ԱրմԻնֆո-ի խմբագրություն ահազանգեր են ստացվում այն մասին, որ բազմաթիվ պետական հաստատությունների աշխատակիցների նկատմամբ ճնշում է գործադրվում, որպեսզի նրանք «այո» քվեարկեն հանրաքվեում
Չնայած իշխանությունների այն հավաստիացումներին, որ սահմանադրական հանրաքվեն կլինի բացառություն, և քարոզարշավի ընթացքում ընտրողների նկատմամբ ճնշում չի գործադրվի, ԱրմԻնֆո-ի խմբակցությունը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ բազմաթիվ պետական հաստատությունների ղեկավարներ այս օրերին հավաքում են իրենց աշխատակիցներին և փորձում են նրանց նկատմամբ, այսպես ասած, «բարոյական ճնշում» գործադրել, որպեսզի նրանք քվեարկեն սահմանադրական փոփոխությունների օգտին: Ահազանգեր են ստացվում, հիմնականում, բուժհաստատություններից և ուսումնական հաստատություններից: Կան նաև առանձին բողոքներ որոշ մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցներից:
Այսպես, այսօր ահազանգ է ստացվել Արարատի մարզի միջնակարգ դպրոցներից մեկի աշակերտների ծնողներից (գյուղը չի նշվում հենց ծնողների խնդրանքով) այն մասին, որ նախօրեին դպրոցում կայացել է ընդհանուր ծնողական ժողով, և տնօրենը, ինչպես նաև համայնքապետը փորձել են նրանց համոզել, թե որքան «լավ» կլինի գյուղի համար, եթե բոլոր բնակիչները միահամուռ կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխություններին: «Մեզ, մասնավորապես, ասվեց, որ այժմ մեր գյուղում իրականացվում են տարբեր ծրագրեր, կան նաև բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք պարտադիր իրենց լուծումը կգտնեն, եթե մենք «այո» քվեարկենք փոփոխություններին: Իբր, այն ժամանակ մեր համայնքապետը կարող է համարձակ գնալ մարզպետի մոտ և ասել, որ գյուղը 100%-ով «կողմ է քվեարկել փոփոխություններին», և անհրաժեշտ է լուծել ահա այս և այս հարցերը: Նաև ասացին, որ փոփոխությունները, միևնույն է, անցնելու են, անկախ այն բանից, թե մենք ինչպես կքվեարկենք, այնպես որ, ավելի լավ է «կողմ» քվերակել բարեփոխումներին, այդ դեպքում, գոնե, մեր գյուղին ինչ-որ բան կհասնի», - պատմել է ծնողը:
Ավելի վաղ մենք արդեն հաղորդել էինք, որ Արարատի մարզի մեկ այլ գյուղի դպրոցի տնօրենը հավաքել էր կոլեկտիվին և նրանցից ստորագրություն վերցրել, որ «կողմ» են քվեարկելու բարեփոխումներին:
Նոյեմբերի 28-ին Երևանի երկրորդ բժշկական միավորումում, որը պատկանում է գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանին, կայացել է ժողով, որի ժամանակ աշխատակիցներին ասվել է պարտադիր մասնակցել հանրաքվեին և «կողմ» քվեարկել առաջարկվող փաստաթղթին: Համանման ահազանգեր են ստացվում նաև այլ բժշկական հաստատություններից: