Պուրակի պռնկին խշշում էր ծեր բարդին: Լիալուսնի առատ լույսի հեղումից ցոլացող տերևներն առկայծում էին կայծոռիկների պես: Դարիվեր աճած բնարմատավզի շրթաճաք, ընդարձակ փչակից լսվում էին շնաձագերի աշխույժ ձայները: Աշնանամուտի վաղամեռիկ տերևների ու ավելածու քամու մեղմ սուլոցի մեջ կյանքի տրոփ կար, երջանիկ շնաձագերի սրտերի տրոփյունը: Շվաքի յոթնյակ ցայտաղբյուրների համանվագի մեջ էլ մորմոք կար՝ կսկիծով ու տրտմությամբ լի: