Մի՛ դիմեք հեքիմներին, 6 ամիս առաջ ունեցանք երեխայի մահվան դեպք ժողովրդական մեթոդներին դիմելու պատճառով․ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն
Այրվածքների դեպքում առաջին հերթին հարկավոր է հովացնել վնասված հատվածը, ազատել այն հագուստից ու սեղմող իրերից և դիմել բժշկի։ Այս մասին այսօր կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերի և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերի թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:
Հարցին՝ թեթև այրվածքների դեպքում մինչ բժշկին դիմելն առաջին բուժօգնության ինչ կանոններ կան, որոնց մարդիկ կարող են հետևել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ առաջին հերթին հարկավոր է փորձել հնարավորինս հեռու մնալ բարձր ջերմաստիճանի աղբյուրից կամ այն գործոնից, որն առաջացրել է այրվածք։
«Երկրորդը ծորակի՝ ոչ սառնարանային ջերմաստիճանի ջրով մաշկի այրված հատվածը լվանալն է։ Երբեք չի կարելի օգտագործել շատ ցածր ջերմաստիճանի ջուր, քանի որ դրանով կխորացվեն սնուցման խնդիրները։ Ոչ մի դեպքում չի կարելի քսել տարբեր քսանյութեր, ձեթ, կենդանական ճարպեր, ձու, ատամի մածուկ, մածուն, թթվասեր և այլն։ Կարող են քաղաքացիներն ասել՝ մենք օգտագործել ենք, օգնել են։ Բնականաբար, շատ թեթև դեպքերում ոչինչ չանելով կարող ես ունենալ դրական արդյունք, բայց լինում են դեպքեր՝ միջին ծանրության կամ երկրորդ աստիճանի այրվածքներ, որոնք մշակվում են մածունով, և խորացված, ծանր վիճակում դիմում են մեր կենտրոն»,- հավելեց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ այրվածքների դեպքում հարկավոր է նաև հնարավորինս արագ ազատվել հագուստից ու սեղմող իրերից, այդ թվում՝ ժամացույցից ու զարդերից, որոնք այտուցի պարագայում կարող են էլ ավելի խորը խնդիրներ առաջացնել, ինչպես նաև առավելագույնս արագ դիմել շտապօգնության ծառայություն, տեղափոխվել հիվանդանոց ու զերծ մնալ ժողովրդական միջոցներով բուժումներից։
«Ցավոք սրտի, բավականին ակտիվ գործում են տարատեսակ «մասնագետներ», որոնք բուժում են այրվածքներն ու մեծ արդյունքներ են խոստանում, բայց ընդամենը շուրջ վեց ամիս առաջ մենք ականատես եղանք դեպքի, երբ բավական փոքր մակերեսով այրվածքի պարագայում ունեցանք երեխայի մահվան ելքով դեպք նմանատիպ ժողովրդական մեթոդներին դիմելու պատճառով», - նշեց նա՝ վստահեցնելով անգամ այրվածքներից բացարձակ անտեղյակ բժիշկը շատ ավելի ճիշտ բուժօգնություն կցուցաբերի, քան հեքիմներն ու ժողովրդական մեթոդներով բուժող անձինք։
Նա հավելեց նաև, որ այրվածքները միայն այն չեն, ինչ մարդիկ տեսնում են արտաքինից, քանի որ նման բուժառուների մեծ մասի դեպքում լինում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սրտանոթային համակարգի, երիկամների և այլ օրգանների հետ կապված։ Սա է պատճառը, որ այրվածքների դեպքում ինքնաբուժությունը կամ ժողովրդական միջոցներին դիմելը հարկավոր է բացառել։