Գործարարների համար ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն կտրվի. Էդուարդ Հակոբյան
Գործարքի ճշգրտման հնարավորություն կնախատեսվի ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ նախագիծը վերաբերում է հարկ վճարողների գրեթե մեծ մասին:
«Ներկայում որոշ դեպքերում ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն նախատեսված չէ, օրինակ՝ պիտանելիության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի դեպքում: Ապրանքների վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, որը խեղաթյուրում է գործարքի տրամաբանությունը: Մենք առաջարկում ենք, որ գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսվի ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման: Սա վերաբերում է գործարարների լայն շերտերի»,-ասաց Հակոբյանը:
Վերանայվում է չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ձեռք բերողի կողմից ավելացված արժեքի հարկի գումարը հաշվանցելու կանոնը: Որոշ դեպքերում, երբ հարկային հաշիվը սխալ է լրացվել հարկ վճարողի կողմից, անհրաժեշտություն է առաջանում նշված գործարքի մասով նախկինում դուրս գրված հարկային հաշիվը չեղարկել և դրա փոխարեն դուրս գրել նոր հարկային հաշիվ: Նման իրավիճակներում նույնիսկ առաջանում են տույժեր:
«Հիմա մենք առաջարկում ենք չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում սահմանել, որ ԱԱՀ գումարները ենթակա կլինեն հաշվանցման գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանում: Սա թույլ կտա խուսափել տույժերից»,-ասաց ՊԵԿ նախագահը:
The post Գործարարների համար ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն կտրվի. Էդուարդ Հակոբյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
