Ավարտվել է Սյունիքում իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի առաջին ուսումնական տարին․ գործնական վերջին դասընթացին ներկա էր Աննա Հակոբյանը (լուսանկարներ, տեսանյութ)
Սյունիքի մարզում իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի առաջին ուս․ տարին ավարտվեց գործնական դասընթացով: ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսության կենտրոնում այս անգամ Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ դպրոցների աշակերտներն էին։
Գործնական վերջին դասընթացին հետևում էր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Մինչև գործնական պարապմունքի մեկնարկը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը շրջայց կազմակերպեց հյուրերի համար։ Գագիկ Խաչատրյանը Աննա Հակոբյանին ներկայացրեց խելացի գյուղատնտեսության կենտրոնի ինտենսիվ այգին, ջերմոցը, խելացի անասնագոմը, մեքենասարքավորումների ուսումնական և վերապատրաստման կայանը։
Հենց այդ վայրերում էլ Սիսիանի և Գորիսի 9 դպրոցների (Անգեղակոթի, Բռնակոթի, Շաղաթի, Շամբի, Լորի, Շաքիի, Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ դպրոցներ) աշակերտները անցկացրել են իրենց գործնական պարապմունքները։
«Ծրագրի նպատակն է, որ աշակերտները ավագ դպրոցներում ձեռք բերեն ժամանակակից ու նորարար գյուղատնտեսական գիտելիքներ ու հմտություններ։ Դա կօգնի նրանց առաջիկայում մուտք գործել աշխատաշուկա։ Ծրագիրը թույլ է տալիս նաև հայտնաբերել աշակերտների հետաքրքրությունները, ինչն օգնում է նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում»,- ընդծեց «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Բարձր դասարանների աշակերտներին, որոնք կամավոր գրանցվել են «Հորիզոններ» ծրագրում, ամենից շատ հետաքրքրում ու գրավում է հենց գործնական պարապմունքը, որտեղ նրանց ներկայացվում է ժամանակակից գյուղատնտեսության գաղտնիքները՝ ինչպե՞ս է իրականացվում կաթիլային ոռոգումը ինտենսիվ այգում, ինչպե՞ս է կարկտապաշտպան ցանցը փրկում ամբողջ բերքը, ինչպե՞ս է պետք հողում սածիլ դնել կամ ինչպե՞ս մշակել հողը տրակտորով։ Ծրագրի մասնակիցներն անգամ բիզնես գաղափարներ են հասցրել մշակել։
«Գաղափարներս կենսաբանության ոլորտում էին։ Իրականացրել ենք մի նախագիծ, որով կանխում ենք բնության աղտոտումը։ Որպեսզի աշնանը գյուղացիները տերևները չայրեն ու չաղտոտեն օդը ջերմոցային ու ածխաթթու գազերով, մենք մեր նախագծի համաձայն չորածաց տերևներից ստանում ենք էկոլոգիապես մաքուր օճառ և ջրափոշի»,- պատմեց Գորիսի թիվ 4 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլի Արջունցը։
«Հորիզոններ»-ն արդեն դարձել է սիրելի և անփոխարինելի առարկա դպրոցականների համար, իսկ հաջորդ ուսումնական տարում ծրագրին միանալ ցանկացողների թիվն առաջին փուլից հետո էապես աճել է՝ նշեցին կազմակերպիչները։
«Քանի որ ֆորմալ կրթությունը դասարանային է՝ փակ, իսկ բուն կրթական գործընթացը նաև պիտի լինի դասարնից դուրս, առավելությունը հենց դրանում է կայանում, հետևաբար երեխաների մոտ մասնակցության ցանկությունը օրեցօր աճում է։ Քանի որ բացի գործնական դասերից մենք խթանում ու մոտիվացնում ենք երեխաներին նաև այլ միջոցառումներով, այս տարի ևս ունենալու ենք արդեն սիրված ամառային ճամբարը, ինչն էլ ավելի է մոտիվացնում երեխաներին ու խթանում, որ մասնակցեն ծրագրին»,- մանրամասնեց «Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը սկսել է իրականացնել 2022 թվականից։ Այդ ժամանակ, ծրագիրը փորձարարական տարբերակով իրագործվել է գինեգործության և խաղողագործության ոլորտում Արմավիրի և Արագածոտնի մարզերում։
Քանի որ ծրագիրն աշակերտների շրջանում մեծ հետաքրքրություն էր առաջացրել՝ «Իմ քայլը» հիմնադրամը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ, 2023-24 ուս․ տարում «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի երկրորդ փուլը իրականացրեց Սյունիքի մարզում: «Ագրոտեխնոլոգիա» դասընթացը երկու բաղադրիչներով է՝ բուսաբուծության և անասնաբուծության վարում ու գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վերամշակում, նորագույն տեխնոլոգիաների գործարկում:
Սյունիքում «Հորիզոններ»-ը նախատեսված է 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիների համար, ինչը նշանակում է, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու։ 24-25 ուս․ տարում ծրագիրը առաջին անգամ կիրականացվի 12-րդ դասարանցիների համար, ինչպես նաև ծրագրին կկարողանան դիմել այս տարի 10-րդ դասարան փոխադրված աշակերտները։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նախատեսում է առաջիկայում ընդլայնել աշխարհագրությունը և «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը գործարկել նաև այլ մարզերում։