Հավատարիմ ենք մնում անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործում ընտանիքներին և իշխանություններին աջակցելու հանձնառությանը. ԿԽՄԿ
Այսօր՝ օգոստոսի 30-ին, նշվում է Անհետ կորածների միջազգային օրը։ Անհետ կորած անձանց խնդիրը շարունակում է մնալ զինված ընդհարումների, բռնության այլ իրավիճակների, աղետների կամ միգրացիայի ամենակործանարար ու երկարատև մարդասիրական հետևանքներից մեկը։
Ամեն տարի այս օրը ևս մեկ հնարավորություն է զորակցություն հայտնել անհետ կորածների ընտանիքներին։ Կարևոր է, որ այս ընտանիքներն իմանան, որ նրանք միայնակ չեն, որ նրանց հարազատները չեն մոռացվել, և որ մենք կշարունակենք անել հնարավորը, որպեսզի օգնենք նրանց ստանալ անհրաժեշտ պատասխաններն ու աջակցությունը:
Այսօր նաև առիթ է վերահաստատելու միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների միջազգային իրավունքի (ՄԻՄԻ) մեծ դերը անհայտ կորածների խնդրի լուծման գործում: Անձանց անհետացումը կանխելու, իրարից բաժանված ընտանիքներին վերամիավորելու, անհայտ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը պարզելու, զոհվածների աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն ապահովելու, տուժած ընտանիքների տարբեր կարիքները հասցեագրելու համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ։
Այսօր ՄՄԻ-ի ու ՄԻՄԻ-ի կիրառման կարևորությունը հիշեցնելու օրն է։
Ընտանիքներն իրավունք ու կարիք ունեն իմանալու, թե ինչ է պատահել իրենց սիրելիների հետ: Նրանք վճռորոշ դեր են խաղում իրենց անհետ կորած հարազատների խնդիրը քաղաքական բանավեճերի կենտրոնում պահելու հարցում, և կարևոր է, որ իշխանություններն աջակցեն ՝ արձագանքելով նրանց բազմակողմանի կարիքներին:
«Սպասում. մեկ բառ, բայց շատ ցավոտ։ Սպասում եմ պատերազմի հենց առաջին օրից ու երբեք չեմ դադարի սպասել, որովհետև ես կսկսեմ նորից ապրել, երբ իմ կյանքի ամենաթանկը՝ Տիգրանը, իմ հերո՛ս բալեն վերադառնա տուն»,-ասում է Լիանա Արզումանյանը, որի որդին անհայտ կորել է 2020-ի հակամարտության սրման առնչությամբ։
Հայաստանում մենք համակարգված կերպով համագործակցում ենք համապատասխան պետական կառույցների, մասնավորապես՝ ՀՀ գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ՝ աջակցելու անհայտ կորածների ճակատագիրը պարզելու նրանց ջանքերին: 2022 թվականի նոյեմբերից մենք նախաձեռնել ենք «Անհետ կորած անձանց ընտանիքների սատարում» ծրագիրը, որն իրականացվում է այն ընտանիքների կարիքների նախնական գնահատման հիման վրա, որոնց հարազատներն անհետացել են 2020 թվականի հակամարտության սրման առնչությամբ: Այս ծրագրի միջոցով ընտանիքները ստանում են հոգեսոցիալական աջակցություն, տնտեսական աջակցությունից օգտվելու հնարավորություններ, իրավունքների վերաբերյալ իրազեկում, առկա ծառայություններին հասանելիություն, ինչպես նաև՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների շահերը պաշտպանելու հնարավորություն։ Բացի այդ, մենք տեխնիկական և նյութական աջակցություն ենք տրամադրում պատկան մարմիններին և դատաբժշկական հաստատություններին՝ պատրաստվածությունը բարձրացնելու և հակամարտությունների ու այլ արտակարգ իրավիճակների ժամանակ անհետացումները կանխելու համար:
ԿԽՄԿ-ին համապատասխան ընտանիքների կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ սկսած 1990-ականներից ներկայումս տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետտ կորած է համարվում մոտ 1,000 հայ և մոտ 4,000 ադրբեջանցի։ Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն, որի մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված ընդհարումներից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքն ու արժանապատվությունը, ԿԽՄԿ-ն հավատարիմ է մնում անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործում ընտանիքներին և իշխանություններին աջակցելու իր հանձնառությանը։