert.am-ը հարցրեց, թե 44-օրյա պատերազմի օրերին Ֆրանսիան չեզոքություն ցուցաբերեց՝ նա միևնույն ժամանակ մարդասիրական օգնության ինքնաթիռ ուղարկեց թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան: Արդյո՞ք Վալերի Պեկրեսի նախագահության ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիայի չեզոք մոտեցումը կփոխվի:
«Ամեն դեպքում կան բաներ, որոնց մասին մենք առաջինը բարձրաձայնեցինք: Մենք տեղայնացրեցինք և ֆիքսեցինք փաստը, որ Ադրբեջանի հետ է Թուրքիան, որ կռվում ներգրավված են սիրիացի ջիհադիստներ: Մենք առաջինն էինք, որ դրա մասին խոսեցինք: Հիմա հարցն այլ է, պետք է նպաստել խաղաղության հաստատմանը: Մեր պարտքն է կողմերին խաղաղության բերելը»,- եզրափակեց տիկին Պեկրեսը:
Մանրամասները՝ տեսանյութում: