ԵՊՀ-ում տոնել են համալսարանի հիմնադիր Հակոբ Մանանդյանի ծննդյան 151-ամյակը
«Դժբախտաբար, մեր ցեղը չի գիտակցում, որ ինքը նույնիսկ եվրոպական խոշոր գիտնականներին ունի ասելու մի նոր խոսք իր համալսարանի միջոցով ու իր նոր սերունդների միջոցով, որոնք տանջանքի բոցերում հղացել են նոր տեսակետները, խոր՝ ինչպես իրենց տանջանքները»:
Հակոբ Մանանդյան
Նոյեմբերի 20-ին Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում նշել են Հակոբ Մանանդյանի ծննդյան 151-ամյակը: Անվանի պատմաբանը ծնվել է 1873 թ. նոյեմբերի 22-ին Ախալցխայում:
Միջոցառմանը ներկա էին Հ. Մանանդյանի ժառանգ Էլեոնորա Մանանդյանը, պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողներ:
Մանանդյանի եւ ժամանակակիցների անմնացորդ նվիրումը
Մեր ժամանակներում, երբ հարեւան պետություններն ամեն կերպ ձգտում են աղավաղել պատմությունը, հայ պատմաբանների դերն ավելի է կարեւորվում, քանի որ նրանք պետք է կարողանան տեր կանգնել պատմական արդարությանը։ Այս մասին ուսանողությանն ուղղված իր խոսքում նշել է Էլեոնորա Մանանդյանը:
«Հակոբ Մանանդյանի մասին խոսելիս՝ կարեւոր է շեշտել, որ նա եւ իր ժամանակակից մյուս մեծերը Հայաստանի համար շատ ծանր ժամանակաշրջանում անմնացորդ նվիրվել էին հայրենիքին եւ դրա շնորհիվ կարողացան փլատակներից վեր հանել երկիրն ու ստեղծել համալսարան։ Մենք պետք է գիտակցենք, որ պատմությունը հիմա ենք կերտում մեր իսկ ընտրությամբ․ կամ ընտրում ենք դավաճանությունն ու դրանով գնում ոչնչացման, կամ ընտրում ենք նվիրումն ու կերտում ապագա»,- ասել է նա։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանի խոսքով, անչափ կարեւոր է, որ երիտասարդ պատմաբաններն իրենց թիկունքին զգան այն մարդկանց շնչառությունը, որոնք տասնամյակների ընթացքում կայացրել են հայ պատմագիտությունը:
«Հակոբ Մանանդյանը, Նիկողայոս Ադոնցն ու մյուս մեծերը ոտքի են հանել հայագիտությունը եւ ներկայացրել միջազգային պատմագրության ասպարեզում՝ անցնելով տանջանքի ու տառապանքի միջով: Այն գիտական հատորները, որ մենք այսօր ունենք, մասնագիտությանն ու հայրենիքին անմնացորդ նվիրումի, զոհողությունների, զրկանքների արդյունք են: Ցավոք, մենք այժմ հավուր պատշաճի չենք գնահատում դրանք»,- ասել է ֆակուլտետի դեկանը:
Պատմական նախադեպեր գալիք սերունդների համար
Հակոբ Մանանդյանի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ մեծ պատմաբանն ապրում էր Հայաստանի պատմական խնդիրների լուսաբանման եւ կրթական-լուսավորչական գործունեության առաքելությամբ:
Հ․ Մանանդյանը ստացել է լայն ու հիմնավոր կրթություն եվրոպական լավագույն համալսարաններում, որից հետո որոշել է վերադառնալ հայրենիք՝ սերունդներ կրթելու եւ գիտությունը Հայաստանում զարգացնելու համար:
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից հետո հայ մտավորականությունը հստակ գիտակցում էր ազգային համալսարանի հիմնադրման հրամայականը՝ հակառակ չդադարող պատերազմներին, սովին, համաճարակին: Աշխարհի առաջատար համալսարաններում ուսում ստացած հայ մտավորականությունը՝ Հակոբ Մանանդյանը, Նիկողայոս Ադոնցը, Հովսեփ Օրբելին, Ալեքսանդր Թամանյանը, Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը եւ այլք, լծվել էր համալսարանի կայացման գործին, որն, ինչպես գրում էին ժամանակի թերթերը, «լուսավոր ջահի պես պիտի հրավառեր հայ ժողովրդի ճանապարհը»:
«Մենք պատմության ցավոտ էջեր շատ ունենք, եւ հիմա դրանցից մեկն է: Բայց եթե մենք կարողանանք ի հեճուկս բոլոր դժվարությունների բացականչել, որ ես հայ եմ եւ հպարտանում եմ դրանով, չեն կարողանա ո´չ դավաճանները, ո´չ թուրքերը որեւէ կերպ խեղճացնել մեզ: Այդ ժամանակ մենք կունենանք հզոր պետություն, եւ ինչպես մենք ենք այսօր հիշում Հ. Մանանդյանին ու նրա ժամանակակիցներին, ձեզ էլ կհիշեն եկող սերունդներն ու կհպարտանան՝ ասելով, որ նրանք կարողացան ծանր վիճակից դուրս հանել երկիրն ու ստեղծել հզոր Հայաստան»,- ուսանողներին ուղղված իր խոսքում նշել է Էլեոնորա Մանանդյանը:
Երիտասարդ պատմաբանի առաքելությունը
Հակոբ Մանանդյանը, բազում հին եւ նոր լեզուների իմացության շնորհիվ, կարողանում էր մանրազնին ուսումնասիրել սկզբնաղբյուրները: Նույնը նա պահանջում էր իր ուսանողներից.
«Մեր երիտասարդ գիտնականները պետք է ի նկատի ունենան, որ հայ ժողովրդի պատմությունն անհրաժեշտ է ուսումնասիրել եւ շարադրել ոչ թե նախկինում եղած կարծիքները կուրորեն ներմուծելով եւ կուտակելով, այլ բուն սկզբնաղբյուրների հաղորդած նյութերի նորովի վերլուծությունների հիման վրա, որ հնարավորություն կտա նորապես լուծել հին խնդիրները եւ անաչառորեն լուսաբանել հայ ժողովրդի պատմության բազում դրվագներ»,- ասում էր նա:
Հայաստանի ներկայիս մարտահրավերները պահանջում են զորեղ ու նվիրյալ պատմաբաններ: Ուսանողներին ոգեւորելու եւ պատմության ասպարեզում գիտական աշխատանքները խրախուսելու համար դեռեւս նախորդ տարի Էլեոնորա Մանանդյանի նախաձեռնությամբ Պատմության ֆակուլտետը հայտարարել էր գիտական աշխատանքների մրցույթ, որի շրջանակներում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Մերի Նազարյանը եւ լրագրող Գայանե Ենոքյանը պատրաստել էին Մանանդյանի կյանքն ու գործունեությունն ամփոփող հոդված «Հակոբ Մանանդյան հայն ու գիտնականը» խորագրով: Հավաքագրված հարուստ նյութը թարգմանվել է երեք լեզուներով եւ տեղադրվել վիքիպեդիա ազատ հանրագիտարանում:
Շարունակելով այս նախաձեռնությունը՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի փոխդեկան Հայկ Մխոյանը ուսանողներին է ներկայացրել առաջիկայում մեկնարկող նոր մրցույթը, որով նախատեսվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պատմության խեղաթյուրումը բացահայտող գիտական հոդվածների պատրաստում։ Այս անգամ եւս, աշխատանքի համար ուսանողները կստանան դրամական պարգեւ Էլեոնորա Մանանդյանի կողմից: Նախաձեռնողները հուսով են, որ նման դրամաշնորհային ծրագրերը գիտական հոդվածների ոլորտում վարակիչ կդառնան նաեւ այլ նվիրատուների համար:
Խոսքը կրկին ուսանողներին ուղղելով՝ դեկան Գաբրիելյանն ընդգծել է պատմության ասպարեզում արագ գործելու եւ հատկապես առցանց տիրույթում ճշմարտությունը ներկայացնելու անհրաժեշտությունը:
«Հակոբ Մանանդյանը եւ նրա նման շատ գիտնականներ ամեն ինչ արել են, որպեսզի մեր բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի հայկականությունը որեւէ կերպ կասկածի տակ չդրվի, բերել են անխոցելի փաստարկներ եւ գիտական հիմնավորումներ: Եթե հիմա մենք նույնպիսի նվիրումով չգործենք, ապա ամեն օր, ամեն ժամ մեզանից խլելու են մեր մշակույթը, թրքացնելու կամ ադրբեջանականացնելու են, եւ դա լինելու է առաջին հերթին մեր անպատասխանատվության եւ մեր ոչ բավարար գրագիտության արդյունքը»,- ամփոփել է Մխիթար Գաբրիելյանը:
Գայանե Ենոքյան