Zara-ի խանութները դատի են տվել մոտ 100 մոդայիկ մարդու
Ավանի քրեական դատարանում հուլիսի 24-ին միաժամանակ երկու գործ էր քննվում Zara հագուստի խանութի հայցով։ Գործերից մեկով երիտասարդ կնոջը մեղադրում էին «ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության» մեջ։ Նա 32 հազար 900 դրամանոց կանաչ շորիկ է գողացել։
Մեղադրական եզրակացության համաձայն, Zara խանութ-սրահի հանդերձարանում կինը պոկել է զգեստի ազդանշանային սարքն, «պիտակը կապել է նախապես խանութ-սրահ բերված, օգտագործած, նույն ապրանքանիշի մեկ այլ զգեստի վրա», հանձնել է այն հանդերձարանի աշխատակցին և դուրս եկել խանութից։
Zara-ն ոստիկանություն է դիմել։ Հսկողության տեսախցիկների կադրերը հրապարակվել են, կնոջը սկսել են որոնել, գտել են, տարել են բաժին, հիմա էլ դատում են։ 33 հազար դրամանոց շորիկի գործով արդեն 5-րդ նիստն էր։ Մանր արկածախնդրությունը վերածվել էր ընտանեկան խռովության. դատարանում կնոջն ուղեկցում էր հայրը, որն արգելում էր նրան խոսել։
Հայաստանի «գերծանրաբեռնված» դատարաններով մոտ 100 նման գործ է անցել։ Հայցվորն Ինդիտեքս (Inditex S.A.) իսպանական կորպորացիան է, որը Հայաստանում ներկայանում է «Զեթարֆեյշընռիթեյլ» (Zara), «Փրոռիթեյլ» (Pull&Bear), «Բեսթռիթեյլ» (Bershka), «Սփենիշռիթեյլ» (Stradivarius), «Մասթերռիթեյլ» (Massimo Dutti) ՓԲԸ-ների անունով։
Ինդիտեքսն աշխատում է 90-ից ավել երկրներում՝ ուղղակիորեն կամ ռիթեյլերների միջոցով, 7 հազարից ավել խանութ ունի, զբաղվում է նաև օնլայն վաճառքով։ Ընկերության տարեկան (մաքուր) եկամուտը մոտ 5 միլիարդ եվրո է կազմում։
Աղքատներին Ինդիտեքսը հնարավորություն է տալիս նմանվել հարուստներին։ Արտադրանքը «պատճենում» է ֆեյշն-ուիքերի հավաքածուները և ստեղծում նորաձևության հանրամատչելի թրենդներ։ Գերշահույթն ապահովվում է գերսպառման, շահագործման և լավ իրավաբանների միջոցով։
Արտադրությունն աութսորս է արվում և տեղափոխվում աղքատ երկրներ։ Շահույթի մեծ մասն արդյունքում մնում է մայր-կորպորացիային, իրավական պատասխանատվությունը՝ պերիֆերիկ սունկ-ընկերություններին։
Օրինակ․
2011-ին Բրազիլիան փակել է Zara խանութների համար աշխատող ֆաբրիկան, որտեղ մարդկանց շահագործում էին ստրկականին մոտ պայմաններում։ Ինդիտեքսը հայտարարել է, որ տեղյակ չի եղել այդ մասին։
2013-ին պարզվել է, որ Բանգլադեշում փլուզված արտադրամասը հագուստ էր կարում նաև Zara-ի համար․ կիսաքանդ շենքի փլատակների տակ 1134 մարդ էր մահացել, մեծ մասը՝ դերձակներ, որոնք աշխատում էին ամսական 38-ից 68 դոլարով։ Ինդիտեքսը հայտարարել է, որ տեղյակ չի եղել այդ մասին։
2016-ին BBC-ն հետաքննություն է արել, ըստ որի Zara-ի թուրքական ֆաբրիկաները շահագործում են մանկահասակ երեխաներին և փախստականներին։ 2020-ին էլ ASPI-ն է հատուկ զեկույց հրապարակել՝ չինական ֆաբրիկաները, որոնք արտադրանք են մատակարարում Zara-ին, Adidas-ին, H&M-ին, Nike-ին, Uniqlo-ին, Victoria’s Secret-ին, BMW-ին, Land Rover-ին, Lenovo-ին, LG-ին, Dell-ին, ASUS-ին, Acer-ին, Samsung-ին, Apple-ին, հարկադրաբար աշխատացնում են ույղուրներին։ Մարդիկ այնտեղ շահագործվում են ծանրագույն պայմաններում, ապրում փակ հանրակացարաններում, աշխատանքից հրաժարվողներին սպառնում է ազատազրկում։ Ինդիտեքսը կամ հերքել է, կամ հայտարարել, որ տեղյակ չի եղել այդ մասին։
Ժամանակ առ ժամանակ իսպանական կորպորացիան մեղադրվում է անհայտ դիզայներների գործերը գողանալու մեջ․ ընկերությունն անվճար «վերցրել» է, օրինակ, Թյուզդեյ Բասսենի, Քեթրին Մալեյկայի, Թեյլըր ՄաքՔինի, Քամիլա Ռեքի գործերը։ Իրավաբանական թիմը հայատարարել է, թե բոլոր համընկնումները պատահական են։ Ինդիտեքստը օգտվում է պարզ լծակից՝ դիզայներները ոչ թե գողանում են ուրիշի ինտելեկտուալ սեփականությունը, այլ «ոգեշնչվում են» պոպուլյար «վիզուալ ոճերով»։
Վերադառնանք Հայաստան։ Ընկերությունն այստեղ «տուժողի» դերում է։
Օրինակ՝
2015 թվականին 42-ամյա կնոջը մեղադրել են Ինդիտեքսի ռեթեյլերին գույքային վնաս պատճառելու մեջ և դատապարտել 200 հազար դրամ տուգանքի։ Zara-ի աշխատակիցները նրան բռնել էին տեղում՝ գողոնը ձեռքին, բայց թռցրած շորերը հետ վերցնելու փոխարեն կանչել էին ոստիկանություն, հարուցել քրեական գործ, պաշտոնական ներկայացուցիչ ուղարկել 5 դատական նիստերի, վերջում էլ 48 հազար դրամի հագուստը՝ տղամարդու երկու տաբատ և մեկ բլուզ, թողել դատապարտյալին «նվեր»։
Zara-ից 14 հազար դրամանոց շապիկ գողանալու համար 2017 թվականին 19-ամյա տղան դատապարտվել էր կես միլիոն դրամ տուգանքի, իսկ նրա 16-ամյա ընկերը՝ պրոբացիոն հսկողության և մասնակի տնային կալանքի։ Դատարանում ցուցմունք տալիս տուժող ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր՝ թինեյջերների խմբակային «հանցագործության արդյունքում ընկերությանը պատճառվել է 13.900 դրամի գույքային վնաս», «ընկերությունը հրաժարվում է ամբաստանյալների հետ հաշտություն կնքել» և «ցանկանում է, որ նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության», իսկ «իրեղեն ապացույց ճանաչված շապիկը վերադարձվի» խանութին։
Քրեական գործերի մեծ մասն ավարտվել է մեղադրական դատավճռով՝ տուգանք 100 հազարից մինչև կես միլիոն դրամի չափով։ Ամեն գործի վրա մի քանի ոստիկան ու քննիչ, մի ամբողջ դատարան, դատախազ, մի երկու վճարովի իրավաբան է աշխատել։
Կան մարդիկ, որ դատվել են 6 հազար դրամանոց շապիկի կամ 7 հազար դրամանոց օծանելիքի հափշտակության համար։ Ռեցեդիվի դեպքում կարող են նաև նստել։
Հարցը «գույքային վնասի» չափը չէ, այլ քաղաքական սկզբունքը։ «Բալը թանկ է»։ Հասմիկ Սարգսյանին մինչև հիմա պահում են Աբովյանի բանտի խիստ ռեժիմի խցում՝ իր 4 երեխաների համար պահածոներ, 4 հազար դրամ, 60 հազար դրամ գողանալու համար։ Բոլորը հիշում են, ինչպես էին ոստիկանները ձեռքերը ոլորած բերման ենթարկում SAS սուպերմարկետից պեչենի գողացած տղամարդուն։ Եթե դատում են նրանց, ովքեր կարիքից ելնելով են գողության գնացել, պետք է դատեն նաև նրանց, ովքեր հաճույքի համար են գողացել։
Օրենքով պարտավորված ենք ոստիկանություն կանչել՝ Epress.am-ին ասել է Zara-ի նախկին աշխատակիցը․
«Zara-ն հարգում է տեղական օրենքները։ Քրեական օրենսգիրքը գողության համար շեմ չի սահմանում։ Դա օրենսդրության խնդիրն է, ոչ թե տնտեսվարողի»։
Կորուստի որոշակի շեմ կա, որ նախօրոք ներառված է բիզնես պլանի մեջ՝ բացատրել է Zara-ի ներկա աշխատողներից մեկը։ Խանութում պարբերաբար վերջնահաշվարկներ են արվում, ընդունելի շեմը երբևէ չեն հատել։ Գողացված իրերի համար Zara-ն աշխատողներից գումար չի պահում։ «Մանր գողությունները Հայաստանում ավելի քիչ են, ուղղակի ավելի ցավագին են ընդունվում»։
Հայաստանյան բանտերում նստած մարդկանց ամենամեծ՝ 37․9 տոկոսը դատապարտվել է «սեփականության» դեմ հանցագործությունների համար։ 2018 թվականից հետո մանր և միջին «գողերի» շարքերը համալրել էին մեծ թալանչիները՝ պաշտոնյաներ, բիզնեսմեններ, պաշտոնյաների և բիզնեսմենների հարազատներ։ Նրանց վաղուց ազատ են արձակել։
Հ․Գ․ Չնայած ենթադրվում է, որ գլոբալ կորպորացիայի գնային քաղաքականությունն ունիվերսալ է, Հայաստանում, որտեղ միջին եկամուտները մի քանի անգամ ավելի ցածր են, Ինդիտեքսի միևնույնն ապրանքները վաճառվում են մինչև երկու անգամ ավելի թանկ գներով, քան եվրոպական կամ ամերիկյան շուկայում։ Տոնական շորիկը, որը Հայաստանում 34 հազար դրամ արժի, պայմանական Հունաստանում վաճառվում է 50 եվրոյով՝ 21 հազար դրամ։
The post Zara-ի խանութները դատի են տվել մոտ 100 մոդայիկ մարդու first appeared on Epress.am.