Արցախի գազամատակարարումը նորից արգելափակվել է
Ստեփանակերտում ու շրջաններում գազ չկա։ Շրջափակված Արցախում վերջին երկու ամսվա ընթացքում պարբերաբար են դարձել գազի անջատումները, հոսանքն էլ 2 ժամը մեկ անջատվում է։ Շուրջ մեկ ամիս է Հայաստանից Արցախ նաև հոսանքի չի մատակարվում։ Մարդկանց համար արդեն անակնկալ չեն պարբերական դարձած գազի անջատումները։
Արցախի խանութներում վերջին օրերին աշխուժություն է՝ ցուցափեղկերի համեստ տեսականին ավելացել է շաբաթներով չճարվող մթերքներով՝ միրգ-բանջարեղեն, քացրավենիք, երշիկեղեն, բայց սահմանափակ քանակով։
«Աշխուժություն հիմա կա, կտրոնով ապրանքները վերցրել ենք, բայց հիմա խանութներում միրգ-բանջարեղեն ստանում են, երշիկը կա», - ասում է Ստեփանակերտի բնակիչ Զինա Նաջարյանը։
Նրա փոխանցմամվ՝ հերթերն էլ համեմատաբար նվազել են, բայց կրկին ամեն ինչ չէ, որ կա խանութներում։ Մարդիկ լսել են, որ ռուս խաղաղապահների միջոցով են տևական ժամանակ անհասանելի դարձած մթերքներն Արցախ հասնում։ Սպասում են կարտոֆիլին ու կաղամբին. - «Ճակնդեղը կար, գազար կար։ Կարտոֆիլը էս քանի օրը երևի կտան»։
Որոշ քաղաքացիներ նաև թանկացումներից են բողոքում։ 65-ամյա Զինա Նաջարյանը սակայն ասում է՝ դրանք համատարած չեն. - «Մեզ մոտի խանութներում տենց բան չկա։ Ում մոտ էլ նկատում են, նրանց տուգանում են»։
Արցախում տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն արձանագրել է մի քանի խանութում անհայտ ծագման որոշ ապրանքների ու դրսում վաճառվող գյուղմթերքի գնի բարձացում։
«Ազատությանը» ոլորտը կարգավորող մարմնից հայտնում են՝ հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները։
«Հանձնաժողովը իր լիազորությունների սահմաններում բացատրական աշխատանքներ է տանում տնտեսավարող սուբյեկտների հետ՝ բացառելու անբարեխիղճ վարքագծի դրսևորումը», - փոխանցում են հանձաժողովից՝ հավելելով, որ առևտրի օբյեկտներին զգուշացրել են, որ զերծ մնան ապրանքները մինչև շրջափակումը գործած գների համեմատ ընդգծված բարձր գներով և առանց հիմնավոր փաստաթղթերի ձեռքբերումից և իրացումից։ Հակառակ դեպքում, զգուշացնում են, որ տնտեսվարողները կպատժվեն և կզրկվեն նաև ապրանքների հետագա մատակարարումներից: