Մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան զորավարժությունը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը բարձր է գնահատել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնելուն ուղղված այս համագործակցությունը:
«Բարձր եմ գնահատում զորավարժության նախապատրաստական գործընթացին մասնակցած Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, որը 2 տասնամյակից ավելի հանդիսանում է Հայաստանի գործընկերը, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների եւ ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի աշխատանքը զորավարժության արդյունավետ պլանավորման գործում»,- ասել է նախարարը:
ՊՆ-ից հայտնել են, որ «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման եւ մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաեւ բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում: