Հայաստանում միայն ծով կավելացնեի, մարդիկ բարի են, երկիրը՝ ապահով, եթե ոչ մեկի հետ չկռվես, խնդիր չես ունենա. Ֆիլը՝ Գանայից՝ Երևան
Երևանի փողոցներում շրջող Ֆիլի ոչ թե մաշկի թուխ գույնը, այլ հայերեն խոսքն է, որ զարմացնում է անցորդներին։ Բարձրահասակ ու գրավիչ արտաքինով երիտասարդը Գանայում է ծնվել ու մեծացել։ Ասում է՝ նպատակ ուներ շրջագայել աշխարհում։ Առաջին երկիրը, որ այցելել է, ԱՄՆ-ն է եղել։ Մի քանի ամիս այնտեղ է անցկացրել ընտանիքի հետ, հետո Հայաստանի մասին է իմացել։
«Ընկերս Հայաստանում էր ապրում, ինձ ասաց, որ այստեղ մարդիկ շատ բարի են, անվտանգ ու խաղաղ երկիր է։ Օնլայն մտա, գտա Հայաստանը, նայեցի ու որոշեցի փորձել։ Եկա ու արդեն 2,5 տարի է այստեղ եմ ապրում»,- պատմում է Ֆիլը։
Հայաստանում միայն սկզբի ամիսներին է դժվարություն ունեցել, քանի որ լեզու չգիտեր։ Ասում է` առաջին բանը, որ զարմացրել է Հայաստանում, խանութներում վաճառողների անգլերենի չիմացությունն էր։ Դրա համար էլ որոշել է սովորել լեզուն․ սկսելով յութուբյան ուսուցողական հարթակներից և շարունակելով արդեն անմիջական, կենդանի շփումներով՝ Ֆիլն այնքան է հմտացել ու ինտեգրվել, որ այսօր Հայաստանը լքելու մասին նույնիսկ չի մտածում։
«Եթե Հայաստանում ոչ մեկի հետ չկռվես, ոչ մի խնդիր չես ունենա, մարդիկ շատ բարի են, ապահով, հանգիստ երկիր է, ինձ դուր է գալիս։ Եթե ինչ-որ բան փոխելու լինեի, երևի միայն ծով կավելացնեի»,- ասում է ու ծիծաղում։
Ֆիլն արդեն հասցրել է բացահայտել Հայաստանի տեսարժան վայրերից մի քանիսը. եղել է Դիլիջանում, Ծաղկաձորում, Սևանում։ Հիացած է մեր բնությամբ, թեև խոստովանում է՝ Սևանն իր համար չափազանց սառն էր և չի կարող փոխարինել հայրենի Գանայի տաք ափերին ու օվկիանոսին։ Հարազատների հետ տեսակապի միջոցով պարբերաբար շփվելն ինչ-որ չափով մեղմում է օտարության մեջ գտնվելու կարոտը, սակայն կա մի բան, որի պակասն առավել սուր է զգում՝ հայրենի խոհանոցի համն ու բույրը։
«Իմ ամենասիրելի ուտեստը ֆուֆուն է, ամենաշատն եմ կարոտել։ Գանայական ֆուֆուն ավանդական ուտեստ է, պատրաստվում է կասավայից և տրորած կանաչ բանանից խմորանման զանգվածից ու մատուցվում է կծու ապուրների հետ։ Ամենատարածված ապուրները պատրաստվում են լոլիկով, սոխով, գետնանուշով կամ արմավենու մածուկով և մսով։ Այստեղ փորձել եմ պատրաստել, բայց նույն համը չեմ ստացել։ Հայաստանում էլ շատ համեղ ուտելիքներ կան, չեմ դժգոհում։ Ամենաշատը հաճարով փլավն եմ հավանել, հավի մսով կամ սնկով։ Ապուրներն էլ են համեղ։ Հայաստանում ապուրների մեջ շատ բանջարեղեն են լցնում, լավ է ստացվում»,- ասում է նա։
Ֆիլ Ամանին Գանայում բուժակի մասնագիտություն է ստացել, որոշ ժամանակ հիվանդանոցում աշխատել։ Ծնողները հիմա Գանայում են, քույրը՝ Մեծ Բրիտանիայում, ինքն էլ՝ Հայաստանում։ Ծնողները դեմ չեն եղել, որ Հայաստան տեղափոխվի, քանի որ որդու՝ նոր աշխարհներ բացահայտելու ձգտումը միշտ ողջունել են։
«Որ մամայենց հետ առաջին անգամ հայերեն խոսեցի, բառեր ասեցի՝ զարմացան` «էդ ի՜նչ արագ ես սովորել»։ Ուզում եմ մամայիս բերեմ, մի քանի ամսով գա, ինքն էլ տեսնի Հայաստանը։ Հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ»,- ասում է Ֆիլը։
Առայժմ Հայաստանից դուրս գալ չի ծրագրել, բայց չի էլ բացառում, որ առաջիկա տարիներին կարող է այլ երկրներ գնալ, շրջագայել, ծանոթանալ մշակույթներին, վարք ու բարքին։ Բայց Հայաստանն իսկապես լավ երկիր է, ասում է, նաև մշտական ապրելու համար։
«Ինձ տեսնելիս ոչ մի տարօրինակ պահվածք կամ զարմանք չեմ տեսնում, քանի դեռ չեմ խոսում։ Երբ սկսում եմ հայերեն խոսել, այ էդ ժամանակ զարմանում են։ Ասում են՝ «Հը՞, հայերե՞ն ես խոսում, մեզնից լավ ես խոսում»։ Իհարկե բոլոր բառերը չգիտեմ, բայց կարողանում եմ հասկանալ ու շփվել։ Հայոց լեզուն ես հեշտ եմ սովորել, բայց բարդ լեզու է, տառեր կան, որ չեմ կարողանում արտասանել, օրինակ՝ ղ, ռ, ջ»,- «Մեդիալաբին» պատմում է Ֆիլ Ամանին։
Հայկական ավանդույթներն ու սովորույթները Ֆիլի համար բացահայտումների մի նոր աշխարհ են։ Նա դեռ վառ հիշողություններ ունի Տրնդեզից. մասնակցել է տոնախմբությանը, ազգային երգ ու պարի ներքո մի քանի անգամ թռել կրակի վրայով։ Երիտասարդի համար զարմանալի էր նաև հայերենի բազմազանությունը. Դիլիջանում տեղացիների խոսքը չի հասկացել։ Միայն այդ ժամանակ է իմացել, որ հայերենն ունի բարբառներ, որոնք էապես տարբերվում են գրական լեզվից։ Իսկ տղամարդկանց՝ միմյանց համբուրելով բարևելու սովորույթը, որը սկզբում տարօրինակ էր թվում, այժմ Ֆիլի առօրյայի մի մասն է. նա արդեն հասցրել է հարմարվել երևանյան բարևի այդ ձևին։
Երևանում Ֆիլը մատուցող է աշխատում ու հաճախ նաև հաճախորդների զարմանքն է հարուցել իր հայերենի իմացությամբ։ Հիմա իսպանական ռեստորաններից մեկում է մատուցող աշխատում ու նաև որպես մոդել նորաձևության ցուցադրությունների մասնակցում, հագուստների գովազդային հոլովակներում նկարահանվում։
Հարցին, թե ի՞նչն իրեն դուր չի եկել Հայաստանում, պատասխանում է՝ վերաբերմունքը զբոսաշրջիկների կամ այն մարդկանց նկատմամբ, որոնք գալիս են Հայաստան որպես զբոսաշրջիկ և հետագայում որոշում են այստեղ մնալ ու ապրել։
«Օրինակ՝ Գանայում որ զբոսաշրջիկ է գալիս, մենք շատ լավ ենք վերաբերվում, իսկ Հայաստանում շատ վատ կարծիք ունեն, մտածում են, որ եթե զբոսաշրջիկը եկել է ու մնացել, նշանակում է իր երկրում վատ է, դրա համար է այնտեղից փախել։ Այ սա կուզենայի փոխվեր Հայաստանում, որովհետև ուղղակի հաճախ մարդիկ ոչ թե փախնում են ինչ-որ բանից, այլ պարզապես ուզում են նոր մշակույթներ ու նոր աշխարհներ բացահայտել»,- ասում է Ֆիլը։
Ասում է՝ հիմա մայրենի լեզվից բացի ևս 5 լեզվի է տիրապետում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն ու իսպաներեն։ Էլի կանգ առնել չի պատրաստվում, նոր լեզուներ կսովորի, նոր աշխարհներ կբացահայտի։
Նաև նշում, որ եթե մի օր Գանա վերադառնա, անպայման հայկական ռեստորան է բացելու։
«Հայկական ուտեստները իսկապես շատ համեղ են։ Խորոված, քաբաբ, լահմաջո։ Շատ եմ կերել, շատ եմ հավանել ու որոշ բաներ հիմա ես էլ եմ պատրաստում։ Լավ էլ ստացվում է ու ռեստորան բացելու գաղափարը, հույս ունեմ, մի օր իսկապես կյանքի կկոչեմ»,- ասում է նա։
Այսօր Ֆիլը Երևանի փողոցներում այլևս օտար չէ: Նա մեկն է այն երիտասարդներից, ովքեր ապացուցում են՝ աշխարհը շատ ավելի փոքր է, քան թվում է, իսկ մարդկային բարությունը լեզու ու ազգություն չի ճանաչում: Եվ գուցե տարիներ անց Աքրայի սրտում բացվի մի ռեստորան, որտեղ գանացիները կհամտեսեն հայկական խորոված ու կլսեն պատմություններ մի հեռավոր, լեռնային երկրի մասին, որը ժամանակին տուն դարձավ իրենց հայրենակցի համար
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am
The post Հայաստանում միայն ծով կավելացնեի, մարդիկ բարի են, երկիրը՝ ապահով, եթե ոչ մեկի հետ չկռվես, խնդիր չես ունենա. Ֆիլը՝ Գանայից՝ Երևան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
