Սարգսյանն առանձնացրել է գործող Սահմանադրության վտանգները
Հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ իր պարտքն է համարում այդ վտանգի մասին բարձրաձայնել:
«Չեմ կարող լուռ, հանգիստ մնալ եւ ասել` ես տեսնում եմ այս վտանգը, բայց քանի որ որոշ մարդիկ ասում են, որ ժամանակը չի կամ հասարակական պահանջ չկա, այդ պատճառով լուռ մնալ: Ընդամենը առաջարկություն է, եւ ամսի 6-ին տեսնենք, եթե մեր ժողովրդին պետք է այս փոփոխությունը, ուրեմն, այլ ճանապարհով կգնանք. հանրաքվեի նորմալ անցկացումը, օրինականության սահմաններում անցկացումն է մեր գերխնդիրը, ոչ թե սոսկ բարեփոխումների անցկացումը»,- ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը վկայակոչել է գործող Սահմանադրությունը, որում, նրա խոսքով, կա իրավունքի եւ պատասխանատվության անհամաչափություն:
«Սահմանադրության երրորդ գլխում, որտեղ ամրագրված են հանրապետության նախագահի կարգավիճակը, լիազորությունները եւ գործառույթները, մենք կարդում ենք հետեւյալը. Հոդված 49՝ Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
«Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Եվ հաջորդ պարբերությունը՝ «Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է»:
Հիմա դառնանք այն հոդվածին, որտեղ ամրագրված են հանրապետության նախագահի լիազորությունները: 55-րդ հոդվածի 12-րդ կետում գրված է. «Հանրապետության նախագահը զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում»:
Ուշադրություն դարձրեք բառին՝ համակարգում է, ոչ թե ղեկավարում, այլ համակարգում է: Ասացեք խնդրեմ, համակարգելով հանրապետության նախագահը ինչպե՞ս կարող է անվտանգություն ապահովել»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն է մոբիլիզացնել երկրի ողջ ռեսուրսը ռազմաքաղաքական խնդիր լուծելու նպատակով, սակայն եթե նա միայն համակարգում է, ապա ինչպես դա պետք է կազմակերպի:
«Եթե կառավարությունը, այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը եւ հանրապետության նախագահը, նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, խնդիր չի առաջանում, որովհետեւ բացի Սահմանադրությունից՝ գոյություն ունի նաեւ կուսակցական կանոնադրություն, գոյություն ունեն կուսակցական լծակներ, եւ այդ հարցը կարելի է լուծել: Բայց, եթե տարբեր քաղաքական ուժեր են, այս հարցն ինչպե՞ս պետք է կարգավորվի. առճակատմամբ: Այսինքն` մի կողմից պատերազմական իրավիճակ, մյուս կողմից՝ առճակատում երկրի ներսում: Ո՞նց եք դա պատկերացնում: Սա իրական սպառնալիք է մեր անվտանգությանը»,- ասել է նա:
Ըստ ՀՀ ղեկավարի՝ գոյություն ունեն խոչընդոտներ նաեւ տնտեսական զարգացման առումով:
«Խոսենք օրինակներով: Նաիրիտի բանվորներն ինչու՞ են գալիս Բաղրամյան եւ պահանջում աշխատավարձ: Եվ այն հարցին թե՝ ինչու՞ եք եկել այստեղ, նրանք ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք եւ գիտենք, որ ամեն ինչի համար պատասխանատու է նախագահը: Նույնը՝ հոսանքի սակագնի հետ կապված: Ո՞ւր գնացին այդ մարդիկ: Որտե՞ղ էին իրենց բողոքն արտահայտում: Եվ այս հանգամանքը, որ իրականության հետ որոշակի առնչություններ ունի, մի տեսակ, չգիտեմ ճիշտ բառն եմ օգտագործում թե ոչ, լղոզում է տնտեսական մարմինների կամ տնտեսությամբ զբաղվող մարմինների պատասխանատվությունը: Հանրության մեջ այդպիսի ընկալում կա չէ՞, որ բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում, նաեւ՝ տնտեսության հետ կապված: Եթե մարդը պատասխանատու չի զգում իր կայացրած որոշման համար, այդ որոշման կայացումը վերագրում է ուրիշին, ապա նա երբեք չի կարող հետեւողական լինել»,- նկատել է նա:
Երրորդ վտանգը նախագահը տեսել է դատական համակարգի կարգավորումներում:
«Ձեզնից որեւէ մեկը չի ժխտի, որ մեր հանրության մեջ տարածված կարծիք կա, թե բոլոր դատավճիռներն անցնում են Բաղրամյան 26-ով՝ մինչ դատարանում հրապարակելը: Ինչու՞ է այսպիսի կարծիք ձեւավորվել: Շատ պարզ պատճառով՝ բոլոր դատավորներին նշանակում է հանրապետության նախագահը: Եվ երբ դատավորները, չեմ ասում բոլոր, որոշ դատավորներ կատարում են իրենց «սեւ գործը», ապա կատարում են այսպես՝ ցույց տալով նախագահի նկարը: Մարդիկ էլ հասկանում են, որովհետեւ Հայաստանում անհնար է հավատալ, որ եթե դու մեկին նշանակում ես, ապա այդ մեկը քո ասածներով չի ղեկավարվում: Այսինքն, մենք այստեղ գործ ունենք դատական համակարգի ներքին ու արտաքին անկախության հետ, եւ առաջարկվող տարբերակով մասնագետների ճնշող մեծամասնության կարծիքով, այս խնդիրն էլ է լուծվում: Ես կարող եմ առնվազն 15 այսպիսի կետեր ասել, բայց կարծում եմ՝ այս երեքն էլ բավարար է, որպեսզի դուք կարծիք կազմեք իմ դրդապատճառների մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը: