«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն թողարկում է Կայուն զարգացման պարտատոմսեր
«Տելեկոմ Արմենիա» ԲԲ Ընկերությունը մեկնարկում է անվանական ոչ փաստաթղթային Կայուն զարգացման հետ կապված (ԿԶԿՊ) պարտատոմսերի վաճառքը: Սա նման պարտատոմսերի առաջին թողարկումն է ՀՀ կապիտալի շուկայում։
Team Telecom Armenia-ն թողարկել է Կայուն զարգացման դոլարային եւ դրամային պարտատոմսեր։ Պարտատոմսի այս տեսակն ընտրելիս Ընկերությունը հիմնվել է Կայուն զարգացման իր ռազմավարական նպատակի վրա, որը ենթադրում է բիզնեսի շարունակական ընդլայնում՝ ստանձնելով շրջակա միջավայրի վրա իր գործունեության ազդեցությունը նվազեցնելու պարտավորություն։
Առաջին սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 45 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.95%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Երկրորդ սերիայի դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 20 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ կրկին 100 դոլար, արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 7.85%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։
Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 3.9 միլիարդ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը` 11.5%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս։ Բոլոր սերիաների պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի 2024թ. դեկտեմբերի 5-ից 18-ը։
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն կուղղի իր ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը՝ բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաեւ վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։
Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով կամ այցելելով Ամերիաբանկի որեւէ մասնաճյուղ եւ լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձեւն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. նոյեմբերի 27-ի Թիվ 1/452Ա որոշմամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկ» ՓԲ Ընկերությունը։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի եւ առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում: