Մասկը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. New York Times
Ամերիկացի ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ղեկավարելու է նորաստեղծ կառավարության արդյունավետության դեպարտամենտը, երկուշաբթի հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանիի հետ:
Մեկ ժամից ավելի տևած հանդիպմանը քննարկվել է՝ ինչպես կարելի է թուլացնել լարվածությունն Իրանի և Միացյալ Նահանգների միջև: Այս մասին ասել են իրանցի երկու պաշտոնյաներ, որոնք զրուցել են New York Times-ի հետ: Իրանցի պաշտոնյաներից մեկն ասել է, որ Tesla-ի գործադիրն է խնդրել հանդիպում, և որ հանդիպման վայրն ընտրել է դեսպանը:
«Նա այժմ շփվում է իրանցիների հետ», - Մասկի վերաբերյալ ասել է Միջազգային քաղաքականության կենտրոնի ավագ աշխատակից Սինա Թոսսին:
Իրանի հետ Թրամփի հարաբերությունները, մեղմ ասած, հարթ չեն. իր նախագահության ընթացքում նա որոշել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր 2015 թվականին Բարաք Օբամայի օրոք, և վերականգնել է Իրանի դեմ խիստ տնտեսական պատժամիջոցները:
Նաև իր նախագահության ժամանակ Թրամփը 2020 թվականի հունվարին կարգադրել է սպանել Ղասեմ Սոլեյմանիին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար «Ղոդս» ջոկատի հրամանատարին:
Այս տարի Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Իրանը ցանկանում է սպանել նրան:
Իրավիճակը բարդացնում է Թրամփի ուժեղ աջակցությունն Իսրայելին, որը կարող է ճանապարհ բացել Իսրայելի և Իրանի միջև համապարփակ պատերազմի համար, երբ նա նախագահ դառնա: Իսրայելը պատերազմի մեջ է Իրանի կողմից աջակցվող ՀԱՄԱՍ և «Հեզբոլլահ» կազմակերպությունների հետ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո: