Երեկվա միջադեպը հետևանք է Հայաստանում ատելության մթնոլորտն ու բռնությունը հետևողականորեն նորմալիզացնելու գործընթացի. Միսկարյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը
– Պարո՛ն Միսկարյան, նախօրեին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով երեք անձ ձերբակալվել է, դեռ մեղադրանք չի առաջադրվել այդ անձանց: Կատարվածին ի՞նչ գնահատական կտաք:
– Երեկվա միջադեպը հետևանք է Հայաստանում ատելության մթնոլորտն ու բռնությունը հետևողականորեն նորմալիզացնելու գործընթացի: Երեկվա երիտասարդն ավելի շատ զոհ է, քան հանցագործ, որովհետև ատելության այն միջավայրը, որ ձևավորվել է, այլ բան թույլ չի տալիս մի քիչ տաքարյուն մարդուն, քան ձեռքերին ազատություն տալ: Ես դեմ եմ ու չեմ արդարացնում բռնությունը, բայց այս ամենից պետք է հետևություններ անել ու փորձել իրականացնել այնպիսի քայլեր, որ ոչ թե ստիպված լինենք բոլորին, որոնք այդ մթնոլորտի զոհ են, քրեական գործերով «ճնշել կամ հանգստացնել», այլ փոխել իրերի ու երևույթների նկատմամբ մարդկանց մոտեցումը: Մեզանում բարու և չարի, ճշտի ու սխալի վերաբերյալ աղավաղված պատկերացում կա, ու դա թույլ չի տալիս մեզ՝ որպես հասարակություն ներդաշնակվել ու ընդհանուր լեզու գտնել:
– Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս ձևավորվեց այդ մթնոլորտը, և որ գործոններն են առավելապես նպաստել դրա խորացմանը։
– Ճիշտն ասած, դա Հայաստանում նոր չէ. անկախությունից ի վեր այդ մթնոլորտը եղել է, իհարկե եղել են տարիներ, երբ համեմատաբար հանդուրժող ու ապրումակցող ենք եղել, բայց հետագայում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպիսին, օրինակ՝ 1996 թվականի ընտրություններն էին, այդտեղից այդ ատելությունը, բռնությունը ավելի հանրային մասշտաբներ ստացան: Ես կարծում եմ, որ ակունքները այդտեղ են, գուցե ավելի շուտ են եղել, բայց ես այդտեղ եմ տեսնում, ու դրանից հետո քաղաքական իրադարձությունների շուրջ ծավալված բանավեճ-քննարկումները եղել են բացառապես ատելության մթնոլորտում:
– Սիրո և համերաշխության կոչերով իշխանության եկած անձինք ի՞նչ գործնական քայլեր են արել, որպեսզի ատելության մթնոլորտը մեղմվի:
– Այդ սիրո և համերաշխության պոպուլիստական հայտարարությունները ոչ մի կերպ չէին կարող նպաստել հանրապետությունում համերաշխության միջավայր ձևավորելուն, դա պետք է արվեր արդարադատության համակարգով, ինստիտուցիոնալ բարեփոխումներով: Եթե մի երկրում երկրի ղեկավարը կոչ է անում շրջափակել դատարանները ու փորձում այդ ձևով արդարություն հաստատել, ապա այդ երկրում դժվար է ակնկալել համերաշխության միջավայր: Այսինքն՝ դատարանը պետք է լինի հեղինակություն հասարակության համար, այլ ոչ թե այն, ինչ հիմա կա, իսկ այդ սիրո և համերաշխության կոչերն ընդամենը պոպուլիստական հայտարարություններ էին, ոչինչ ավելի:
– Պարո՛ն Միսկարյան, ի՞նչ կարծիքի եք այն տեսակետների մասին, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ և վարքագիծը երբեմն կարող են ընկալվել որպես սադրիչ՝ հատկապես այն պայմաններում, երբ նրա և նրա թիմի նկատմամբ հասարակական վերաբերմունքը միանշանակ չէ։
– Դա շատ սուբյեկտիվ գնահատական է, մարդը մյուս հավատացյալների նման եկեղեցի է գնացել, կարծում եմ, որ իրավունք ունի մտնել եկեղեցի: Այնպես չէ, որ իրար հետևից մի տասը եկեղեցի է մտել՝ սադրելու համար: Մեկ եկեղեցի պետք է գնար, գնացել է մեկ եկեղեցի, այն, որ այդ եկեղեցում հավաքված մարդիկ էլ քրիստոնեական արժեքներ ընկալելու ու իրենց քրիստոնեաբար դրսևորելու խնդիր ունեն, ակնհայտ է, այսինքն՝ մեզ մոտ, ցավալիորեն, քրիստոնեության գաղափարներն այդքան ընկալված չեն, ինչքան կրում են ծիսական բնույթ: Սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել, բայց սա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանը չպետք է եկեղեցի գնար: Իմ օրինակով ասեմ, եթե ես ունեմ ինձ ընդունողներ ու չընդունողներ, ես իրավունք չունե՞մ գնալ եկեղեցի: Եթե իմ երկրում ես պետք է կաշկանդված լինեմ գնալ եկեղեցի, ապա այդ երկիրը ձախողված երկիր է:
– Նման միջադեպերի մենք կրկին ականատես լինելո՞ւ ենք:
– Իհարկե, անշուշտ: Ցանկացած հասարակության իշխելու ամենահեշտ ձևը այդ հասարակությունը պառակտելն ու թշնամանքի մթնոլորտ ձևավորելն է, դա կարող է լինել ինչպես ներքին ուժերի, այնպես էլ արտաքին ուժերի կողմից հրահրվող: Ամենաշատը մեզ՝ որպես ժողովուրդ ձեռք չի տալիս, որ մենք լինենք պառակտված ու անհանդուրժող և ապրենք այդ ատելության մթնոլորտում:
Ցավոք սրտի, պետք է նկատել նաև, որ Հայաստանի իրավապահ համակարգը կամընտրական մոտեցում է դրսևորում այս կամ այն դեպքերում: Իրավապահ ու դատական համակարգերը մեզանում արդարության մարտիկներ չեն, համակարգը միտված չէ ծառայելու հասարակությանը, ժողովրդին ու պետությանը: Համակարգի մեջ կա սուբյեկտայնության խնդիր:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Երեկվա միջադեպը հետևանք է Հայաստանում ատելության մթնոլորտն ու բռնությունը հետևողականորեն նորմալիզացնելու գործընթացի. Միսկարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
