Ադրբեջանի հետ ճանապարհների բացման հարցը կախված կլինի դե ֆակտո համաշխարհային պատերազմի արդյունքից. Հակոբ Բադալյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, Ռուսաստանի ու Հայաստանի՝ «սաբոտաժի» փոխադարձ մեղադրանքների արանքում որտե՞ղ է ճշմարտությունը։
– Ճշմարտությունը երևի ամենուր է, բայց, բնականաբար, յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, բացի դրանից՝ այսօր տարածաշրջանում մի իրավիճակ է, հատկապես նաև այդ ճանապարհների առնչությամբ, որտեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը, և այն արտահայտվում է պարզապես սեփական շահերով։
Այստեղ ես նկատի ունեմ ոչ միայն Հայաստանին ու Ռուսաստանին, այլ նաև ճանապարհների հարցով շահագրգիռ տարածաշրջանային և արտատարածաշրջանային այլ խաղացողների, որոնց թիվը բավական մեծ է։
Եթե կոնկրետ դիտարկենք Հայաստան-Ռուսաստան այս փոխադարձ մեղադրանքները, ապա ես կարծում եմ, որ այդ մեխանիզմն արդեն տևական ժամանակ երկու կողմին էլ հնարավորություն է տալիս մանևրել իրենց ճշմարտությունների շրջանակում:
Իհարկե շատերը սա կարող են դիտարկել որպես պայմանավորված քաղաքականություն Հայաստանի ու Ռուսաստանի միջև, ու այդպիսի գնահատականներ հնչում են տարբեր հարթակներում: Ես որևէ փաստ չեմ կարող մատնանշել, որը թույլ կտա ասել, որ կա նման խաղի նման պայմանավորվածություն, բայց ես տեսնում եմ այդ տրամաբանությամբ խաղալու փոխադարձ որոշակի տակտիկական շահագրգռվածություն, ու ես կարծում եմ, որ թե՛ Երևանը, թե՛ Մոսկվան օգտագործում են այդ համադրությունը իրենց նպատակների համար։
Մենք Լավրովի հայտարարության և ապա Երևանի պատասխանի առումով տեսանք այդ տրամաբանության հերթական դրսևորումը։ Երևանը մեղադրանքները կամ պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի, նաև անուղղակիորեն՝ Ադրբեջանի վրա, ճանապարհների հարցում Արևմուտքին ցույց է տալիս, որ ապակառուցողականությունը Ադրբեջանում է ու ոչ թե Հայաստանում, հետևաբար պետք է Ադրբեջանի հետ լուծել խնդիրները կամ նրա վրա ճնշում բանեցնել:
Երևանը Արևմուտքին ցույց է տալիս Ադրբեջանի կողմը՝ Ռուսաստանի միջոցով, իսկ Ռուսաստանը, մեղադրանքները հղելով Հայաստանին, փաստացի Ադրբեջանին ցույց է տալիս նաև հենց Բաքվի պատասխանատվությունը, որովհետև հասկանում ենք, որ ինչպես է Երևանը խուսանավել, եթե դիտարկենք Լավրովի հայտարարության տրամաբանության մեջ, այդ եռակողմ հայտարարություններից՝ արևմտյան հարթակների միջոցով, իսկ այդ հարթակներում Երևանի հետ եղել է նաև Ադրբեջանը։
Ադրբեջանը, տեսնելով, որ հիմա կարևորություն ունի Ռուսաստանի համար, փորձում է իր գինը բարձրացնել, ու նրա միջոցներից մեկն այդ ճանապարհների հարցն է, ու այստեղ փորձում է այդ հարցը դնել Ռուսաստանի առաջ: Վերջինս էլ սլաքներն ուղղելով Հայաստանին, մեծ հաշվով նաև անուղղակի ցույց է տալիս հենց Ադրբեջանին, որ Բաքուն է Երևանի հետ արևմտյան հարթակներում փոխել այդ եռակողմ օրակարգը։
Ինչո՞ւ Ռուսաստանը դա ուղիղ իմաստով չի ասում Բաքվին, որովհետև մի շարք կարևոր հարցերում ունի Ադրբեջանից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն։ Ռուսաստանը նույնիսկ Թուրքիայի հետ կարող է ավելի սուր խոսել, քան Ադրբեջանի։
– Իսկ այդ ի՞նչ կարևոր հարցեր են, որոնց համար Ռուսաստանը Ադրբեջանի համաձայնության կարիքն ունի։
– Ռուսները փորձում են Ադրբեջանից համաձայնություն ստանալ այն առումով, որ Ադրբեջանը չի օգտվի ուկրաինական ճակատում Ռուսաստանի որևէ խնդրից ու Կովկասում չի փորձի նոր խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։ Երկրորդը՝ Հյուսիս-հարավ ճանապարհն է, այսինքն՝ այդ մեծ երթուղային նախագծի առնչությամբ Ադրբեջանից ստանալ հավաստիացում, որ դրա իրագործման հարցում չեն լինի խոչընդոտներ, ու միևնույն ժամանակ փորձում են Ադրբեջանին կտրել այդ միջին միջանցքի տրամաբանությունից:
Ընդ որում՝ այստեղ կա ոչ միայն արևմտյան տրամաբանության խնդիրը, ես կարծում եմ, որ Ռուսաստանն այդուհանդերձ նաև խանդով է վերաբերվում Չինաստանի հավակնություններին, քանի որ Չինաստանը ևս շահագրգռված է այդ միջին միջանցքի ձևավորմամբ՝ պարզապես իր վերահսկողության ներքո: Սրան ևս Ռուսաստանը խանդով է վերաբերվում, որքան էլ Չինաստանի հետ բավական սերտ գործակցում է աշխարհաքաղաքական մի շարք կարևոր հարցերում։
Հաջորդը, ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար առանցքային խնդիր է առավելագույնն անել Ադրբեջանի՝ Թուրքիայից անկախության աստիճանը բարձրացնելու համար: Տեսնելով դրա հավակնությունը Ալիևի մոտ, իսկ նա ունի այդ հավակնությունը, ու մենք տեսնում ենք այդ առնչությամբ նաև Էրդողանի դժգոհությունները, Ռուսաստանը փորձում է նաև սրա վրա խաղալ ու այդ իսկ պատճառով, բնականաբար, ձգտելու է խուսափել Ադրբեջանի հետ սուր անկյուններից, որովհետև դա լինելու է Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու առիթ կամ պատճառ։
Այս բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ կա նաև Վրաստանի հարցը, որտեղ Ռուսաստանը, կարծում եմ, կփորձի Ադրբեջանին պահել իր շահերի ներգրավվածության դաշտում, որովհետև նրա համար, բնականաբար, ցանկալի է, որ Վրաստանի ներկայիս քաղաքականությունը շարունակվի և այն չբեկվի դեպի Արևմուտք, միևնույն ժամանակ, նաև Վրաստանում տեղի չունենա իշխանափոխություն:
Ըստ այդմ՝ ես կարծում եմ, որ առաջիկա խորհրդարանի ընտրությանն ընդառաջ Ռուսաստանը կփորձի այդ հարցում օգտագործել Ադրբեջանի ռեսուրսներն ու ներուժը, իսկ այն, որ Ադրբեջանը ներքին ազդեցության իմաստով որոշակի ռեսուրս, ներուժ ունի Վրաստանում, կասկածից վեր է, ու հիմա ռուսները կփորձեն նաև այդ հարցում Բաքվին ներգրավել իրենց հետաքրքրությունների դաշտ: Ասել կուզի՝ շրջանակն իսկապես շատ մեծ է, ու այս ամեն ինչն էլ, բնականաբար, կոպիտ ասած իր մուլտիպլիկատիվ էֆեկտի հնարավորությունն ունի Մերձավոր Արևելքի ուղղությամբ, ինչը, բնականաբար, Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է։
– Պարո՛ն Բադալյան, ձեր գնահատմամբ՝ ի վերջո, այդ Սյունիքով անցնող ճանապարհը, որը տարբեր շահագրգիռ կողմեր տարբեր ձևով են անվանում, ի՞նչ հանգրվանի է հասնելու, որովհետև դա, ուզենք թե ոչ, ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։
– Ես կարծում եմ, որ ամեն ինչ կախված է լինելու աշխարհաքաղաքական պայքարից, արդեն լայն իմաստով, այսինքն՝ ինչպես կպայմանավորվեն կամ ինչ հարաբերակցությամբ իրենց պայքարը կավարտեն ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան հիմնական երեք դերակատարները, իհարկե, կան այլ շահառու դերակատարներ թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում, թե՛ Հարավում։
Այս իմաստով՝ կապված է լինելու գլոբալ մակարդակում գործընթացներից, այստեղ նույնիսկ չենք կարող բացառել տարբերակ, որ Հայաստանի տարածքով՝ Ադրբեջան-Նախիջևան կապը կարող է շատ երկար չաշխատել, ու այս իմաստով Հայաստանի առանցքային խնդիրն այսօր Հյուսիս-հարավի վրա կենտրոնանալն է, որպեսզի դա աշխատի, իսկ դրա աշխատելու համար կան բավականաչափ շահառուներ:
Հայաստանը պետք է իր ջանքը կենտրոնացնի հենց այս նախագծի վրա, քանի որ Ադրբեջանի հետ ճանապարհների բացման հարցն իսկապես շատ բարդ է ու կախված է լինելու աշխարհաքաղաքական դե ֆակտո համաշխարհային պատերազմի արդյունքից, որովհետև բազմաթիվ շահեր են բախվում դրա վրա։ Հասկանալի է, որ որևէ սցենարով զարգացում կարող է լինել, եթե շահերի մի ընդհանրություն գերակայի մյուսի նկատմամբ։ Այդ իմաստով չի կարող լինել առանձին վերցրած կովկասյան լուծում։
– Նոյեմբերի 9-ի այդ եռակողմ հայտարարության համաձայն՝ այդ ճանապարհը պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից, ճի՞շտ է։ Բացառու՞մ եք, որ հենց այս տարբերակով կյանքի կկոչվի այդ նախագիծը։
– Այստեղ կա մի հանգամանք, որը պետք է միշտ ընդգծենք․ խոսքը ոչ թե ճանապարհի վերահսկողության մասին է, այլ այդ ճանապարհով փոխադրումների: Սա էական տարբերություն է, որովհետև նույն այդ հայտարարությամբ կա Լաչինի միջանցքի վերաբերյալ կետը, ու այդ կետում շատ հստակ գրված է, որ միջանցքը վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ նույն հայտարարության 9-րդ կետով չկա, որ ճանապարհն են վերահսկելու ռուսները, գրված է, որ ճանապարհով փոխադրումներն են վերահսկում ռուսները, սրանք տարբեր բաներ են։
Այս տարբերությունը մենք անընդհատ պետք է ընդգծենք, որպեսզի չշեղվենք բուն իրողություններից։ Չեմ բացառում, բայց այդ հարցի լուծումը, կրկնեմ, լինելու է գլոբալ գործընթացների արդյունքում, այսինքն՝ ոչ թե Ռուսաստանի գլխավորությամբ՝ Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնություն, այլ՝ Ռուսաստանի համաձայնություն ուժային մյուս կենտրոնների հետ, որոնց շահերն ինչ-որ հարցերում նույնիսկ համընկնում են, ինչ-որ հարցերում էլ տարբեր են։
Նույն Ռուսաստանի պարագայում, իմ կարծիքով, այդ ճանապարհի աշխատանքը կենսական անհրաժեշտություն չունի, Ռուսաստանի մոտեցումը, կարծում եմ, հետևյալն է. եթե այդ ճանապարհն աշխատում է, ապա է դրանով երթևեկը պետք է վերահսկեմ ես, որովհետև եթե ես դա չանեմ, դա կարող են անել իմ ռազմավարական հակառակորդները՝ Թուրքիան, Բրիտանիան կամ հավաքական Արևմուտքը։ Հենց սրա համար է, որ ռուսները չեն դրել ճանապարհի վերահսկողության խնդիր, այլ՝ փոխադրումների։
Իրանն էլ, կարծում եմ, որևէ շահագրգռություն չունի, որ այդտեղ ընդհանրապես որևէ ճանապարհ աշխատի՝ նույնիսկ Հայաստանի լիարժեք ինքնիշխանության ներքո, որովհետև երբ այն չաշխատի, ապա Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու առանցքային կամ գրեթե միակ ուղին մնում է Իրանի տարածքը, հետևաբար սա Իրանի ձեռքին լծակ է թե՛ Ադրբեջանի, թե՛ նույնիսկ Թուրքիայի դեմ։
Իհարկե, կա Վրաստան տարածքով կապվելու տարբերակը, բայց հասկանում ենք, որ աշխարհագրորեն դա չափազանց երկար ու լոգիստիկ բարդություններով տարբերակ է։ Ֆրանսիան ունի իր մոտեցումները՝ ի տարբերություն, օրինակ՝ արևմտյան մյուս խաղացողների կամ, տվյալ դեպքում՝ Բրիտանիայի։ Եթե Բրիտանիայի դեպքում Թուրքիա-Ադրբեջան տանդեմը գործընկերային է, Ֆրանսիայի համար լրիվ հակառակն է։
– Պարո՛ն Բադալյան, կարծիքներ են հնչում, որ այս ամենից, կոպիտ ասած, գլուխներս ազատելու միակ միջոցը նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունից հրաժարվելն է։ Դուք և՞ս այդ կարծիքին եք։
– Խնդիրները այդ ամենով չեն ավարտվի, որովհետև շահերն այդ հայտարարությամբ չեն ձևավորվել, դա ընդամենը պատերազմի հետևանքների հանրագումարն էր։ Եթե չլինի այդ հայտարարությունը, դա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանի, Իրանի նպատակները փոխվելու են, իհարկե՝ ո՛չ։
Այդ հայտարարությունն այսօր Հայաստանի համար խնդիր չէ, որովհետև եթե որևէ մեկը Հայաստանին ցույց տա 9-րդ կետը, ապա Հայաստանը շատ հանգիստ կարող է ցույց տալ մնացյալ կետերը, այսինքն՝ մտածել, որ Հայաստանի համար դա բեռ է, պարտավորություն է, կարծում եմ, այնքան էլ այդպես չէ։ Հակառակը՝ մենք նույնիսկ կարող ենք մտածել այդ հայտարարության առնչությամբ, որ, մեծ հաշվով, 44-օրյա պատերազմից հետո, որքան էլ ծանր պարտության հետևանք է, միևնույն է, այդ փաստաթղթում են առավելագույնս արտացոլված Հայաստանի անվտանգության համար կարևոր որոշակի բաղադրիչներ։
Այլ հարց է, որ դրանք խախտվել են, այսօր չկան, բայց այդ փաստաթուղթը պատերազմից հետո առ այսօր միակն է, որում առավելագույնս շահեկան բաներ կան Հայաստանի համար այսօրվա իրողությունների համատեքստում, ոչ թե ընդհանրապես։
Այս պահին գուցե չունենք այդ հայտարարության կետերն իրագործելու հնարավորություն՝ քաղաքական, դիվանագիտական իմաստով, մենք տանուլ ենք տվել դրա նախորդ ութ կետերը, բայց, կրկնում եմ, դրա չեղարկմամբ մենք որևէ բանից չենք ազատվում։ Կատարեք մնացած կետերը՝ քննարկենք 9-րդը, եթե հարցն այդպես է, ես կարծում եմ, որ Երևանը չի հրաժարվում այս փաստաթղթից, որովհետև մենք այսօր չունենք ավելի լավ երաշխավորված տարբերակներ, իսկ թե ինչպիսի բարդ վիճակում է այսօր աշխարհը, մենք դա տեսնում ենք։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ադրբեջանի հետ ճանապարհների բացման հարցը կախված կլինի դե ֆակտո համաշխարհային պատերազմի արդյունքից. Հակոբ Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.