Կիևյան փողոցում փոխհրաձգության մասնակիցներից մեկը հայտնաբերվել է և կալանավորվել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2024 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:
Դեպքի մասին Քննչական կոմիտեն ավելի վաղ հանդես էր եկել հաղորդագրությամբ:
Հաղորդման առթիվ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու պահելու, փոխադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել և շարունակում են կատարվել քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն էր տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Արդյունքում, պարզվել է առերևույթ կրակոցներ արձակած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի բակային տարածքում, Երևան քաղաքի բնակիչներ Ե․Գ․-ն և Ռ․Ու․-ն, իրենց անձի կարծեցյալ առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, խախտելով մարդկային համակեցության կանոնները, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցնելով, ապօրինի կերպով ձեռք բերված, իրենց մոտ պահվող հրազենով միմյանց ուղղությամբ անկանոն կրակոցներ են արձակել՝ անհանգստության և տագնապի զգացողություն առաջացնելով տվյալ տարածքի բնակիչների և պատահական անցորդների մոտ։
Իրականացված ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ հիշյալ դեպքից օրեր առաջ ևս կողմերի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նույնպես հնչել են կրակոցներ:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ շենքի շքամուտքի դիմաց, հայտնաբերվել և առգրավվել էին կրակված պարկուճներ, գնդակ, նույն վայրում կայանված, տևական ժամանակ չշահագործվող «Subaru» մակնիշի ավտոմեքենայի անվաթևի վրա՝ կրակոցի արդյունքում առաջացած վնասվածք (անցք): Նշանակվել էր դատաձգաբանական փորձաքննություն:
Իրականացված միջոցառումներով պարզվել էր, որ դեպքի օրը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոններ քաղաքացիներ ընդունվելու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել:
Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում էր կայացվել վերոնշյալ 2 անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում օրերս հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: