Վառված զորանոցի համար ծնողները լվացքի մեքենայի, ջրի հարցն էին լուծել, սակայն Փաշինյանը 2,5 միլիարդ էր խոստացել բանակին․ Նորայր Նորիկյան (տեսանյութ)
Վառված զորանոցի համար ծնողները լվացքի մեքենայի, ջրի հարցն էին լուծել, սակայն Փաշինյանը 2,5 միլիարդ էր խոստացել բանակին:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է փաստաբան, Ազատ գյուղի զորանոցի հրդեհի զոհերի ազգականների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը․
«2018-ին քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ասում էր, որ 2,5 միլիարդ դոլար է ներդնելու զինված ուժերում, այդ գումարը բերելու է նախկին թալանչիներից։ Եթե այդ խոստումը կատարած լիներ, վերազիներ բանակը, ստեղծեր չափանիշներին համապատասխան պայմաններ, միգուցե այս ողբերգությունը չլիներ։
Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, իրենք մի քանի վարկած են առաջ քաշում։ Չեմ բացառում, որ զինծառայողներին դիտավորյալ կյանքից զրկել են հրդեհից առաջ, հրդեհը հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդել։ Չենք բացառում նաև, որ հրդեհը եղել է դիվերսիայի հետևանք և պարտադիր չէ, որ դիվերսիան թշնամու կողմից եղած լինի։ Վարկած կա, որ լարված հարաբերություններ են եղել զինվորների ու սպայի միջև։
Ինչպես տեսանք, շնաձկները մնացին դրսում, պատասխան են տալիս սլաքավարները։ Առաջին հերթին ողբերգության համար պատասխանատուն պաշտպանության նախարարն է, հետո նրա տեղակալներն ու ԳՇ պետը»,- ասել է Նորիկյանը։
Նա նշել է, որ շատ հարցերի պատասխան դեռ պարզ չէ, քանի դեռ չեն ստացվել դատաբժշկական փորձաքննության արդյունքները, այսինքն չի պարզվել զինծառայողների մահվան պատճառը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․