Թումանյանի դստեր անտիպ նամակները. «Խաթրոլոգիան» եւ փչացված վերարկուն
Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը, եւ տատիկս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանը, չափազանց մտերիմ էին: Ընկերություն անում էին ընտանիքներով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո զինվորական պապիկս, որը անցել էր ողջ պատերազմի միջով, կնոջ՝ Արփիկի ու փոքրիկ աղջկա՝ Իոննայի հետ, տեղափոխվում է Գերմանիա: Իոննան (Նոնան)՝ մայրս, անգամ առաջին դասարանը Գերմանիայում է սովորել:
Գերմանիայից նրանց վերադարձի պատճառը ավտովթարն էր. մեքենայի ղեկին պապիկս էր: Թե ում մեղքով է տեղի ունեցել վթարը, տատիկիս պատմությունից չեմ հիշում: Բայց այդ վթարի պատճառով հեռացնում են տատիկիս ոտքը: Ընդ որում, վթարի վայր ժամանած բժիշկները խորհուրդ են տալիս պապիկիս, որ կնոջը տանի Գերմանիայի լավագույն հիվանդանոցը, սակայն պապիկս հրաժարվում է՝ կնոջը վստահելով խորհրդային ռազմական հոսպիտալի բժիշկներին: Ամբողջ կյանքում տատիկս վստահ էր՝ գերմանացի բժիշկներն իր ոտքը կփրկեին…
Նվարդ Թումանյանն ու Արփիկ Ավետիսյանը այդ տարիներին ակտիվ նամակագրություն են վարել: Նվարդի նամակները մեր տանն են, տատիկիս անձնական արխիվում: Մեդիամաքսի ընթերցողներին ենք ներկայացնում այդ նամակներից երեքը: Սրանք երբեւէ չհրապարակված նամակներ են: Երկուսը միայն ամիս-ամսաթվի նշումով է, մեկը՝ նաեւ թվականի՝ 1947:
***
Արփիկ ջան,
Վերջապես քեզնից երեկ մի նամակ ստացանք. շատ էի անհանգիստ, թե ինչու գնացիր ու էդպես լռեցիր: Լավ է հիշում ես մեզ բոլորիս ու նույնիսկ կարոտում: Կարոտը լավ զգացում է, ոչինչ. Էլ ավելի կսիրես ու կգնահատես էն ամենը, ինչ որ թողիր ոչ թե սարերի, այլ տափաստանների ետեւ:
Նամակիցդ երեւում է, որ բոլորդ առողջ եք ու լավ: Տնաշեն, մի ձեր երեքիդ լուսանկարները ղրկիր: Ես էս բացիկներում ձեզ էի փնտրում-նուրբ ծառերի ճղները ձյունոտ լեռների ֆոնի վրա զիս մխիթարեցին ու գոհացրին:
Գրողների միության համագումարը արդեն հնություն է դարձել: Հիմա այնտեղ Հրաչիկ Գր.-ի տեղը Սիրասն է, Բորյան ու Քոչարը՝ Վարպետի նախագահությամբ: Թեեւ վաղուց հեռացել ես, բայց առանձին նորություն չկա: Նոյեմբերի 17-ին Մուշեղի (խոսքը Նվարդ Թումանյանի ամուսնու, Ղազարոս Աղայանի որդի Մուշեղ Աղայանի մասին է-Լ.Ա.) ծննդյան օրը քեզ շատ հիշեցինք (անցյալ տարի իմ միակ հյուրն էիր Նոնչկայիդ հետ ու անհաջող անցավ): Այս տարի Փերիխանյաններն էին (ամենայն հավանականությամբ, խոսքը կուսակցական գործիչ Գեւորգ Փերիխանյանի եւ նրա ընտանիքի մասին է-Լ.Ա.) ու մերոնք. շատ լավ անցավ. Մուշեղը նույնիսկ երգեց: Դեկտ. երկուսին երաժտ. սեկցիայի սեսիան է: Մուշեղը զեկուցում ունի, երգելու է օրորոցի երգը: Ձայնը նորից փչացավ, կոկորդը բորբոքվել էր:
Արփիկ ջան, քանի էդտեղ ես, իմացիր ՝ կոկորդը երբ մրսած, ձայնը նստում է, ի՞նչ դեղ են տալիս, դրա փոխարեն՝ կգաս, Մուշեղը քեզ համար «Ո՜հ, ինչ անույշ»-ը կերգի: Ուղարկում եմ գիտական սեկցիայի ծրագիրը: Այսօր երեկոյան Գրողների տանն էլ ժողով ունենք: Բարեւներդ դեռ տեղ չեմ հասցրել- վաղը լինելու եմ ինստիտուտում, բոլորին կբարեւեմ: Անցյալ օրը Հրայրին տեսա, նա էլ էր զարմանում լռությանդ վրա: Երանին երկու անգամ եմ տեսել. մեզ մոտ դեռ չի եղել: Արփիկ ջան, եթե չես մոռացել, հետաքրքրվիր, իմացիր ՝ ի՞նչ արժեն փոքրիկ գրամեքենաները եւ հեշտ է ձեռք բերե՞լ, թե՞ ոչ: Դեռ նա չեմ հանձնել:
Համագումարի օրը լույս տեսավ «Անտոլոգիան». շատերը ասում են թալանլոգիա - 120 ռ. արժե: Ասում են եւ խաթրոլոգիա - մի շարք գրողների խաթրով են տեղ տվել- կամ խաթալոգիա եւ այլն, եւ այլն: Կգաս, կտեսնես: Շուտ-շուտ գրի: Շատ բարեւի Ցոլակիդ: Նոնչկայիդ ու քեզ ՝ պինդ համբույրով՝
Նվարդից
2 / XII
***
Արփիկ ջան, վաղուց քեզնից լուր չունեմ: Ի՞նչ օրի եք: Երեկ թանգարանում Հրայրին տեսա, խնդրեց, որ միասին ուղարկենք նամակները: Հույս ունեմ, որ կստանաս: Ակադեմիայի սեսիայից հետո որոշ փոփոխություններ տեղի ունեցան : Պրեզիդենտը հիմա Համբարձումյանն է (խոսքը այդ պաշտոնին Հովսեփ Օրբելուն փոխարինած Վիկտոր Համբարձումյանի մասին է-Լ.Ա.): Ասում են՝ դիրեկտորիայի տեղաշարժություններ էլ պիտի կատարվի: Տեսնենք:
Նախորդ նամակում գրել էի, որ գրամեքենայի մասին այլեւս չմտածես. նախկինը մնում է մոտս, ուրեմն ունեմ:
Երեկ գիշեր երազումս քեզ տեսա. եկել էիր: Գիտե՞ս ինչ կապակցությամբ: Անցած օրը ինձ պետհրատ էին կանչել: Հայրիկի «Մի կաթիլ մեղրը» եւ «Ծաղիկների երգը» ուզում են հրատարակել: Ես էլ անցա Երանի մոտ, որ էն գիրքը, որ Նոնչկային էի նվիրել, ուզում էի տանել եւ ցույց տալ, որ նույն ձեւով նկարեն: Իհարկե, չգտանք: Երանը ենթադրում էր, որ գրքերի պահարանում կլինի: Էս բոլորից հետո գիշերը երազումս քեզ եմ տեսնում, եւ ուզում ես պահարանը բացել…Բացելուս ուրախությունից զարթնում եմ եւ տեսնում եմ ին՝ձ մեր տանը, իսկ քեզ՝ հեռավոր վայրերում: Ա՛յ քեզ ինչ պատրանքներ է տալիս մարդուն երազը: Ինչեւէ: Դու երկար գրիր: Էս քանի օրը երեք հիմնարկի գծով էլ զանազան պարտականություններ ու հաշվետվություններ կան վրաս դրած. գրում եմ շտապ: Մուշեղն էլ նստած Քյոռօղլի է նվագում, քեզ էլ՝ շատ բարեւում- բոլորը, բոլորը, բոլորը…
Ինչպե՞ս են Ցոլակն ու Նոնչկան: Նոնչկային երեւի չենք ճանաչի՝ էնքան մեծացած կլինի:
Դեհ, լավ կաց, շուտ-շուտ գրի:
Պինդ համբույրով՝ Նվարդից:
28/ I, 47
***
Արփիկ ջան,
Նամակդ ստացել եմ ու պատասխանել, բայց մինչեւ հիմա քեզնից ոչ մի լուր: Անցյալ օրը Երանի մոտ էի, նա էլ էր գանգատվում, որ քիչ ես գրում: Եղա քո սենյակում. ամեն ինչ իր տեղն էր ու մաքուր, նույնիսկ Ֆիկուսդ:
Բարեւներդ տեղ հասցրի. ընդունեցին շնորհակալությամբ եւ բարեւում են փոխարինաբար: Նամակս, հուսով եմ, Նոր տարուն կստանաս, էնպես որ, Արփիկ ջան, Նոր տարիդ շնորհավոր, լավագույն ցանկություններով ու ցանկություններիդ կատարումով:
Լուսիկը դեռ Մոսկվա է, Արփիկը գնաց, եւ էսօր նրան էլ եմ նամակ գրում: Թեեւ էսօր քեֆս շատ է վատ. վերարկուս՝ բոստոնը, տվի կարելու մի անծանոթ կնոջ ու փչացրեց: Նորից է վերանորոգում…Ինչ պիտի լինի, չգիտեմ: Ինչեւէ: Երեկ մի տարօրինակ բան ասին. իբր թե մեր Հրայրի կինը թողել է տուն-տեղ եւ ուրիշի հետ (Դավթյանի) ամուսնացել: Ինճիկյանը հաստատեց:
Դեկտեմբերի 30-ին Ինճիկյանի դիսերտացիայի պաշտպանության օրն է: Դեկտեմբերի 22-ին մայրիկի ծննդյան օրն էր. 75-ամյակը կատարեցինք. «Վերնատան» ներկայացուցիչներն էին հրավիրված՝ Վարպետն ու Դերենիկը (Դեմիրճյան-Լ.Ա.) եւ մենք…
Վերջին տասն օրը Երեւանում սառնամանիքներ են անում. շատ է ցուրտ: Ինչպե՞ս է Նոնչկան, ի՞նչ է անում, իր մոր նման արդյո՞ք կարոտում է Երեւանը, հիշում է մեզ, թե՞ մոռացել է բոլորին…
Գրիր մի քիչ շուտ-շուտ եւ երկար: Լույս է տեսել Մուշեղի «Սայաթ Նովան»: Քեզ համար մեկ օրինակ պահել է: Քեզ, իհարկե, հիշում ենք, էնպես որ բարեւներ շա՜տ մայրիկից, Մուշեղից եւ մերոնցից բոլորից: Մուշեղը քեզ փոքրիկ պատվեր է ուզում տալ- մի քանի մատիտ: Ասում է՝ Արփիկին գրի, մեզ համար բերի kon-i-noor (13)
բե:
Առայժմ՝ այսքանը, շատ բարեւներ Ցոլակիդ, համբույրներ՝ քեզ ու Նոնչկային:
Նվարդից
25/ XII
***
Մայրիկս՝ ազգագրագետ Իոննա (Նոնա) Ավագյանը, որն այնքան հրաշալի մանկություն էր ունեցել՝ շրջապատված ժամանակի լավագույն գրողների, գեղանկարիչների, գիտնականների ուշադրությամբ ու հոգատարությամբ, այդ պատմությունները ինձ փոխանցելը երեւի չի կարեւորել: Այդ մասին իմանում եմ, փաստորեն, տատիկիս անձնական նամակագրությունից:
Շատ ափսոսում եմ, որ վաղ կորցրեցի պապիկիս, իսկ տատիկիս ու մայրիկիս հետ նրանց անցյալից ու մանկությունից հետաքրքրվելու կարեւորությունը ուշ հասկացա…
Լիլիթ Ավագյան