«Սա պարտված երկրի համար շատ զարմանալի մարտավարություն է». Սուրեն Սուրենյանցը՝ Փաշինյանի ասուլիսի ուղերձների մասին
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ասելիքը ո՞րն էր, ի՞նչ նպատակով էր այն կազմակերպվել։
– Բնականաբար նա տեղյակ էր, որ ստորագրվելու է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը և փորձելու էր ասուլիսի գլխավոր առանցք դարձնել հենց դա՝ ցույց տալով, որ, այնուամենայնիվ, այդ երկկողմ ձևաչափը տալիս է իր արդյունքները: Չնայած փաստաթուղթն առայժմ չի հրապարակվել, բայց կարող ենք պնդել, որ նրանում ոչ թե ինչ-որ քարտեզի է հղում արվել, այլ՝ Ալմա Աթայի հռչակագրին, իսկ դա, դարձյալ կրկնեմ, մանևրելու մեծ հնարավորություն է տալու Ադրբեջանին, որովհետև այն սոսկ հռչակագիր է՝ առանց քարտեզային նկարագրի, և կասկած չունենաք, որ սահմանազատման ու սահմանագծման ամբողջ գործընթացում դա ուղեկցվելու է Ադրբեջանի կամայական մեկնաբանություններով։
Պատահական չէ, որ այդ կանոնակարգի ստորագրման նույն օրն Ալիևը դարձյալ Հայաստանին ուղղված պահանջներ հնչեցրեց։ Փաշինյանն ասուլիսն ակնհայտորեն հարմարեցրել էր երեկվա իրադարձությանը, բնականաբար, շատ մեծ նորություններ չլսեցինք նրանից, հին, ծեծված թեզերն էին։
Մի բան կար, որ ես կանխատեսել էի, և ինձ համար բացարձակապես նորություն չէր, որ ինքը նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս չի գալու, չնայած իր կողմնակիցներն ու թիմն ամբողջ օրը դա մեռած փաստաթուղթ են համարում, բայց նա այսօր շատ հստակ ասաց, որ դուրս չի գալու այդ փաստաթղթից, բայց պատճառները, թե ինչո՛ւ դա չի անում, բնավ էլ նրանք չեն, որոնք նշում էր։
Իրական պատճառը հետևյալն է․ 2022 թվականից նա փորձում էր արևմտյան հարթակներում ակտիվ բանակցել ու այնտեղ ինչ-որ լուծումներ գտնել, Արևմուտքում այդպես էլ նոր լուծումներ չգտավ, համենայնդեպս, նոյեմբերի 9-ին համարժեք որևէ փաստաթուղթ չստորագրվեց Արևմուտքում: Ահա սրա հետևանքով նա հայտնվեց շատ ծանր իրավիճակում, այսինքն՝ եթե նույնիսկ ընդունենք այն թեզը, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կատարել եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորությունները, ապա նրանք Հայաստանին չեն էլ ազատել այդ եռակողմ հայտարության 9-րդ կետը կատարելու պատասխանատվությունից։ Հետևաբար, քանի որ Արևմուտքում էլ Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ չի ստացել, նա այս պահին չի համարձակվի դուրս գալ եռակողմ հայտարարության ռեժիմից, որովհետև դա կազուս բելլի կարող է համարվել ոչ միայն Բաքվում և Մոսկվայում,այլև բազմաթիվ ուրիշ մայրաքաղաքներում, ես վստահեցնում եմ ձեզ։
Ասուլիսի թերևս ամենաուշագրավ պահն այն էր, որ նա հայտարեց, թե «առաջարկել ենք վերցնել խաղաղության պայմանագրի տեքստի բոլոր համաձայնեցված հոդվածները և ձեւակերպումները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր»։ Այլ խոսքով՝ ասում է, որ խաղաղության պայմանագրի 17 հոդվածից 13-ը համաձայնեցրել են, ու պաշտոնապես Ադրբեջանին առաջարկել է համաձայնեցված հոդվածների շուրջ կնքել պայմանագիր, մնացած հարցերն էլ թողնել հետոյի։
Այստեղ կա շատ պարադոքսալ բան, որի մասին չեմ կարող չասել. որպես կանոն՝ պարտված ու թույլ երկրներն աշխատում են, որ խաղաղության պայմանագիրը լինի ներառական, որպեսզի հակառակորդը հետագայում առիթ չունենա չլուծված հարցերը պատրվակ օգտագործելով նոր պատերազմ սանձազերծել։ Մեզանում հիմա լրիվ հակառակ տրամաբանությունն ենք տեսնում. Նիկոլ Փաշինյանը շատ մեծ սիրով ու եռանդով համաձայնում է բեռնաթափել խաղաղության պայմանագիրը: Կրկնում եմ, որ սա պարտված երկրի համար շատ զարմանալի մարտավարություն է։
– Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդ մարտավարությունը կիրառում։
– Նիկոլ Փաշինյանը երկու պատճառ ունի Ալիևի շահերից բխող մարտավարություն որդեգրելու համար։ Առաջին պատճառը 2026 թվականի խորհրդարանի ընտրություններն են, նրան օդի ու ջրի պես պետք է նույնիսկ ոչինչ չասող խաղաղության պայմանագիրը, որովհետև դա նրա միակ ալիբին է, որով նա կարող է լեգիտիմացնել այդ ընտրություններում իր իշխանությունը վերարտադրելու ցանկությունը։
Երկրորդը՝ նա, այնուամենայնիվ, երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու նպատակից չի հրաժարվել, որպեսզի կարողանա նոյեմբերի 9-ի փաստաթղթից, փաստորեն նաև՝ Ռուսաստանի միջնորդությունից ազատվել, նրան այլ բան չի մնում, քան Ադրբեջանի հետ նույնիսկ բովանդակազուրկ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։
Նիկոլ Փաշինյանը Արևմուտքում ոչ մի երաշխիք չստացավ, մեկ երաշխիք ցույց տվեցին, ասացին՝ եթե ուզում ես խնդիրներ չունենալ, ապա գնա հարաբերություններդ կարգավորիր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ընդ որում՝ հենց նրանց պայմաններով։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այդ ռեժիմի մեջ է, նա փորձում է ռուսական ազդեցությունից ազատվելու համար ինչ-որ փաստաթուղթ ունենալ Ադրբեջանի հետ, որն արդեն թույլ կտա այդ նոյեմբերի 9-ի ստատուս քվոյից դուրս գալ։
Իհարկե, նա սեփական իշխանության պահպանման թեզով այնքան է տարված, որ չի էլ մտածում, թե այս մարտավարության դիմաց ի՛նչ գին կուզեն Բաքվից, նրան դա չի էլ հետաքրքրում, որովհետև քանիցս ապացուցել է, որ հանուն սեփական իշխանության կարող է զոհաբերել Արցախը, խաղասեղանին դնել Հայաստանի լինելության ճակատագիրը և այլն։
– Պարո՛ն Սուրենյանց, իսկ ռուսական կողմը թույլ կտա՞, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկկողմ ձևաչափով ստորագրեն, ձեր ասած՝ բովանդակազուրկ փաստաթուղթը։
– Դա արդեն Նիկոլ Փաշինյանից ընդհանրապես կախված չէ, ընդհանրապես Հայաստանից ոչինչ կախված չէ, դրա համար այս ասուլիսը կարող էինք նույնիսկ շատ լուրջ էլ չնայել։ Ադրբեջանը, որի սուբյեկտությունն անգամներով աճել է, ակտիվ մանևրում է Ռուսաստանի ու Թուրքիայի, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև՝ իր ռազմավարական նշանակությունն ուժեղացնելով, միևնույն ժամանակ Հայաստանին ինչ-որ բաներ է պարտադրում։
Հիմա նայած, թե որ դասավորությունը որքանով ձեռնտու կլինի Ադրբեջանին, եթե նա զգա, որ Ռուսաստանի կամ որևէ այլ խաղացողի շնորհիվ ավելի շատ բան կարող է կորզել Հայաստանից, չի գնա երկկողմ բանակցությունների ու պայմանագրի ստորագրման, եթե հաշվարկի, որ պայմանագրի ստորագրումն է ավելի ձեռնտու, կգնա դրան։ Դա կախված է Ադրբեջանի դիրքորոշումից, եթե խոսում ենք այս պահի մասին, Ալիևը բացարձակապես հակված չէ խաղաղության պայմանագրի ստորագրման, ու ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես։ Ալիևի այդ կտրուկ պահանջները Հայաստանից ընդամենը պատրվակներ են, ու նա ակնհայտորեն պատրաստ չէ որևէ զիջման։
– Ճի՞շտ հասկացա, որ այս պահին որոշողն Ադրբեջանն է, ու Ռուսաստանն այդտեղ դերակատարում չունի։
– Աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններն էլ ինչ-որ բան որոշելու հնարավորություն ունեն, բայց եկեք չմոռանանք, որ Ադրբեջանի սուբյեկտությունը բավականին մեծ է, ու նա մանևրելու մեծ հնարավորություն ունի, ինչը շատ կարևոր է դարձնում Ադրբեջանի դիրքորոշումը։
– Ներքին լսարանին հաղորդվող մեսիջը ո՞րն էր ասուլիսից։
– Ես խաղաղություն բերողն եմ ու դրա համար ոչ միայն հիմա իշխանության եմ, այլև ակնկալելու եմ ձեր մանդատը նաև 2026 թվականին: Իհարկե մենք տեսել ենք, թե նրա խաղաղության օրակարգն ինչ արյունոտ հետևանք ունի, բայց քանի որ տիտղոսակիր ընդդիմությունը համարժեք արձագանքներ չի տալիս, Նիկոլ Փաշինյանի այս բլեֆը ներքին լսարանի համար դեռ աշխատում է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post «Սա պարտված երկրի համար շատ զարմանալի մարտավարություն է». Սուրեն Սուրենյանցը՝ Փաշինյանի ասուլիսի ուղերձների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.