Քննչական կոմիտեն հարուցել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ
«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։Հաղորդումներից 79-ը վերաբերում է Երևանում, 48-ը՝ մարզերում տեղի ունեցած խախտումներին»,-ասված է հաղորդագրությունում։
Այսպես՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 19, Լոռիում՝ 14, Արագածոտնում՝ 4, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի քննչական վարչություններում՝ 2-ական, Արմավիրում՝ 1 հաղորդում։
Երևանում ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանին՝ 24 դեպք։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է 15, Աջափնյակ և Դավթաշենում՝ 9-ը, Քանաքեռ-Զեյթունում՝ 8, Կենտրոն և Նորք-Մարաշում՝ 7, Շենգավիթում՝ 6, Արաբկիր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ 5-ական ահազանգ։
Ստացված բոլոր ահազանգերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ տարածքային քննչական ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ։
Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրապետական հանրաքվեն։
ԿԸՀ–ի նախնական տվյալների համաձայն` բարեփոխումներին կողմ է քվեարկել 825 851 ընտրող, դեմ` 421 600–ը։ Քվեարկությանը մասնակցել է 1 303 466 ընտրող, այդ թվում` 189 230–ը ID քարտերով։
Ընտրական հանձնաժողովներում մարվել է 1 330 954 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 53 332 քվեաթերթիկ։-0-