Հայաստան գալու համար հնդիկները պիտի Շենգեն կամ ԱՄՆ վիզա ունենան
Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան մուտքը խստացվել է։ Այսուհետ Էլեկտրոնային տուրիստական վիզայի կարող են դիմել Հնդկաստանի այն քաղաքացիներն, ովքեր ունեն Շենգեն կամ ԱՄՆ մուտքի վիզա։ Այլ դեպքերում Հայաստան գալ ցանկացողները պետք է դիմեն Հնդկաստանում Հայաստանի դեսպանատուն։ Այս փոփոխության նպատակն իբր թե Հայաստանում ապօրինի աշխատող հնդիկների շահագործումը կանխելն է։
Դեռ անցյալ տարի Հնդկաստանից աշխատանքային միգրանտները հեշտությամբ հայտնվում էին Հայաստանում տուրիստական վիզայով, խախտում 90 օրյա ժամկետը և աշխատանքի անցնում՝ չունենալով աշխատանքային վիզա։ Ոչ լեգալ կարգավիճակի պատճառով նրանց բողոքներին, մասնավորապես աշխատանքային իրավունքների ոտնահարումների, ծեծի, կողոպուտի վերաբերյալ, ընթացք չէր տրվում։
Այժմ աշխատելու նպատակով Հայաստան գալու համար Հնդկաստանի քաղաքացիները պետք է դիմեն Skill India կամ այլ աշխատանքային գործակալությունների, վճարեն նրանց՝ Հայաստանում իրենց համար գործ գտնելու դիմաց։
Նոր օրենքով հնդիկները ոչ թե կպաշտպանվեն աշխատանքային շահագործումից, այլ ուղղակի Հայաստան չեն գա։
«Եթե ես ունեմ Շենգեն վիզա, էլ ինչի եմ Հայաստան գալիս։ Ուղիղ կգնամ Եվրոպական երկիր։ Հայաստանը խոպան է այն հնդիկների համար, ովքեր ուզում են պռոֆայլ հավաքել և ի վերջո գնալ Եվրոպա», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում առաքման ոլորտում աշխատող Գոռան։
The post Հայաստան գալու համար հնդիկները պիտի Շենգեն կամ ԱՄՆ վիզա ունենան first appeared on Epress.am.