Եթե իշխանությունը չի ապահովում որակյալ լրագրություն իր սեգմենտում, բարոյական իրավունք չունի քննադատելու ուրիշներին․ Բորիս Նավասարդյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը
– Պարո՛ն Նավասարդյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե լրագրողների «90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին, որովհետև դուք ինձնից լավ գիտեք, որ հակառակ պարագայում, այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում, ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է առնվազն հաշմանդամություն, դուք դա ինձնից լավ գիտեք»: Դուք ոլորտում երկար տարիների փորձ ունեք․ նախկինում եղե՞լ են նման իրավիճակներ, որոնք կարող էին հիմք տալ նման գնահատականի։ Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս հայտարարությունը։
– Եթե վերցնենք այն տրամաբանությունը, որ մենք տեսնում ենք այս նախընտրական արշավում, որը վաղուց իրականացվում է ու ստանում ակնհայտ դրսևորումներ, նկատի ունեմ ՔՊ-ի կազմակերպած այդ մարզային այցելությունները, որոնք ներկայացվում են որպես ներկուսակցական, բայց իրականում իհարկե այդպիսիք չեն, քանի որ այդ ավտոբուսով շրջագայող մարդիկ համարյա չեն ներկայանում հանրությանը ու չեն ասում, որ պետք է ցուցակում ավելի բարձր լինեն, մարդկանց հետ հանդիպում ու զրուցում է միայն Նիկոլ Փաշինյանը, որի առաջինը ցուցակում լինելու հանգամանքը ոչ մեկը կասկածի տակ չի դնում: Սա ներկուսակցական քարոզարշավ չէ, ակնհայտորեն սա վաղօրոք նախընտրական արշավ է, ու այդ նախընտրական կարևորագույն գործիքներից մեկը վախն է, որ կգան նախկինները, որ կվերականգնվեն բռնությունները, արդարադատություն չի լինելու, խաղաղություն չի լինելու, անկախություն չի լինելու և այլն:
Վախը որպես գործիք ակտիվորեն օգտագործվում է արշավում, նույնը կարելի է ասել ձեր մեջբերած հայտարարության վերաբերյալ, որ դուք էլ՝ լրագրողներդ, որոնք ինձ սուր հարցեր եք տալիս, պետք է վախենաք, որ ինչ-որ այլ քաղաքական ուժ կարող է հաղթել ընտրություններում, ահա թե ինչու 90%-ը կքվեարկի հենց ՔՊ-ի օգտին: Բայց մենք, բացի այդ նախընտրական գործիքից, պետք է իրոք ուսումնասիրենք իրողությունները ու հիշենք, որ սկսած առնվազն 1991 թվականից մենք գրեթե չենք ունեցել ակնհայտ գրաքննության դեպքեր, երբ ԶԼՄ-ներում ունեինք և՛ բազմակարծություն, և՛ ազատության բավականին ապահովում:
Իհարկե եղել են զարգացումներ, որոնք և՛ քննադատության են արժանացել, և՛ վրդովմունք են առաջացրել, ես կարող եմ հիշել ընդդիմադիր լրատվամիջոցների այն ջարդերը, որ տեղի են ունեցել 1994-ի վերջին կամ 1995-ի սկզբին, երբ փաստորեն ընդդիմադիր որևէ խմբագրություն այդ ջարդերին չի դիմացել, բայց մի քանի ամիս հետո ամեն ինչ վերականգնվել է, բազմակարծությունը և ամեն ինչը, բացառությամբ իհարկե հեռարձակվող հեռուստաընկերությունների, քանի որ այդ ժամանակ նման տեսակի լրատվամիջոցները լսարանին հասնելու խիստ սահմանափակ հնարավորություններ ունեին, ու դա հիմնականում վերահսկվում էր իշխանությունների կողմից:
Տեխնոլոգիական հնարավորություններն առաջացել էին արդեն 90-ականներին, վերջինը մենք ունեցել ենք 2002 թվականին, երբ «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ընդունված օրենքով հեռարձակման լիցենզիայի նոր կանոնակարգ մտցվեց, ու հեռարձակվող լրատվամիջոցների ոլորտում բազմակարծությունը կրկին համարյա վերացել էր, բայց չէր վերացել տպագիր լրատվամիջոցներում, ու մանավանդ երբ զարգացավ համացանցը, մենք ունեցանք բավականին մրցակցային դաշտ, որը պահպանվում է մինչև այսօր, ուստի պատահական չէ, որ միջազգային տարբեր վարկանիշներում Հայաստանն անընդհատ առաջադիմում է խոսքի ազատության տեսանկյունից: Ուրեմն կարելի է ասել, որ միտումները, որոնք Հայաստանում գրանցվել էին անկախությունից ի վեր, շարունակվում էին, ու անընդհատ ամրապնդվում էին բազմակարծությունն ու խոսքի ազատությունը, թեև, կրկնում եմ, կային բազմաթիվ միջանկյալ խոչընդոտներ ու ոտնձգություններ դրա նկատմամբ:
Ինչ վերաբերում է հաշմանդամ դառնալու սպառնալիքին, որ հնչեցրել է վարչապետը, ապա մենք կարող ենք ասել, որ եթե համեմատենք շատ այլ երկրների հետ, որոնք գուցե չեն մտնում խոսքի ազատության տեսանկյունից ամենազարգացած երկրների առաջին երեք տասնյակում, ապա Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունը միշտ եղել է բավականին ցածր մակարդակի վրա, եթե անգամ մենք ունենում էինք քննադատություն միջազգային կառույցներից, ապա դա հիմնականում կապված էր այլ խնդիրների հետ, այլ ոչ թե՝ ֆիզիկական բռնությունների:
Ի վերջո մատների վրա կարելի է հաշվել ֆիզիկական բռնության նախադեպերը, որոնք ակնհայտ վնաս էին պատճառում լրագրողների առողջությանը կամ կյանքին սպառնիք էին պարունակում: Հայտնի դեպքերից կարող եմ հիշել միգուցե երկուսը, երբ կյանքի համար վտանգավոր հարձակումներ են եղել՝ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի ու ռուսական հեռուստաընկերության օպերատոր Լևոն Գրիգորյանի նկատմամբ, այդ կարգի այլ դեպքեր չենք կարող հիշել:
Եղել է հանրությանը հայտնի մեկ լրագրողի սպանություն, նկատի ունեմ Տիգրան Նաղդալյանին, թեև շատ առեղծվածներ կան այս սպանության հետ կապված, սակայն քիչ հավանական է, որ դրանում մեղք ունեին հենց իշխանությունները:
Մնացած բոլոր դեպքերում նման ակնհայտ վտանգներ չեն եղել, իհարկե կարելի է հիշել ՊՊԾ գնդի գրավման հետ կապված պատմությանը՝ ուժային կառույցների բավականին դաժան գործողությունները, որոնց հետևանքով վնասվածքներ ստացել էին նաև լրագրողները: Այսինքն՝ ինչ-որ օրինաչափ հետապնդում ու ֆիզիկական բռնություն լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ բավական քիչ են եղել, եթե համեմատենք այլ երկրների հետ:
Այս իմաստով մենք չենք կարող ասել, եթե խոսքն այն մասին է, որ նախկին քաղաքական ուժերի վերադարձը իշխանության լուրջ սպառնալիք է մեզ համար, բնականաբար մենք կուզենք, որ այն դրական միտումները, որ կան վերջին տարիներին, շարունակվեն, սակայն դա չի նշանակում, որ վախը որպես գործիք օգտագործելը համապատասխանում է խոսքի ազատության ու լրատվամիջոցների այն պատմությանը, որի ականատեսն էինք մենք 90-ականների սկզբից:
– Այս դեպքում կարելի՞ է ասել, որ իրողությունները ներկայացվում են ավելի սուր և խիտ գույներով:
– Ձեր նախորդ հարցին տրված պատասխաններս հենց այդ մասին էին:
– Ո՞րն է նպատակը՝ բացի վախեցնելուց:
– Միգուցե ուզում է ասել, որ արհեստական է լրագրողների այն քննադատական վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ, որ դա ոչ թե պրոֆեսիոնալ մոտեցումներից է բխում, այլ՝ քաղաքական պատվեր տվողներից, բայց իրականում այդ նույն լրագրողները, որոնք քննադատում, սուր հարցեր են տալիս, միևնույն է, քվեարկելու են ՔՊ-ի օգտին, քանի որ վախենում են ցանկացած այլընտրանքից: Այս ուղերձն ու տրամաբանությունն եմ տեսնում Փաշինյանի ասածներից:
Այստեղ երևի որպես պատճառ կա այն հանգամանքը, որը իշխող քաղաքական ուժը չի կարող չտեսնել, որ ամեն դեպքում իրենց հանրային աջակցությունը ցանկացածից քիչ է, ու օգտագործել միայն սեփական դրական կողմերը, միգուցե հաջողության հասնելը դժվար կլինի ու որպես զանգվածային աջակցության այլընտրանք առաջարկվում է վախը ցանկացած այլընտրանքի նկատմամբ: Սա է մարտավարությունը:
– Բազմիցս լսել ենք, որ լրագրողների զգալի մասը, ըստ գործող իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասի, կատարում է այս կամ այն անձի քաղաքական պատվերը, անաչառ չէ, նախօրեին այդ մասին լրագրողներին դարձյալ ուղիղ ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Իշխանության այս բնութագրումը օբյեկտի՞վ իրականություն է, թե՞ այստեղ ևս կա գույների խտացում:
– Արդար չենք լինի, եթե չընդունենք, որ Հայաստանում լրատվամիջոցների ոլորտը գրեթե միշտ բավականին քաղաքականացված է եղել, բավականին բևեռացված է եղել, ու լրատվամիջոցների մեծ մասը ծայրահեղ դիրքորոշումներից ու մոտեցումներից է ելնում, ու դա պահպանվում է։ Այսօր գուցե բևեռացվածության աստիճանը առավելագույնն է, ինչ ունեցել ենք նախորդ տարիներին:
Միևնույն ժամանակ մեզանում ձևավորվել է լրատվամիջոցների միգուցե ոչ մեծամասնություն, բայց մի կարևոր սեգմենտ, որոնց կարելի է քաղաքականապես չեզոք համարել, ու դրանք այնքան էլ քիչ չեն, ինչպես փորձում էր իր խոսքում ներկայացնել Վահագն Ալեքսանյանը: Դա բավականին ազդեցիկ սեգմենտ է, գոնե քաղաքականապես ակտիվ մարդկանց համար, որոնք հետաքրքրվում են հասարակական, քաղաքական կյանքով, այդ լրատվամիջոցները ինֆորմացիայի կարևոր աղբյուր են: Քանի որ այդ լրատվամիջոցները տարածում են իշխանությանը ոչ հաճո նորություններ, պաշտպանվելու համար անհրաժեշտ է հենց այդ լրատվամիջոցներին վարկաբեկել:
Երբ մենք վերցնում ենք անգամ վերջին տարիներին կոնկրետ լրատվամիջոցների անուններ կամ իշխանությունների կողմից վարկաբեկման փորձեր, ապա այդ անունների մեջ կան հենց այն լրատվամիջոցները, որոնք որակյալ լրատվամիջոց համարվելու ամենաշատ հիմքերն ունեն: Սա իհարկե մտահոգիչ է, ես, օրինակ՝ նման միտում նախորդ տարիներին չեմ լսել ու չեմ տեսել, այսօր դա կարծես թե նախընտրական մարտավարության մի մաս է՝ վարկաբեկել այն լրատվամիջոցներին, որոնք հետաքննություններ են անցկացնում, որոնք իրենց թույլ են տալիս քննադատական հրապարակումներ իշխանությունների հասցեին և նույնականացնել նրանց այն բևեռացված լրատվամիջոցների հետ, որոնք կոնկրետ քաղաքական դիրքորոշում ունեն ու այդ գծից չեն էլ շեղվում: Սա միտում է, որը բավականին նոր է նախորդ տարիների համեմատ:
– Պարո՛ն Նավասարդյան, ընդդիմությունն ասում է, որ եթե իշխանությունը քննադատում է ըստ իրենց ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող լրատվականներին, լրագրողներին, այդ դեպքում պետք է ազնվություն ունենա ու խոսի իշխանությանը սպասարկող լրատվականների մասին, իբրև վառ օրինակ նշում են Հանրային հեռուստաընկերությունը, որը, ըստ ընդդիմադիրների, իսկական քարոզչամեքենա է դարձել:
– Համաձայն եմ, քանի որ եթե իշխանության ներկայացուցիչներն իսկապես մտահոգված են, որ մեր լրատվամիջոցները լինեն բարեխիղճ, անկողմնակալ ու որակյալ, ապա նրանք կարող էին դրան հասնել հենց այն լրատվամիջոցների շնորհիվ, որոնք գտնվում են իշխող քաղաքական ուժի անմիջական քաղաքական ազդեցության տակ:
Ցավոք, շատ դժվար է գտնել այդ սեգմենտում՝ ակնհայտորեն պրոիշխանական լրատվամիջոցների մոտ, այն, ինչ մենք անվանում ենք որակյալ լրագրություն: Եթե իրենք չեն կարողանում ապահովել որակյալ լրագրություն իրենց կողմից վերահսկվող սեգմենտում, ապա որևէ բարոյական իրավունք չունեն քննադատելու ուրիշներին, առավելևս՝ ընդդիմադիր, ընդդիմության կողմից վերահսկվող անվանել այն լրատվամիջոցներին, որոնք կատարում են իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները:
– Ձեր գնահատմամբ՝ այս կերպ իշխանությանը հաջողվո՞ւմ է ստվերել այդ լրատվականների աշխատանքը, անվստահություն առաջացնել նրանց հանդեպ հանրության մոտ:
– Որոշ արդյունք տալիս է. հասարակության այն մասը, որն անվերապահորեն կամ դրան մոտ աջակցում է իշխող քաղաքական ուժին, նրանց մոտ, այո՛, ես տեսնում եմ անվստահության աճ նաև այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք առավելագույնս արժանի են վստահության։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Եթե իշխանությունը չի ապահովում որակյալ լրագրություն իր սեգմենտում, բարոյական իրավունք չունի քննադատելու ուրիշներին․ Բորիս Նավասարդյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
