Ադրբեջանը 4 մարդ է սպանել Երևանի հետաքննությանն «ի պատասխան»
«ԵԿՄ կամավորականները դիրքապահ ծառայություն են իրականացրել, ինչ-որ իրավիճակ է առաջացել, տեղի են ունեցել կրակոցներ, որի արդյունքը զոհեր և վիրավոր ունենալն է»
The post Ադրբեջանը 4 մարդ է սպանել Երևանի հետաքննությանն «ի պատասխան» first appeared on Epress.am.Ժամը 05։30-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ժամը 09։30-ի դրությամբ կրակը դադարել է՝ հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր՝ ասել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Պաշտպանության նախարարությունից էլ տեղեկացրել են՝ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Զոհվածները «Երկրապահ կամավորականների միության» անդամներ են՝ 40-ից 67 տարեկան, «Ազատության» հետ զրույցում ավելի ուշ ասել է Քոչարյանը։ «Կամավորականները որոշակի դիրքապահ ծառայություն են իրականացրել, ինչ-որ իրավիճակ է առաջացել, որտեղ տեղի են ունեցել կրակոցներ, որի արդյունքը զոհեր և վիրավոր ունենալն է: Իսկ ինչքանո՞վ է կրակոցն անհրաժեշտ եղել՝ ծառայողական քննությունը կտա հարցի պատասխանը», – հավելել է իշխանական պատգամավորը։
Այս պահին իրավիճակը հանգիստ է։ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի տեղեկություններով՝ գիշերային կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, գյուղում հրաձգության ձայներ են լսվում գիշերը 3-ից մինչև առավոտյան 6։30։
Ադրբեջանը հաստատել է՝ փետրվարի 13-ին իրենք են կրակել։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը սա «Հատուցում» գործոցություն է անվանել և հայտարարել, թե այն իրականացվել է «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։ Բաքուն հաղորդել է՝ ամբողջությամբ ոչնչացրել է Ներքին Հանդի մոտ գտնվող հայկական դիրքը։
Երեկ ադրբեջանական կողմը գրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի (Բաքուն այն արդեն «պայմանական պետական սահման» է անվանում) Կապան-Զանգելան հատվածում հայկական դիրքապահները կրակ են բացել, ինչի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել։
Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունն արձագանքել էր՝ հետաքննում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այդ տեղեկությունը, ենթադրյալ մեղավորները պատասխանատվության կենթարկվել։
Սյունիքում տեղի ունեցողին զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել էր, թե փետրվարի 12-ի երեկոյան՝ ժամը 20։50-ից 23։40-ին, հայկական զինված ուժերը «Թովուզգալինի շրջանի Չինարլի» (Տավուշի մարզի Չինարի գյուղ) բնակավայրի դիրքերից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս տեղեկությունները հերքել է։ «Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը», – գրել է հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
The post Ադրբեջանը 4 մարդ է սպանել Երևանի հետաքննությանն «ի պատասխան» first appeared on Epress.am.