Ալեն Սիմոնյանը Բաքվին առաջարկում է «կատարյալը լավի թշնամի չդարձնել»
«Երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ:
Կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին: Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է: Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»,- Ժնեւում ընթացող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ասել է Ալեն Սիմոնյանը:
Հոկտեմբերի 14-ին Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրել էր, որ Ժնեւում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը չեղարկվել է վերջին պահին, քանի որ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից: