Փաշինյանը չի կարողացել կառավարել ու լուծել խնդիրները, հիմա փորձում է արդարանալ ու կապ պահպանել իր ընտրազանգվածի հետ. Բադալյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
-«Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար». այս միտքը ևս մեկ անգամ վերահաստատել է Նիկոլ Փաշինյանը: Պարո՛ն Բադալյան, ձեր դիտարկումներն եմ խնդրում այս պնդման վերաբերյալ:
– Թե՛ Արցախյան շարժման, թե՛ իրական Հայաստանի հետ կապված այդ պնդումները այլ բան չեն, քան պատերազմի պարտության ու Արցախի կորստի համար սեփական պատասխանատվության ու նաև, ընդհանրապես՝ որպես կառավարող քաղաքական ուժ, պատասխանատվության «քաղաքական փաթեթավորում»՝ նախընտրական նկատառումներով, այսինքն՝ ինչ-որ կերպ արդարացնել այդ կորուստները ու դրանց համար սեփական պատասխանատվությունը բարդել այլ երևույթների վրա ու ակնկալել, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի նախընտրական շրջանում հասարակության որոշակի հատվածի համոզել իշխանական ծրագրերին ձայն տալու առնչությամբ:
Ես այլ բան չեմ տեսնում այդ հայտարարությունների ու բովանդակության ներքո՝ ելնելով առկա իրողություններից: Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանն ունենար ավելի հնչեղ, ավելի հերոսական ու պաթետիկ հայրենասիրական հռետորաբանության համար բավարար ուժ, բնականաբար չէր դիմի այսպիսի տրամաբանության՝ արցախյան հարցը չէր հռչակի պետականության ու ինքնիշխանության խոչընդոտ:
Հիմա ուժերի հարաբերակցությունն այնպիսին է՝ ես նկատի ունեմ արտաքին անվտանգային միջավայրում, որ Փաշինյանն այլ տարբերակ չի գտել, քան այդ կերպ փաթեթավորել պարտությունը ու պարտության համար պատասխանատվությունը ու փորձել դրանով հավակնել հանրային ինչ-որ շերտի ձայնի կամ առնվազն մոբիլիզացված ու բյուրեղացված պահել սեփական ընտրազանգվածը առաջիկա ընտրության հաշվարկով:
– Հաջողելո՞ւ է ըստ ձեզ:
-Կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն Փաշինյանի այդ մոտեցումերին անհամաձայն թե՛ քաղաքական, թե՛ հանրային շրջանակները: Նախ՝ քաղաքական ընդդիմությունը արդյոք համակարգային ու նաև բովանդակային պայքար կմղի՞ այս «գաղափարախոսության ու մոտեցումների» դեմ, որովհետև հուզական դաշտում մենք տեսնում ենք, որ կան զգայական ու հուզական հակադարձումներ, բայց դա, ըստ իս, բավարար չէ, որովհետև դա էլ իր հերթին կարող է իրենց ընտրազանգվածը մոբիլիզացված պահել:
Բայց մենք ունենք հանրային մի մեծ հատված, որը դուրս է այս ամենից՝ կա՛մ անտարբեր է, կա՛մ չի ընդունում երկու կողմում էլ եղած այդ հուզականությունը, ու այս անտարբերության վրա, մեծ հաշվով, խաղում է նաև իշխանությունը, որովհետև սեփական ընտրազանգվածի շրջանակում իշխանությունը դեռևս պահպանում է մանևրի հնարավորությունը:
Շատ բան հիմա կախված է նրանից, թե մրցակիցներն ինչպես կաշխատեն, արդյոք բացի հուզական դաշտում հակադարձումներից, որոնք միանշանակ արդարացված են, ռացիոնալ առումով ի՛նչ կառաջարկեն, որովհետև մարդիկ տեսնում են, որ, այդուհանդերձ, անկախ Փաշինյանի դիրքորոշումներից կան իրավիճակ ու այդ իրավիճակում լուծումների, քաղաքական որոշումների անխուսափելի անհրաժեշտություն:
Ամեն բան կախված է ռացիոնալ առաջարկներից, ըստ այդմ էլ պարզ կլինի՝ Փաշինյանին կհաջողվի՞ այս արհեստական փաթեթավորմամբ մանևրել, թե՞ ոչ, որովհետև նույնիսկ քննարկման արժանի հանգամանք էլ չէ, որ փորձես համոզել, թե արցախյան հարցը եղել է պետության վզին թոկ, ինչպես ժամանակին հայտարարեց Փաշինյանը, ընդհակառակը՝ մեծ հաշվով դա եղել է հայկական պետականության բավական զորեղ խաղաքարտերից միջազգային հարաբերություններում:
Այս տեսանկյունից խնդիրն այն է, թե ինչպես պետք է հարաբերվես հասարակության հետ պետականության ու ինքնիշխանության թեմայով, որովհետև պետականության ու ինքնիշխանության բնորոշումն այն չէ, թե ինչպես ես դու ազատվում քեզ համար կարևորագույն խնդիրներից, դրա առանցքային բնորոշումն այն է, թե դու ինչպես ես կարողանում կառավարել ու լուծել այդ խնդիրները: Նիկոլ Փաշինյանը չի կարողացել կառավարել ու լուծել խնդիրները, հիմա փորձում է այս փաթեթավորմամբ արդարանալ ու հարաբերվել իր ընտրազանգվածի հետ առաջիկա նախընտրական հաշվարկով:
– Ընդդիմության ձևակերպմամբ էլ՝ նման հայտարարություններով իշխանությունը փորձում է հաճոյանալ Ադրբեջանին ու Ալիևից ստանալ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս նպատակը և՞ս տեսնում եք, թե՞ միայն ընտրազանգվածի հետ հարաբերվելն ու արդարանալն են, ինչպես ասացիք, պարո՛ն Բադալյան:
– Գլխավոր նպատակը ընտրազանգվածի հետ աշխատելն է, իհարկե կան նաև Ադրբեջանի հետ կապված հաշվարկներ, ես դրա համար ասացի, որ այս մոտեցումը պայմանավորված է ուժերի բալանսով: Անշուշտ, կան ակնկալիքներ, որ Ալիևն այս խոսույթին կարձագանքի կամ առնվազն իր վարքագծով չի խանգարի Նիկոլ Փաշինյանին՝ լուծել ներքաղաքական խնդիրները:
Այս տեսանկյունից ուզում եմ ուշադրություն հրավիրել արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հնչեցրած մի հետաքրքիր մտքի վրա, որ Հայաստանի հանրությունը հիմա աջակցում է խաղաղության օրակարգին, բայց եթե չլինեն գործնական առաջընթաց քայլեր, ապա այդ աջակցությունը չի կարող երկար շարունակվել, ու հասարակությունը կվերադառնա ավելի սուր դիրքորոշումների դաշտ:
Այստեղ բավական պարզ ձևով արտահայտվում է ակնկալիք, որ Բաքուն կգնա որոշակի քայլերի, որոնք Երևանին թույլ կտան այդ ներքին խոսույթը մատուցել արդեն կոնկրետ արդյունքներով, որովհետև եթե դրանք չլինեն, ու Ադրբեջանը՝ ի հեճուկս Երևանի խաղաղության օրակարգ ասվածի, շարունակի իր սուր, ագրեսիվ հռետորաբանությունն ու վարքագիծը, բնականաբար Երևանի ներքին խոսույթի արդյունավետությունը նախընտրական էլեկտորալ տրամաբանության մեջ իհարկե լինելու է բավական ցածր:
– Ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Ադրբեջանն այս հարցում:
– Բարդ է գնահատել, որովհետև ես կարծում եմ, որ Ադրբեջանը, այդուհանդերձ, Հայաստանի հետ կապված հարցերում Հայաստանին չի դիտարկում գլխավոր դիմացի կողմ: Ադրբեջանը Հայաստանի հետ խնդիրները, խաղաղության օրակարգ ասվածը և այլն առավելապես օգտագործում է ավելի խոշոր խաղացողների հետ հարաբերություններում: Ըստ այդմ նրա դիրքորոշումը կախված կլինի այդ հարաբերություններից ու աշխարհաքաղաքական դերակատարներից:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանը չի կարողացել կառավարել ու լուծել խնդիրները, հիմա փորձում է արդարանալ ու կապ պահպանել իր ընտրազանգվածի հետ. Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.