Հաագայի դատարանը կոչ է անում ձերբակալել Գազան ավիրողներին
Հաագայի դատարանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և նրա Պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել․ նրանք մեղադրվում են Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։
Դատարանի կայքում նշվում են այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են Գազայում սովը որպես պատերազմի մեթոդ օգտագործելը, խաղաղ բնակիչների սպանությունները, հետապնդումները և այլ անմարդկային գործողությունները: Դատարանը նաև ունի հիմնավոր կասկածներ, որ Նեթանյահուն և Գալանտը դիտավորությամբ սահմանափակել են հումանիտար օգնության մուտքը Գազա, ներառյալ՝ ջուրը, դեղորայքը և վառելիքը։
Դատարանը նաև ձերբակալման օրդեր է տվել ՀԱՄԱՍ-ի հրամանատար Մուհամմադ Դեյֆի համար, թեև Իսրայելը հայտնել էր, որ նա սպանվել է հուլիսին Գազայում ավիահարվածների հետևանքով:
Վարչապետ Նեթանյահուն Յոավ Գալանտին հեռացրել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից նոյեմբերի 5-ին՝ պատերազմը շարունակելու շուրջ անհամաձայնությունների պատճառով։ Նեթանյահուն ցանկանում էր շարունակել պատերազմը Գազայում, իսկ Գալանտը պնդում էր, որ առաջնահերթ է պատանդների վերադարձի շուրջ բանակցելը։
Գազայում Իսրայելի գործողությունները Միջազգային քրեական դատարանում քննում են արդեն երրորդ տարին անընդմեջ։ Ձերբակալման օրդերը, սակայն, վերաբերում է միայն 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին։ Հաագայի դատարանը քննում է նաև Գազայում ցեղասպանության մեղադրանքով հայցը։ Բացի ՄՔԴ-ի հետաքննությունից, Գազայում Իսրայելի գործողությունները հայցի առարկա են նաև Արդարադատության միջազգային դատարանում:
Իսրայելը չի ընդունել Հռոմի ստատուտը, որը պարտավորեցնում է հետախուզվողների հանձնումը դատարանին։ Պաղեստինի իշխանությունները փաստաթուղթը վավերացրել են 2015 թվականին։
Պաղեստինյան կողմի պաշտոնական տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր Գազայում ավելի քան 35 հազար պաղեստինցի է զոհվել։ Մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ Վիրավորների թիվը անցել է 74 հազարը։
Պաշարված անկլավում սով է։ Հումանիտար օգնությունը հյուսիսային շրջաններ գրեթե չի հասնում. ՄԱԿ-ի տվյալներով՝ բեռների մատակարարմանը խոչընդոտում է իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ), ավելի քան 576 հազար մարդ կանգնած է իրական սովամահության եզրին, մեկ միլիոնից ավել մարդ ապրում է սովի մեջ։ Գազայում փակ են հիվանդանոցները, էլեկտրականության և կոյուղու համակարգերը չեն աշխատում, չռմբակոծված տներ առհասարակ չկան. հարյուր հազարավոր մարդիկ թափառում են ավերակների մեջ։
ՀԱՄԱՍ-ի պարագլուխներին սպանելուց հետո Իսրայելը ուժեղացրել է ռազմական գործողությունները Լիբանանում՝ ընդդեմ պաղեստինական դիմադրության աջակից Հեզբոլլահ խմբավորման։
Սեպտեմբերի 17-ին Բեյրութի արվարձաններում և այլ շրջաններում Հեզբոլլահ խմբավորման անդամների փեյջերների միաժամանակյա պայթյունների հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, մոտ 470-ը վիրավորվել են։ Սեպտեմբերի 23-ի գիշերը Ցախալը հրթիռակոծել է նաև բնակելի շենքեր։ Սպանվել են 558 խաղաղ բնակիչներ, մեծ մասը՝ իրենց տներում կամ դեպի հյուսիս տարհանվելու ճանապարհին։
The post Հաագայի դատարանը կոչ է անում ձերբակալել Գազան ավիրողներին first appeared on Epress.am.