Զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ կլինեն. որոշում
Կառավարությունը փոփոխություններ է կատարել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» 2018 թ. ապրիլի 12-ի որոշման մեջ:
Փոփոխություններով ցանկում ներառվում են այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները (մասնավորապես գլխուղեղի և ողնուղեղի վենոզ անգեոմաները), որոնք ներառված չեն եղել, ինչպես նաև հստակեցվում են կլինիկական դրսևորումներ չունեցող, գործառույթների խանգարման չհանգեցնող կամ բուժում չպահանջող այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում փորձաքննության ընթացքում կայացվելու է պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն (մասնավորապես վահանաձև գեղձի թերֆունկցիայի բարենպաստ դեպքերը, արյան համակարգի ժառանգական գործոններով պայմանավորված և բարենպաստ հիվանդություններ (ալֆա, բետա հետերոզիգոտ թալեսիմիաներ) գործնականում սրտի զարգացման տարատեսակ հանդիսացող փոքր անոմալիաները, ստոծանու հարկերակրափողային և այլ ճողվածքների պարագայում վիրահատական բուժումից հրաժարման դեպքերը, ողերի մարմինների հեմանգիոմաները կամ այլ բարորակ գոյացությունները կամ կիստաները):
Արդյունքում կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները, ինչպես նաև կբացառվեն պետական միջոցների անհարկի վատնման դեպքերը։
The post Զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ կլինեն. որոշում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
