Ցեղասպանության վերաբերյալ բերված նախագիծը ընդամենը պոպուլիստական քայլ է, որի առիթը տվել են հենց իշխանությունները. Սամսոնյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ուրացումը: Իշխանությունից հակադարձում են, թե նման օրենք արդեն իսկ կա: Ընդդիմության այս քայլն ինչպե՞ս եք գնահատում, կա՞ նման նախագծի անհրաժեշտություն:
– Եկեք հարցը դիտարկենք երեք տեսանկյունից։ Առաջինը իրավական անհրաժեշտության հարցն է։ Մենք գիտենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում կա 136-րդ հոդվածը, որը պատիժ է նախատեսում Ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դա քարոզելու կամ դրա վտանգավորությունը նսեմացնելու համար, և առավելագույն պատիժը չորս տարի է։
Եթե դիտարկենք, որ ԱԺ բերված նոր նախագիծը Նիկոլ Փաշինյանին կամ ցանկացած ՔՊ անդամի պատժելն է իրենց վերջին հայտարարությունների համար, ապա պետք է ասեմ, որ այս հոդվածը կարող է կիրառվել, քանզի անձամբ Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացնում՝ «թե բա եկեք պարզենք՝ ինչու են հայերին ցեղասպանել»։ Այսպես նա փորձ է անում քաղաքական և պատմական արդարացումներ փնտրել Թուրքիայի իրագործած ցեղասպանական ակտի համար։
Միևնույն ժամանակ թե՛ վարչապետի և թե՛ նրա թիմակիցների հարցադրումները նսեմացնում են Հայոց ցեղասպանության փաստը և փորձում հերքման փաստեր գտնել։ Կարճ ասած՝ այս հարցին իրավականորեն լուծում տրված է, և նոր նախագծի կարիք չկա։
Երկրորդը քաղաքական նպատակահարմարության հարցն է։ Բերված նախագիծը և դրանց շուրջ քննարկումները լրիվ համապատասխանում են Դաշնակցության քաղաքական ճաշակին և բռնած գծին՝ ցույց տալու իրենց ընտրազանգվածին իրենց գործունեության ազգայնամետության վերջին մնացորդները։ Սա ընդամենը պոպուլիստական քայլ է, որի առիթը տվել են հենց իշխանությունները։
Երրորդը բարոյական հարցն է։ Ես կարծում եմ, որ խորհրդարանում եղած խմբակցությունները, որոնք պատասխանատու են եղել Հայաստանի ճակատագրի համար որպես իշխանություն, սպառել են Հայաստանի պատիվը պահելու համար իրենց բարոյական կապիտալը։ Հակառակը՝ այս մարդիկ՝ սկսած իշխանությունից մինչև ընդդիմություն, 44-օրյա պատերազմի զոհերի արյունը շահարկած և այդ արյան գնով մանդատներ ստացած քաղաքական ուժեր են, որոնք ուզում են հիմա էլ իրենց քաղաքական կաշին փրկել Ցեղասպանության զոհերի արյունը շահարկելով։
Չորրորդը ազգային պատասխանատվության հարցն է։ Այն, ինչ Ցեղասպանության հարցի շուրջ կատարվեց Ազգային ժողովում և դրան նախորդած բոլոր քննարկումները և շահարկումները ամբողջ աշխարհում գետնով են տվել հայերի ազգային պատիվը։ Հայաստանը իր անկախության բոլոր տարիներին ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլև ամբողջ աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային բոլոր նախաձեռնություններում և հարթակներում ունեցել է ակտիվ դերակատարություն՝ որպես ցեղասպանված ժողովուրդ կրելով այդ հատուկ առաքելությունը։ Այդ ակտիվության շնորհիվ 2016 թվականին Ֆրանսիայի Սենատը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։
Հիմա հարց եմ տալիս՝ Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը իր այս անպատասխանատու պահվածքով ի՞նչ մեսիջ է հղում աշխարհին և այն երկրներին, որոնք արդարամտորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես փաստ։ Մեր ընդդիմության համար պարզ էր, չէ՞, որ իշխանությունը չի ընդունելու այդ նախագիծը, և տեղի է ունենալու տգեղ և ամոթալի քննարկում, ինչը մենք տեսանք։ Նպատակն էր՝ խայտառակել մեզ ամբողջ աշխարհի առջև, և սա այն դեպքն է իրապես, որ կարելի է ասել՝ թուրքը տեսնում ուրախանում է։
– Խորհրդարանում փոխադարձ մեղադրանքներ էին՝ Ցեղասպանությունը ուրանալու վերաբերյալ: Կողմերի՝ միմյանց մեղադրելը, ըստ ձեզ, որքանո՞վ է հիմնավոր այս թեմայի համատեքստում:
– Ուրեմն և՛ իշխանությունը, և՛ խորհրդարանի ընդդիմությունը հավասարապես ուրացել են թե՛ Ցեղասպանության զոհերի հիշատակը, թե՛ Հայաստանի անկախությունը, թե՛ Հայաստանը՝ որպես պետություն, թե՛ Արցախը և թե՛ հայ ժողովրդին։ Կրկնում եմ՝ ազգային պատվի և պատասխանատվության զգացողություն չունեցող և խորհրդարանի աթոռները պարապությունից պտտող խմբակները չունեն հայ ազգի և ժողովրդի էթնիկ և քաղաքական ժառանգականությանը վերաբերող որևէ հարց քննարկելու բարոյական իրավունք։
– Իշխանությունը ինչո՞ւ է այս հարցին նման կերպ արձագանքում, որ բանը հասավ նաև ծեծկռտուքի, տիկի՛ն Սամսոնյան։
– Իշխանությունը այսպիսի հարցերում առաջնորդվում է՝ «թուրքը կտեսնի կջղայնանա» սկզբունքով, որն իրենց դիվանագիտական լեզվով կանվանեն՝ «ոչ սադրիչ քայլեր»։ Ընդդիմությունն էլ գիտեր, թե իշխանությունն ինչպես է արձագանքելու, և իհարկե պլանավորած սկանդալը ստացվեց։ Ընտրություններից առաջ ձայն պիտի հավաքեն։ Հետո կգնան իրար հետ գործուղումների ու սուրճի սեղանի շուրջ մտերմիկ կշարունակեն քննարկումները։
Քանի որ իշխանությունը ներքաղաքական կոնֆլիկտների հեռահար և ի վնաս Հայաստանի հետևանքները հասկանալու տաղանդ չունի, հետևաբար Ազգային ժողովի պատկերը անընդհատ կրկնվելու է։ Մինչև ընտրություններ ժողովուրդը դեռ շատ սրացումների ականատես կլինի։ Մի տարբերակ կա երկիրը փրկել սրանց խայտառակությունից՝ և՛ իշխանությանը, և ընդդիմությանը պետք է զրկել Հայաստանում որևէ կերպ, որևէ ձևով իշխանություն ունենալու բոլոր հեռանկարներից։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ցեղասպանության վերաբերյալ բերված նախագիծը ընդամենը պոպուլիստական քայլ է, որի առիթը տվել են հենց իշխանությունները. Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.