Եթե Կիևը հրաժարվի Պուտինի առաջարկից, խաղաղության հաստատման հաջորդ պայմանները կլինեն ավելի բարդ ու կոշտ. Նարիշկին
Եթե Կիևը հրաժարվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, Ուկրաինայի համար խաղաղության պայմանագրի կնքման հաջորդ պայմանները, կլինեն ավելի բարդ ու կոշտ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղության նոր առաջարկը մերժվի։
Օրերս Պուտինը ներկայացրել էր Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները, որոնք, սակայն, Կիևը մերժել է։
Ըստ Պուտինի՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից՝ վարչական սահմանների շրջանակում:
«Հենց որ սկսվի ուկրաինական զորքերի իրական դուրսբերումը, և Կիևը կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու ծրագրերի մասին, Մոսկվան կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա: Ընդ որում, Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական ստորաբաժանումների և կազմավորումների անարգել և անվտանգ դուրսբերումն այդ տարածքներից: Ռուսաստանն այսօր հանդես է գալիս ևս մեկ իրական խաղաղության առաջարկով, բայց եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն, արյունահեղության համար պատասխանատվությունը նրանցը կլինի», - ասել էր ՌԴ նախագահը:
Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել էր, որ խոսքը ոչ թե հակամարտության սառեցման, այլ դրա վերջնական ավարտի մասին է:
«Կոչ ենք անում շրջել պատմության ողբերգական էջը և աստիճանաբար վերականգնել հարաբերությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ: Խաղաղ կարգավորման հիմնական համաձայնագրերը պետք է ամրագրվեն միջազգային պայմանագրերում: Բնականաբար, ակնկալվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում: Միջազգային պայմանագրերում պետք է ամրագրվի Ղրիմի և Սևաստոպոլի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների կարգավիճակը որպես ՌԴ շրջաններ։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ Ուկրաինայի համար չեզոք, արտաբլոկային և ապամիջուկային կարգավիճակ, նրա ապառազմականացումն ու ապազգայնացումը», - եզրափակել էր Պուտինը: