Ուզում եմ մենակ ապրել, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ սպասել կլիենտից
տուն, ավեր տուն, տնաքանդ, թիվ 13 տուն, տանջարան, տունդ շինվի, տունդ ավիրվի, տունդ չավիրվի, հասարակաց տուն, վերան տուն, տուն գցել, տուն դնել, Ես իրավունք ունե՞մ իմ մանկությանը վերջ տալու, տուն տեղ դնելու (ԳՄ), տնավորվել, տուն անել, տուն քանդել, Քանդվի պատերազմ հնարողի տունը, որ մերը քանդեց (ԳրՍ), Գնացքը քանդելու է գյուղացիների տունը (ՍտԶ), Տարա՜ն, երեխոցը տարա՜ն, տունս քանդվեց (ԱԲ), տունդ Աստված շինի, դբա տո՞ւն, թե՞ դբա դուս, տուն տանել, տուն տալ, տունը լքել, տունը թողնել, անտուն մնալ, տուն ու դուս անել, ինքզինքը զգալ ինչպես տանը, Կարծես նրանց համար ոչ մի տարբերություն չկար կյանքի ու մահվան միջև, կարծես երկու դեպքում էլ իրենց կարող էին զգալ սեփական տանը (ՖՎ), տան ապրանք, տան աղջիկ, տան տեր, տանը նստել, տունը մնալ, Ո՜վ հայ աղջիկ ․․․, / Դարդ մի՛ արա ու մի՛ լար․ / Մեծ օժիտով, փոքր խելքով / Երբեք տանը չես մընար (ԱլԾ), տան ճանապարհը մոռացած լինել, տան ճամբան չկրնալ գտնել, տան վրա հող մաղել, տունտունիկ անել ․․․ (Հայերեն դարձվածքների բացատրական բառարանից)
Կուկա
32 տարեկան
— Կար երկու տուն՝ հանրակացարանի սենյակը, որտեղ ես ինձ ընդհանուր առմամբ լավ էի զգում, ու հանրակացարանի բակը, որտեղ ես ինձ վատ էի զգում։ Սենյակը 18 քառակուսի էր։ Սկզբնական շրջանում ապրում էինք երեքով։ 40 տարեկանում մամաս երեխա ունեցավ, ու մեզ գումարվեց փոքր ախպերս։ Հանրակացարանի սենյակ հասնելու համար ամեն օր պետք էր անցնել հանրակացարանի բակով։ Երբ որ դու 15 տարեկան ես, հայաթի տղաները վտանգավոր բան են աշխարհում։ Դպրոցից հետո հիմնականում գնում էի ընկերոջս տուն, որ չգնամ մեր տուն։
Դիլա
23 տարեկան
— Ի՞նչ պատմեմ։ Ծնվել եմ գյուղում, ապրել եմ ընտանիքիս հետ, 16 տարեկանում եկել եմ Երևան, ապրում եմ վարձով, տուն չունեմ։ Մամայիս տանը ինձ համար վատ չէր։ Սովորական։ Ազատ չեմ եղել ու, քանի որ ազատ չեմ եղել, չեմ ունեցել խնդիրներ։ Ազատ ապրելու ցանկություն չեմ ունեցել։ Ուղղակի ուզեցել եմ գալ Երևան։
Մամաս համարյա ամեն օր զանգում ա։ Տարին մեկ գնում եմ իրանց հյուր։ Նախօրոք մազերս կտրում եմ, պռոշներս հանում եմ, գնում եմ հերանց տուն։ Առանձնապես պատմելու բան չկա։ Տան զգացողություն չունեմ։
Կուկա
— Հանրակացարանում տները էժան էին։ Կային գյուղից եկած մարդիկ, նախկին հանցագործներ, հարբեցողներ, խուլիգաններ։ Գիժ կար։ Ես էն ժամանակ գեյ էի։ Ադապտացում չէր լինում։ Մամաս ցերեկները գործի էր գնում, պապաս աշխատում էր հացի փռում՝ գիշերային սմեն։ Փոքր ախպորս հիմնականում ես էի պահում։ Սպասում էի, որ մի քիչ մեծանա, մանկապարտեզ տանենք, ու ես գնամ։ 13 տարի առաջ գնացի։ 10 տարի առաջ դարձա տրանս։ Երկար տարիներ ապրել եմ ընկերներիս հետ։
— Ի՞նչ ես վերցրել տնից գնալուց։
— Շորերս, հոգևոր տետրս ու դպրոցական օրագիրս։ Առաջ Ավետարանչական եկեղեցի էի գնում։ Հիմա չեմ գնում։ Բայց Աստծուն հավատում եմ։
Դիլա
— Պատմե՞մ քեզ իմ բոլոր տների մասին։ Սկզբում Նար-Դոսում եմ ապրել՝ դագաղների փողոցում։ Հետո Սարի թաղում։ Սկզբում ընկերոջս հետ եմ ապրել, հետո մենակ։ 4 տարի ապրել եմ կենտրոնում։ Իմ տեսքից շատ չի երևում։ Ստեղի հարևաններն ու կողքի խանութի աշխատողները, օրինակ, չգիտեն, որ ես տրանս եմ։ Նախորդ տան տերս էլ չգիտեր։
Հետո վատ բաներ եղան։ Իմ տուն հաճախորդ եկավ, ասեց, իբր վատ ա զգում իրան, ու կանչեց ընկերոջը։ Ծեծեցին ինձ ու հեռախոսս գողացան։ Դիմեցինք ոստիկանություն, ու էնպես ստացվեց, որ ոստիկանները եկան իմ տունը խուզարկելու։ Փողերս հավաքել էին ու տարել բաժին։ Ես բանկի հաշիվ չունեի, ու փողերս միշտ տանն էի պահում։ Ոստիկանը ասեց՝ որտեղի՞ց քեզ էսքան փող։ Ասեցի՝ աշխատել եմ։ Վերցրեցին փողերս ու տարան բաժին։ Էդ տղային, որը ինձ ծեծել էր ու հեռախոսս գողացել, հիմա բռնել են։ Դատելու են իրան։
Էդ տանը ես մեն-մենակ էի ապրում, բայց շենքում մի ուրիշ տրանս էլ կար։ Ինքն էլ էր վարձով մնում։ Երբ որ հաճախորդս ինձ խփեց, ես գոռացի։ Ինքը լսեց, որ ինձ ծեծում են, ու եկավ։ Իսկ էս շենքում ուրիշ տրանսեր չկան։ Էստեղ լիազորն ա ապրում։ Տհաճ կին ա։ Հետևիցս նայում ա, բայց ոչ մի բան չի ասում։
Էդ դեպքից հետո իմ նախորդ տան տերը ասեց՝ որոշել եմ բնակարանը վերանորոգել։ Ասեց՝ դուրս արի։ Հիմա պատուհանից նայում եմ՝ ոչ մի վերանորոգում էլ չի եղել։
Կուկա
Մի անգամ տնից հանել են, որովհետև շուն եմ պահում։ Մի անգամ տան տերն իմացել ա, որ տրանս եմ, ասել ա՝ գնա։ Կլիենտս անընդհատ դուռը խառնում էր, գնում մտնում էր հարևանի տուն։ Էդ կնոջ դռներն էլ վեչնի բաց էին։ Ինքը բողոքեց, տան տերը հանեց։ Եղել ա, որ մի երկու ամիս ենք մնացել՝ հանել են ու դեպոզիտը հետ չեն տվել։ Եղել ա, որ նույն տանը 5 տարի ապրել եմ։ Դա սովորական բան ա։ Ով վարձով ա մնում, գիտի՝ նախօրոք չես իմանա, երբ ա պետք լինելու գնալ։
Էս տունը շատ եմ սիրում։ Ապահով ա էն առումով, որ հարևաններ չկան։ Ապրում եմ ընկերոջս հետ։ Սենյակները իրար միջով են, ու քանի որ երկուսս էլ սեքս-աշխատանքով ենք զբաղվում, պետք ա ամեն անգամ պայմանավորվել։ Մեկ-մեկ կռվում ենք իրար հետ։
Ես կուզեի մենակ ապրել։ 10 տարվա մեջ էնքա՜ն շատ մարդու հետ եմ ապրել, բայց երբեք մենակ չեմ մնացել։ Մենակ վտանգավոր ա։ Դեպքեր են եղել, որ եթե տանը ուրիշ մարդ չլիներ, կարող էր ամեն ինչ շատ վատ ավարտվել։ Եղել ա, որ կլիենտը ինձ խփել ա, ընկերուհիս ա վրա հասել։ Եղել ա, որ փորձել են թալանել։ Ոչ ոք չգիտի նախօրոք՝ ինչ սպասել կլիենտից։ Միասին ապրելը պաշտպանվելու ձև ա։ Էտ իմաստով մենք սպայկա ենք։ Միշտ ա դա տենց եղել։
Դիլա
— Երբ որ նոր էի եկել Երևան, աշխատում էի բուկլետ բաժանող, մատուցող ու Հեքիաթի կերպար։ Համացանցով ծանոթացա մի հատ տղայի հետ, որը գեյ էր։ Էն ժամանակ ես էլ էի գեյ։ Միասին տուն վարձեցինք դագաղների փողոցում։ Փող չկար։
Հետո գնացի Տիգրան Մեծ՝ իմ ամենասիրած տունը։ Էնտեղի հարևանները չգիտեին։ Կապյուշոնը գլխիս քաշած իջնում էի պադյեզդով, գնում էի մի խուլ տեղ, ավտոյի մեջ քսվում էի։ Էդ տանը երկու հոգով էինք ապրում։ Ու քանի որ ես փոքր էի, մտածում էի՝ միշտ էնտեղ եմ մնալու։ Հետո դուրս եկանք, որովհետև տան տերը որոշել էր մի քիչ վերանորոգել ու ավելի թանկով տալ։ Ինքը չէր խաբում։ Էդ տունը իրոք վատ վիճակում էր, ու մենք անընդհատ ջրում էինք ներքևի հարևանին։
Մի քանի տարի առաջ ես որոշել եմ, որ միշտ մենակ եմ ապրելու։ Չեմ ձանձրանում, որովհետև լիքը գործ ունեմ՝ մի օր սալոն, մի օր պեդիկյուր, մի օր էլոս։ Անընդհատ զանգում են։ Եթե կլիենտը քիչ փող ունի, գալիս ա իմ տուն, եթե շատ փող ունի, գնում ենք հյուրանոց։
Ինձ համար ամեն ինչ պարզ էր ի սկզբանե։ Ես ուշ եմ տրանս դարձել։ Տրանս եմ դարձել, որովհետև վատ եմ ապրել։ Ուզեցել եմ սեքս-աշխատանքով զբաղվել։ Հայաստանում սիրում են տրանսերին։ Հայ տղամարդը չի գնում գեյի մոտ, չի գնում աղջիկ աշխատողի մոտ, ինքը գալիս ա տրանսի մոտ։ Նրանք մեկ էլ ռուսներին են սիրում։
Ինձ համար հեշտ ա սենց ապրել։ Շատերը ասում են՝ ստիպված էինք։ Ես ստիպված չեմ։ Արի չխաբեմ քեզ։
Կուկա
— Առաջ տրանսերը ամենաթանկ բնակարաններն էին վարձում՝ 350 հազար դրամ, 400 հազար դրամ։ Տան տերերը գիտեին՝ ուրիշ տենց փող տվողի չեն ճարի, ու ձեն չէին հանում։ Հիմա էկոնոմիկան փոխվել ա։ Քանի որ սեքս-աշխատանքով զբաղվողները ավելի շատ են, սեքսի գներն ընկել են։ Լինում ա՝ 10 հազարով ենք անում, լինում ա՝ 40-50 հազարով։ Եթե առաջ ես օրական 100 հազար կարող էի աշխատել, հիմա դա հաճախ չի լինում։
Դիլա
Դիլա․ — Ռուս աղջիկներին 3 հազար դոլարով են տուն տալիս։ Իրանք էդտեղ օֆիսով գործ են անում։
Զառա․ — Ի՞նչ են անում։
— Իրանք ասում են «էսկորտ»։ Բայց դա նույն բանն ա՝ սովորական սեքս-աշխատանք։
— Էսկորտն ավելի թա՞նկ ա։
— Ռուսները ավելի թանկ են վերցնում։ Հայերը սիրում են ռուսներին։ Պահանջարկը մեծ ա։
— Ինչի՞ են սիրում։
— Որովհետև ռուսները գաղտնապահ են։ Ասենք, որ հայը իրան կունի ա անում, ինքը չի էթում սաղ աշխարհին պատմում։ Ինքը էթում ա ու խմում ա։ Դա կոչվում ա կոմերցիոն գաղտնիք։
<․․․>
Դիլա․ — Իսկ դու ի՞նչ նկատի ունես, երբ որ ասում ես «տուն»։
Զառա․ — Չգիտեմ։ Ապահովության հետ ա երևի կապված։
— Ես կուզեի տուն առնել։ Որովհետև հիմա ջահել եմ, ու փողը դեռ շատ ա։ Որ մեծանամ ու չկարողանամ էլ աշխատել, ո՞վ ա իմ տան վարձը տալու։ Էդքանը ես էլ եմ հասկանում։
— Ի՞նչ տուն կուզեիր ունենալ։
— Սովորական մի սենյականոց տուն։ Էս տան նման։ Կուզեի, որ բաքսի լինի։ Թող հարմար տուն լինի։
— Էս արջուկը քո՞նն ա։
— Կլիենտս ա նվիրել։
— Սիրահարվա՞ծ էր։
— Չգիտեմ։ Ինձ թվում ա՝ չէ։ Կլիենտին հնարավոր չի սիրահարվել։ Դա սուտ բան ա։
— Ինձ համար էնքան բարդ ա մենակ ապրելը։
— Ինձ բարդի չի։ Ո՞ւմ հետ պետք ա ապրեմ։ Սիրածի հետ չեմ ապրի։ Որ հետը ապրեմ՝ շուտ կկռվենք։ Չէ, հետը չեմ ապրի։ Որ կլիենտ գա, հո չեմ ասելու՝ գնա զուգարանում սպասի։
Կուկա
— Իմ գնալուց հետո մերոնք մնացին հանրակացարանում։ Երբ որ սկսեցի սեքս-աշխատանքով զբաղվել, փող էի հավաքում։ Չէի ուզում, որ պուճուր ախպերս մեծանա էդ շենքում։ Արդեն տուն ենք առել։ Մամաս ծախեց իրա սենյակը, մնացած փողը ես տվեցի։
․․․
Հանրակացարանի մասին մենակ վատ բաներ եմ պատմում, չէ՞։
— Լավ բան չկա՞ր։
— Էնտեղ գտել եմ երկու ընկերների։ Իրանցից մեկը արդեն ամուսնացել ա, իսկ էն մյուսը Ռուսաստանում ա ապրում։ Ինքն էլ ա գեյ։ Էն տղան, որը ամուսնացած ա արդեն, իմ առաջին պարտնյորն ա եղել։ Բակի մասսային ինադու մենք քիփ ջինսեր էինք հագնում։
— Ինքն էլ ա գե՞յ։
— Չէ։
— Շփվո՞ւմ եք հիմա։
— Հա։ Երբ որ շենքում խոսակցություններ տարածվեցին, որ կոմայգում ինձ տեսնողներ են եղել, արդեն պարզ էր, որ պետք ա գնալ։ Մամաս ձևացրեց, որ ինքը բան չգիտի։ Իրանք բան չասեցին։
Դիլա
— Էս տանս տերը գիտի իմ մասին։ Բրոկերին նախօրոք ասեցի՝ տրանս եմ, ասեցի՝ կարո՞ղ ա տան տերը չուզենա, որ ես ապրեմ։ Բրոկերը ասեց՝ կխոսամ։ Հետո զանգեց, ասեց՝ պրոբլեմ չկա։ Ինքը հայտնի դերասան ա։ Անունը մի գրի էլի։ Ինքը ինձ ասեց՝ կապ չունի, դու ապրի ու ինչ ուզում ես արա։ Ես եկա, նայեցի, միանգամից վերցրեցի։
Դիլա
Դիլա․ — Ես նոր պայուսակ եմ առել։ Ցույց տա՞մ։
Զառա․ — Ի՞նչ կա մեջը։
— Հանե՞մ։
— Հա։
— Նայի՝ սա իմ պայուսակն ա, Վայլդբերիզից եմ պատվիրել, ինքը միշտ ինձ հետո ա։
— Hi Vogue!
— Սա իմ պորտմանն ա։ Էս էլ եմ Վայլդբերիզից պատվիրել։
— Օ՜, վարդագույն։
— Իսկ սա զարյադըչնիկս ա։ Դրսի զարյադըչնիկ։ Մի հատ ընկերուհի ունեմ՝ Լիլի, ինքն ա վեշնի վերցնում։ Սա թևատակի դեզոդորանտ ա, որ լողանամ ու փչեմ։ Դանակ էլ ունեմ։
(հեռախոսազանգ) Ալյո ․․․ Բարև ․․․ Լավ, դո՞ւ ․․․ Կյանք, 50 հազարով եմ հանդիպում՝ մեկից երկու հանգստացում, իմ տուն կամ հյուրանոց ․․․ Տրանս եմ ․․․ Ժամանակ չի դրվում ․․․ Հա, կարելի ա գնալ հոթել ․․․ Ավելի էժան չի լինի ․․․ Կյանք, փող հավաքի, նոր զանգի․․․ Սեքս, մինետ, մասաժ ․․․ Հա, այո ․․․ Դու ստրո՞ւկ ես ․․․ 10 հազարով ուրիշին զանգի, սիրտ ․․․ Լավ։
— Գին էր գցո՞ւմ։
— Հա։
— Դանակը կտա՞ս նայեմ։ Ի՜նչ մեծ ա։
— Սեղմելով ա բացվում։ Զգո՛ւյշ։ Պետք ա մոտդ պահես, որ իրանց խելոք պահեն։ Իսկ սա, նայի, լուբրիգել ա։
— Հայկական արտադրությա՞ն։
— Չէ, բայց «Նոր սերունդն» ա տալիս։
— Վայ, իմ պռոշների բալզամից ա։
— Միշտ հետս ման եմ տալիս։ Մատիտ եմ քսում ու վրայից իրան, որ մի քիչ փայլի։ Սա էլ դեղ ա՝ էռեկցիայի համար։
— Վիագրա՞։
— Չէ, նոր սերնդի դեղ ա՝ Վիգարա։ Ամենալավ դեղն ա։ Վիագրան սրտին վնաս է, ալկոհոլի հետ չի կարելի։
— Ինչքան բան էսօր իմացանք։
— Էս իմ սիրած դուխին ա՝ ճամփորդական չափսի։ Հյուրանոց մտնելուց առաջ ցանում ես ու գնում։ Իսկ սա հայելի ա՝ ընկերուհիս ա նվիրել։ Իմը ջարդվել էր։ Ջարդված հայելի չի կարելի պահել, դա վատ նշան ա։
— Իսկ է՞ս ինչ ա։
— Պահպանակներ։ Ամեն գործ անող ունի։
Զառա Հարությունյան
The post Ուզում եմ մենակ ապրել, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ սպասել կլիենտից first appeared on Epress.am.