Այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են դրամական փոխանցումներն ստանալ իրենց բանկային քարտին
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բեստ» վճարային համակարգի հետ համատեղ դրմական փոխանցումների շուկայում գործարկում է նոր ծառայությունը: Այսուհետ դրամական փոխանցումներ ստանալու համար գործող երկու եղանակներից բացի (ինտերնետ տիրույթում և տեղեկատվական կենտրոնի միջոցով), հաճախորդները կարող են փոխանցումներն ստանալ նաև իրենց բանկային քարտին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ծառայությունն անվճար է, փոխանցողից գանձվում է միայն միջնորդավճար «Բեստ» վճարային համակարգի միջոցով փոխանցում կատարելու դիմաց: Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմով:
Աղբյուրի համաձայն, ծառայությունից օգտվելու համար փոխանցումն ստացող՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA կամ MasterCard քարտապանը պետք է դրամային փոխանցումը կատարողին նախապես տեղեկացնի իր քարտի վերջին 4 նիշերը և անձնագրի համարի վերջին 5 նիշերը: Փոխանցումը կատարելիս փոխանցողը պետք է վերը նշված տվյալները հայտնի բանկի աշխատակցին, ինչպես նաև, որ փոխանցումը կատարվում է ՎՏԲ-Հայաստան Բանկ: Այս եղանակով կատարված դրամային փոխանցումը ավտոմատ կերպով հաշվեգրվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին: Փոխանցումը հաշվեգրվում է այն արժույթով, որով որ կատարվել է փոխանցումը (այսինքն, եթե փոխանցումը կատարվել է ռուսական ռուբլով, իսկ գործող քարտին ամրացված են 3 տեսակի հաշիվներ՝ AMD/USD/ RUB, ապա գումարը փոխանցվում է ռուբլու հաշվին): Այն դեպքում, երբ նույն արժույթը բացակայում է, գումարը փոխարկվում է տվյալ հաշիվների համար առաջնային արժույթին:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են դրամական փոխանցումների MoneyGram, «Avers», «Յունիստրիմ», «Fast Mail» («Fast Mail»), «InterExpress», «Intel Express», «Անելիք», «Ria Money Transfer", "Sigue Money Transfer" համակարգերը, ինչն իր հերթին, բանկին բարձր մրցունակություն է ապահովում բանկային ծառայությունների շուկայում:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: