Նալբանդյանը և միջնորդները քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպումը
Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցելությամբ Բելգրադում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ քննարկումները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի։
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Կողմերն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր փոխանակվեցին բանակցային գործընթացի շուրջ: Էդվարդ Նալբանդյանը և Լամբերտո Զանիերը համակարծիք էին, որ հիմնախնդիրը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում։