Добавить новость
ru24.net
Все новости
Февраль
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28

Արցախի «Մռակած» երգչախումբ. լռություն տեղահանումից հետո

0

Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբն ավելի քան երկու տասնամյակ եղել է արցախյան մշակութային կյանքի անբաժան մասը՝ 90-ականների հետպատերազմյան դժվար տարիներից մինչեւ Եվրոպայի եւ Ռուսաստանի հեղինակավոր բեմեր: Այսօր երգչախումբը լուռ է: 

Արցախի հայաթափումից հետո «Մռակած»-ը զրկվել է ֆինանսավորումից եւ գործունեությունը շարունակելու հնարավորությունից: 

Երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարինե Մեսրոպյանը կորցրել է ոչ միայն հայրենիքն ու կյանքի գործը, այլեւ՝ ունեցել անձնական ողբերգություն: 

2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի ժամանակ, զոհվել է նրա որդին՝ ռազմաճակատում տասնյակ կյանքեր փրկած բժիշկ Նարեկ Մեսրոպյանը: 

Մարինե Մեսրոպյանի հետ Մեդիամաքսը զրուցել է երաժշտության եւ պատերազմի, կորուստների ու հույսի մասին, որը փխրուն է, բայց՝ հնարավոր, եթե կարողանանք վերաիմաստավորել սեփական կյանքն ու արժեքները: 

«Առաջին անգամ երգչախումբ հավաքեցի պատերազմից հետո»

1988 թվականին ավարտեցի Երեւանի պետական կոնսերվատորիան դիրիժորի մասնագիտությամբ եւ վերադարձա Ստեփանակերտ: Սկսեցի դասավանդել երաժշտական ուսումնարանում, բայց շուտով պատերազմն էր ու դժվար 90-ականները: 

1993 թվականին, պատերազմի ավարտից անմիջապես հետո, ինձ հրավիրեցին աշխատել Ստեփանակերտի Արվեստի տանը: Հետագայում այն վերափոխվեց Երեխաների եւ պատանիների ստեղծագործական կենտրոնի, որի ղեկավարությունը ցանկանում էր ստեղծել մանկական երգչախումբ: Այսպես, հետպատերազմյան տարիներին, ես հավաքեցի իմ առաջին երգչախումբը: 

Շատ դժվար փուլ էր. երկիրը նոր-նոր փորձում էր ոտքի կանգնել, եւ քչերն էին հասկանում երգչախմբային արվեստն ու դրա կարեւորությունը: 

Պետք է նշեմ, որ կարեւոր դրական դեր խաղաց Արվեստի տան այդ շրջանի ղեկավարությունը, որն իր վրա էր վերցրել տեխնիկական եւ կազմակերպչական բոլոր հարցերը: Անգնահատելի է, երբ քեզ հնարավորություն է տրվում չմտածել առօրյա, կենցաղային խնդիրների մասին եւ լիովին կենտրոնանալ ստեղծագործելու վրա: 

Անցնում էին տարիներ. երգչախումբը ոտքի էր կանգնում, աճում, զարգանում՝ օր օրի կատարելագործվելով: 

Ժամանակի ընթացքում մեր ելույթների աշխարհագրությունը ընդլայնվեց: Ստեփանակերտից բացի, տարբեր մրցույթների եւ համերգների էինք մասնակցում նաեւ Հայաստանում՝ գիտակցելով՝ մեր ջանքերն ու աշխատանքն ապարդյուն չեն: Երգչախմբի որակն այնքան բարձր էր, որ մի օր մեր ելույթի տեսագրությունն ուղարկեցինք այդ ժամանակ հայտնի «Առավոտյան աստղ» հաղորդմանը՝ Յուրի Նիկոլաեւի հետ: Արդյունքում մեզ հրավիրեցին ելույթ ունենալ Մոսկվայում: Ցավոք, չկարողացանք մեկնել, քանի որ այդ տարիներին դա չափազանց բարդ էր, բայց հրավերն արդեն իսկ շատ բարձր գնահատական էր մեզ համար: 

«Մռակած». միաձուլում բոլոր իմաստներով

2000 թվականին մանկական երգչախմբի հիման վրա ստեղծվեց բուն «Մռակած»-ը: Այդ ժամանակ Արվեստի տան տնօրենի հետ դիմեցինք Արցախի կառավարություն՝ բացատրելով, որ երգչախումբն այլեւս չի կարող լինել մանկական, քանի որ կատարողները մեծացել են: Պետք էր կա ՛մ լուծարել այն, կա՛մ փոխել ձեւաչափը: Այդ տարիներին Արցախի վարչապետն Անուշավան Դանիլյանն էր՝ մարդ, որը հասկանում եւ գնահատում էր երգչախմբային արվեստը: Նա աջակցեց մեզ եւ ծնվեց «Մռակած» պետական կամերային երգչախումբը: 

Անվան շուրջ երկար էի մտածում: Ցանկանում էի, որ այն ուղղակի կապ ունենա Արցախի հետ: Խորհրդակցում էի պատմաբանների հետ, ուսումնասիրում տարբեր աղբյուրներ եւ ի վերջո կանգ առա «Մռակած»-ի վրա՝ լեռան, որ հայտնի եւ սիրված է ամբողջ Արցախում: 

Պետք է նշեմ, որ այս ընթացքում մանկական երգչախումբը շարունակում էր գործել: Եկել էր երեխաների նոր սերունդ, որից տարիների ընթացքում համալրվում էր մեծերի «Մռակած»-ը: Այնպես որ, ստեղծվել էր հետաքրքիր սերնդափոխություն: Օրինակ՝ այսօրվա «Մռակած»-ի մենակատարներից Կարինեի մայրը՝ Մարգարիտան, եղել է իմ առաջին աշակերտներից: 

«Մռակած»-ի դեպքում ինձ համար կարեւոր էր ոչ թե պարզապես լավ ձայնային տվյալներ ունեցող մարդկանց հավաքել, այլ ստեղծել իրական, ջերմ ընտանիք: Կարծում եմ լավ երգչախումբը ենթադրում է մարդկանց միաձուլում բոլոր առումներով: Այս 20-ից ավելի տարվա ընթացքում մենք իսկապես ընտանիք դարձանք: Փորձում ենք կիսել միմյանց խնդիրներն ու ուրախությունները: 

Գիտեք, ես միշտ զուգահեռներ եմ տարել իմ անձնական եւ «երգչախմբային» ընտանիքների միջեւ: Երկուսն էլ շատ երջանիկն էին, երկուսն էլ քանդվեցին 2020թ. պատերազմից հետո: 

«Մեր հիմնական նպատակը երգչախմբային արվեստի զարգացումն էր»

Մեր հիմնական նպատակը երգչախմբային արվեստի զարգացումն էր: Մեր հասարակությունում ծնողները հաճախ են իրենց երեխաներին տանում պարի խմբակ կամ առնվազն՝ սոլո երգի, քանի որ ցանկանում են ընդգծել նրանց կարողություններն անհատապես: Երգչախմբում սա բացակայում է: Այն միավորում է բոլորի ձայնն ու ստեղծում մեկ ամբողջական հնչեղություն. հենց սա է հիացնում: 

Համերգների ընթացքում «Մռակած»-ը կատարում էր ինչպես դասական երգչախմբային ստեղծագործություններ, այնպես էլ՝ ունկնդրին ավելի ծանոթ, «թեթեւ» գործեր: Այնուամենայնիվ, ես միշտ պնդում էի, որ «թեթեւ»-ի հետ հանդիսատեսն անպայման պետք է լսի նաեւ Կոմիտաս: 

Երկու տասնամյակի ընթացքում մենք գործում էինք շատ ակտիվ: Միշտ ասում եմ, որ Արցախի գրեթե բոլոր եկեղեցիների օծումը տեղի էր ունենում մեր երգչախմբի կատարումների ուղեկցությամբ: Համերգներով գնում էինք Արցախի բոլոր շրջաններ, գալիս նաեւ Հայաստան: 

Թե՛ ֆինանսապես, թե՛ կազմակերպչական առումով սա բարդ էր, բայց ինձ համար կարեւոր էր ստանալ նաեւ հայաստանյան մասնագիտական համայնքի գնահատականը, իսկ այն միշտ գերազանց էր:  

«Գլխավոր մրցանակի համար պայքարում էր հսկա  Չինաստանն ու մենք՝ Արցախը»

Հենց այս գնահատականն էր ոգեշնչում մեզ անել մեկ քայլ առաջ եւ մասնակցել արդեն միջազգային մրցույթների: 

Մեր առաջին «արտագնա» ելույթը Սանկտ Պետերբուրգում էր՝ 2011 թվականին: Սա շատ պատասխանատու քայլ էր, որովհետեւ այնտեղ երգչախմբային արվեստը բարձրագույն մակարդակի վրա է: Նույնիսկ ինչ-որ վախ կար. առաջին միջազգային ելույթ եւ միանգամից նման քաղաքում: Բայց այդ շրջանում Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը մեզ ոգեւորում էր՝ «պետք չէ անպայման հաղթել, պարզապես գնացեք, մասնակցեք, լսեք մյուսներին»: 

Մրցութային ծրագիրը շատ ուժեղ էր: Արդյունքում մենք ստացանք հանդիսատեսի համակրանքի մրցանակն ու զբաղեցրինք առաջին տեղը կամերային երգչախմբերի մեջ: Իսկ այստեղ մասնակցում էր 26 երգչախումբ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Հիշում եմ՝ մրցույթի համակարգող, դիրիժոր Սերգեյ Եկիմովը բեմից հայտարարեց՝ առաջին անգամն է, որ հանդիսատեսի 90 տոկոսը քվեարկել է միեւնույն երգչախմբի համար: Ես կանգնած մտածում եմ՝ հիմա կասեն Չինաստանի անունը, որովհետեւ նրանց ելույթն իսկապես հզոր էր: Բայց պարզվեց՝ հանդիսատեսն ընտրել է մեզ (ժպտում է – հեղ.): 

Արդյունքում գրան-պրի մրցույթ անցան «Մռակած»-ն ու հենց չինական երգչախումբը: Այսինքն, գլխավոր մրցանակի համար պայքարում էր հսկա Չինաստանն ու մենք՝ Արցախը: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք մասշտաբների տարբերությունը, պետք է ասեմ, որ չինական երգչախումբը Պետերբուրգ էր եկել երեք ինքնաթիռով. մեկում կատարողներն էին, մյուսում՝ օպերատորները եւ տեխնիկան, երրորդում՝ կոստյումները: Իսկ մենք ստիպված էինք «Մռակածի» կազմը կրճատել՝ 30-ից հասցնելով 22-ի, որպեսզի նվազեցնենք ճանապարհածախսը: 

Գրան-պրիում հնարավոր ելույթի համար մենք նախապատրաստել էինք Կոմիտաս, իսկ Չինաստանը ներկայացրեց Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ի մշակումը: Հիշում եմ՝ ելույթներից հետո ասացի՝ «կարեւոր չէ՝ ով կհաղթի, կարեւոր է, որ երկու կողմից էլ հնչեց հայկական երաժշտություն»: Արդյունքում ժյուրիի 4 ձայն ստացավ Չինաստանը, 3՝ մենք: 

Մեր հաջորդ կանգառը Վիլնյուսն էր, իսկ Մերձբալթյան երկրներում եւս երգչախմբային արվեստը շատ բարձր մակարդակի վրա է: Այստեղ պարտադիր ստեղծագործության մրցութային ծրագրում զբաղեցրինք առաջին տեղը եւ երրորդը՝ ընդհանուր մրցույթում: Մի անմոռանալի դրվագ էլ կա: Մրցույթի վերջում պետք է համատեղ ելույթ ունենային բոլոր մասնակից երգչախմբերը եւ մոտենալով ինձ՝ կազմակերպիչները խնդրեցին ղեկավարել այդ ելույթը: Մինչեւ հիմա սա պատմելիս փշաքաղվում եմ պատասխանատվությունից: Մտածում էի՝ կհասկանա՞ն մյուս երգչախմբերն իմ ձեռքը, քանի որ իմոնք ամեն ինչ հասկանում էին անգամ հայացքիցս: Արդյունում ելույթը շատ լավ ստացվեց: 

Մեր վերջին միջազգային ելույթը Վիեննայում էր՝ 2019 թվականին: Այստեղ Վիեննայի նվագախմբի եւ մի քանի այլ երգչախմբի հետ կատարեցինք Մոցարտի «Ռեքվիեմը»: 

Այս բոլոր արտագնա ելույթներում մեզ ընդունում էինք որպես հայաստանյան երգչախումբ: Հիշում եմ՝ Պետերբուրգում խնդրեցի նշել գոնե քաղաքը եւ մեզ ներկայացրին՝ «Հայաստան, Ստեփանակերտ»: 

2020 թվականը «Մռակած»-ի համար հոբելյանական էր եւ, ցավոք, վերջին երջանիկը: 

«Պատերազմն ավարտվեց, մենք հաղթեցինք»

Որդիս՝ Նարեկը, հինգ տարեկանից երգում էր մեր երգչախմբում: Մանկության տարիներին նա ինձ հետ գնում էր իմ բոլոր՝ երեք աշխատավայրերն ու մեծանում արվեստով լի միջավայրում: Հիանալի նվագում էր դաշնամուր, եւ մասնագետները նրան երաժշտական ապագա էին կանխատեսում՝ խորհուրդ տալով ընդունվել Կոնսերվատորիա: Բայց նա իր ճանապարհն ուներ եւ ինչպես երազում էր մանկուց՝ դարձավ բժիշկ: 

2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում Նարեկը Թալիշում էր, իսկ ես նույնիսկ չգիտեի, որ առաջնագծում է: Նրա հայրը զինծառայող է եւ պարբերաբար զանգահարում էր Նարեկին ու խնդրում՝ «մի հայտնվիր լրագրողների կադրերում, մայրդ չգիտի՝ որտեղ ես, թող չանհանգստանա»: Իսկ այդ շրջանում արդեն ամբողջ Ստեփանակերտը խոսում էր նրա մասին: 

Հիշում եմ՝ մի օր Արվեստի տան տնօրենը վերադարձավ Նախագահական պալատում կազմակերպված միջոցառումից եւ դիմեց ինձ՝ «Մառա, ինչո՞ւ չես ասում, որ Նարեկը հերոս է»: «Ո՞վ, իմ Նարե՞կը, բայց նա չի մասնակցում ռազմական գործողություններին», - արձագանքեցի ես, իսկ նա պնդեց՝ «այնտեղ բոլորը քո Նարեկի մասին են խոսում»: 

Նա վերադարձավ մեկ ամիս անց: Հիշում եմ՝ ինչպես լացեցի, երբ նրա մոտ մի փունջ սպիտակ մազ նկատեցի: Հետո արդեն Նարեկի հրամանատարը՝ հայտնի Կարեն Ջալավյանը, պատմում էր՝ ինչպես էր նա մարտի դաշտից հանում վիրավորներին «Գրադի» կրակի տակ: Նարեկին համոզում էին մի փոքր սպասել, երբ վերալիցքավորման համար կրակը կդադարի, իսկ նա ասում էր՝ «սպասել հնարավոր չէ, եթե չգնամ հիմա, վիրավորը կկորցնի ոտքերը»: Նման դեպքերը տասնյակ էին:  Նա հանում էր վիրավորներին ու զոհվածներին ամենավտանգավոր հատվածներից, հոգ տանում պակաս փորձառու տղաների մասին, նույնիսկ զինամթերք հասցնում ամենահեռու եւ տեսանելի դիրքեր, երբ գնում էր վիրավորների հետեւից: 2016թ.-ին նա ողջ մնաց եւ պարգեւատրվեց «Արիության համար» մեդալով: 

