Ցանկացած մարդու ակնկալիքն ու պայքարն արդարության համար է, բայց ինչ որոշում էլ ընդունվի, աշխարհը դրանից շուռ չի գա. Հրայր Թովմասյան
Ցանկացած մարդու ակնկալիքն ու պայքարն արդարության համար է, կլինի իմ գործով, թե՝ ուրիշի: Այս մասին հերթական դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի իր գործի վճռի մասով:
«Իմ կյանքի վերջին 10-15 տարին եղել է հրապարակային և դա եղել է աշխատանք արդարության հաստատման համար, բնականաբար, իմ գործով էլ ես չեմ կարող ակնկալել կամ մտածել այլ բան:
Անկախ դատավորի ցուցաբերած վարքագծից ու ընդունած որոշումներից, մինչև վերջին պահն էլ ակնկալում եմ արդար վճիռ, ես հիմա հակառակ պնդում չեմ անելու»,-հայտարարեց Թովմասյանը:
Նա ընդգծեց՝ անկախ նրանից, թե այս ամեն ինչը ինչ հիմքով է սկսվել, ինքն ու իր պաշտպանական թիմը շարունակում են դասական առումով իրականացնել իր պաշտպանությունը:
«Ինչ կընդունի, ինչ կլինի, դրանից աշխարհը շուռ չի գա, աշխարհը սրանով չի ավարտվի: Միշտ էլ ցանկացած ամեն բան ունի երկրորդ խաղակեսը, և երկրորդ խաղակեսում շատ բան կարող է փոխվել:
Այս արագ փոփոխվող աշխարհում էլ թող ոչ ոք չմտածի՝ կարող է ինչ-որ բան անել ու այդպես մինչև կյանքի վերջ ոչ ոք չիմանա ու ոչինչ չլինի»,-շեշտեց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: