Վաղարշակ Հարությունյան. ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը Մոսկվայի և Անկարայի միջև դիմակայության մեջ չեն ներքաշվի
Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում ճգնաժամը որոշակի ռազմաքաղաքական գործընթացների կհանգեցնի, սակայն զինված դիմակայության պետք չէ սպասել, համոզված է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, սկզբում պետք է վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել և ինչով է դա պայմանավորված: ՙԹուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի օդային տարածքում խոցել են Սու-24 ռմբարկուն, ինչն ինքնին ոչ բարեկամական քայլ է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա թիկունքից հարված որակեց՚,- նշել է պաշտպանության նախկին նախարարն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ավելացրել է, որ Անկարայի գործողությունները հանգեցրել են ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման, ինչը դրսևորվել է Մոսկվայի կողմից տնտեսական և հումանիտար պատժամիջոցների կիրառմամբ:
Միաժամանակ Հարությունյանը համոզված է, որ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը գիտակցում են այդ միջադեպի սպառնալիքները ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև՝ գլոբալ անվտանգության տեսակետից: ՙՉնայած այն բանին, որ Թուրքիայի պահանջով ՆԱՏՕ-ի նիստ տեղի ունեցավ, որտեղ քննարկվեց այդ միջադեպը՝ Հյուսիսատլանտյան դաշինքը նիստի արդյունքում որևէ հատուկ որոշում չընդունեց: Այն միայն հաստատեց Թուրքիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հավատարմությունը, ինչը նախատեսված է ՆԱՏՕ-ի պայմանագրով: Ավելին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ տեղի ունեցած միջադեպի հետ կապված լուծում պետք է գտնեն Ռուսաստանը և Թուրքիան: Միաժամանակ ՀԱՊԿ-ը ևս բավականին պասսիվ դիրքորոշում է զբաղեցրել՝ զերծ մնալով որևէ հայտարարությունից՚,- ասել է փորձագետը: