Փաշինյանն ԱԳՆ-ին հանձնարարական է տվել ԼՂ հարցով ՄԱԿ-ին դիմելու համար
«Ադրբեջանի պետական եւ մերձպետական քարոզչությունը ԼՂ նկատմամբ տեւական ժամանակ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում եւ լարվածության միտումները տեսանելի են նաեւ գետնի վրա:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում:
Կարեւոր եւ անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման եւ միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Խոսքը, մասնավորապես, Միացյալ ազգերի կազմակերպության շրջանակում նախատեսված մեխանիզմների մասին է. այս մասին ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ աշխատանքները շարունակվում են նաեւ Լաչինի միջանցք եւ ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ:
«Կարծում եմ, որ փաստահավաք առաքելությունը կարեւոր է նաեւ՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի եւ ՀՀ-ից ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում: Այս պնդումներն անհիմն են, եւ Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել, հետեւաբար միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ եւ Լաչինի միջանցք նաեւ այս առումով է անհրաժեշտություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ԼՂ-ում կա Պաշտպանության բանակ, որի գոյությունն արդարացված է, քանի դեռ ԼՂ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների եւ ցեղասպանության վտանգը:
«ՊԲ-ն ԼՂ ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ, այդպիսի մեխանիզմ է նաեւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը: Կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ն դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրել է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը վտանգ է սպառնում:
Հույս ունենք, որ ՌԴ-ն իր գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ եւ դաշնակից ՌԴ-ն որեւէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, ապա պետք է դիմի ՄԱԿ ԱԽ ու Լաչինի միջանցք եւ ԼՂ լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: