ՄԻՊ-ը պահանջել է հետաքննել ընտրական իրավախախտումները
Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իրավախախտումների վերաբերյալ գլխավոր դատախազին, ոստիկանության պետին, քննչական կոմիտեի նախագահին եւ հատուկ քննչական ծառայության պետին է ուղարկել գրություն, որում ներկայացրել է ստացված ահազանգերը և կոչ է արել ուսումնասիրել նշված դեպքերը, ձեռնարկել համապատասխան միջոցներ եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել արդյունքները:
«Ստացված ահազանգերից ու տարածված մյուս տեղեկություններից մենք առանձնացրել ենք հատկապես այն խնդիրներն ու միջադեպերը, որոնք ամենախնդրահարույցն են եւ առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ: Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն, որը կարող է համարվել այդպիսին, եթե հնարավորինս արագ բացահայտվեն եւ խստորեն պատժվեն այս եւ այլ միջադեպերում անմիջականորեն կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր անձինք, ովքեր հանրաքվեի կապակցությամբ քրեորեն պատժելի արարք են կատարել»,- ասված է Օմբուդսմենի գրության մեջ:
Կարեն Անդրեասյանը հատուկ կարեւորել է, որ բոլոր ահազանգերի ու գանգատների մանրակրկիտ ստուգման արդյունքում բացահայտվեն նաեւ վարչական ռեսուրսի օգտագործման բոլոր դեպքերը, եւ նման չարաշահում թույլ տված պաշտոնատար անձինք եւս ենթարկվեն խստագույն պատասխանատվության:
«Պատրաստակամություն ենք հայտնում մեր ունեցած տվյալներով հնարավորինս օժանդակել դեպքերի օբյեկտիվ քննությանը: Համոզված ենք, որ խախտումներ կատարած անձանց բացահայտումն ու խստագույն պատասխանատվության ենթարկելը կամրապնդի հանրության վստահությունը թե իրավապահ համակարգի եւ թե ընտրական գործընթացների նկատմամբ»,- նշել է օմբուդսմենը: