Եթե Երևանի քաղաքապետ ընտրվի ընդդիմության ներկայացուցիչ, նա հետագայում կարող է դառնալ երկրի ղեկավար. Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
Եթե Երևանի քաղաքապետ ընտրվի ընդդիմության ներկայացուցիչ, նա հետագայում կարող է դառնալ երկրի ղեկավար:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը.
«30 տարի, Երևանի քաղաքապետի ընտրություններում միշտ իշխանության թեկնածուն է հաղթել։ Քաղաքապետները ընտրությունների միջոցով նշանակվել են իշխանական թեկնածուներից։
Եթե այս անգամ ընտրվի ոչ իշխանական ներկայացուցիչ, հավանական է, որ պայմանական 2 տարում քաղաքացին կտեսնի աշխատանքի նոր մոդել և հաջորդ ընտրություններում հավանական է, որ քաղաքապետը կարող է դառնալ երկրի ղեկավար։ Չմոռանանք, որ Երևանը յուրատեսակ մայրաքաղաք-պետություն է։ Մենք իշխանության դեմ չենք պայքարելու, քաղաքացին պետք է տեսնի մեր ծրագիրը և որոշի։ Մեր ընտրվելու դեպքում երևանցին տնտեսելու է ամեն օր և ամեն ամիս»,- ասել է Թարվերդյանը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահն անդրադարձել է նաև Երևանի մաշված բնակֆոնդի խնդրին և նշել, որ իրենք ունեն հստակ բնակարանաշինական ծրագիր, կառուցապատողը հենց քաղաքապետարանն է լինելու․
«Եթե մենք ներկայացված լինենք ավագանիում այնպես, որ կամ որոշումներ կայացնենք, կամ ազդենք որոշումների վրա, ապա մեր կարևորագւոյն ծրագիրը կլինի, որ հենց քաղաքապետարանը կնախաձեռնի կառուցապատում։ Ֆինանսավորումը կիրականացնի քաղաքապետարանը, այդ թվում միջազգային ֆինանսական կառույցների միջոցների ներգրավմամբ, հաշվարկը կատարվել է։
Մինչև 40 տարեկան Երևանի բնակիչները հնարավորություն կունենան ամիսը 120-140 հազար դրամ մուծելով ձեռք բերել բնակարան, մինչև 700 դոլար մեկ քմ-ի համար, միչև 60-70 քմ մակերեսով։ Երիտասարդ ընտանիքները չունեն վարկային պատմություն և մեր լոմբարդային- բանկային համակարգից վարկեր չեն կարողանում ստանալ։ Կնախաձեռնենք մաս-մաս վճարումով, 10 տարվա ընթացքում։
Երևանցիները հնարավորություն կունենան հերթագրվել, մարտի 1-ից իմ ֆեյսբուքյան էջում կարող են իրենց ինֆորմացիան ուղարկել։ Եթե հաղթենք ավագանու ընտրություններում կամ մեծ ներկայացվածություն ունենանք, մյուս տարի հունվարի 1-ից կսկսվի առաջին շենքի կառուցումը»,-նշել է Թարվերդյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․