2020թ.-ին Նարեկն առաջիններից մեկը մեկնեց ռազմաճակատ, ասելով՝ ռազմական բժիշկների կարիքը միշտ կա: Հոկտեմբերի 11-ին Աղդամի շրջանում հերթական անգամ վիրավորներին տեղափոխելու ժամանակ բուժծառայության մեքենան խոցվեց: Նարեկը ստացավ ծանր վիրավորում եւ ուղղաթիռով տեղափոխվեց Երեւան: Այստեղ նրան վիրահատեցին, նա նույնիսկ գիտակցության եկավ, սկսեց խոսել՝ առաջին հերթին հարցնելով՝ «պատերազմն ավարտվե՞լ է, ո՞ւր է պապան»: Նրան պատասխանեցին՝ «մենք հաղթել ենք»: Ես միակն էի, ով չէի մտնում նրա պալատ: Հասկանում էի, որ չեմ կարող տեսնել նրան այդ վիճակում, նույնն էլ ինքն էր մտածում ու խնդրում էր ինձ չգալ: Մտածում էի՝ շուտով կվերականգնվի եւ կհանդիպեմ իմ Նարեկին: Նա մահացավ հոկտեմբերի 19-ին՝ հիվանդանոցում: Նարեկը փրկեց շատերին, նրան՝ չկարողացան: 

Ծնողներին մնում է միայն հիշողությունը

Այսօր Եռաբլուրում ինձ շատ տղաներ են մոտենում եւ կիսվում՝ «մենք ողջ ենք ձեր տղայի շնորհիվ»: 

Սա շատ ազդեցիկ է, բայց իմ ընտանիքն ավերված է: Սա ասելով՝ չեմ ուզում նեղացնել ամուսնուս կամ դուստրերիս, բայց մեր ունեցած երջանկությունը քանդվել է: Մենք ապրում ենք մեխանիկորեն՝ արթնանում, կատարում որոշ գործողություններ մյուս երեխաների համար: 

Մեր հասարակությունը պետք է անպայման վերարժեւորման փուլ անցնի: Գիտակցի՝ ինչու զոհվեցին Նարեկն ու մյուսները: Վստահ եմ՝ նրա հիշողությունը կշարունակի ապրել նույնիսկ իմ մահից հետո. նվագախմբի տարբեր սերունդներս կպահպանեն այն: 

Բայց սիրտս ցավում է մյուս զոհվածների համար: Մենք ապրում ենք՝ ասես ոչինչ չի եղել: Այն դեպքում, որ զոհվածների հիշատակը միակ բանն է, որ մնացել է նրանց ծնողներին: 

26 տարի անց արցախյան «Մռակած»-ը լուռ է

Նարեկի մահից հետո Ստեփանակերտ վերադարձա 2021թ.-ին: Չէի պատկերացնում՝ ինչպես կարող եմ դուրս գալ տնից, զբաղվել երաժշտությամբ, ապրել նախկին կյանքով: Այս փուլում ինձ չափազանց շատ օգնել են երգչախմբի սաները: Նրանք բառացիորեն հանում էին ինձ տնից, տանում աշխատանքի: Սերունդը, որը մեծացել էր Նարեկիս հետ դեռ մանկական երգչախմբի տարիներից, այցելում էր ինձ բառացիորեն ամեն օր: 

Հետո շրջափակումն էր. չկային ելույթներ եւ ոչ մի մոտիվացիա: Այս փուլում պատահաբար լսեցի Իգոր Մատվիենկոյի «Ապրել» ստեղծագործությունը՝ ռուսաստանյան աստղերի կատարմամբ եւ որոշեցի՝ «Մռակած»-ը պետք է երգի այն: 

Արդյունքում ծնվեց «Ապրել» տեսանյութը՝ շրջափակված Արցախից: 



Արցախի հայաթափումից հետո մեր երգչախումբը դադարեց գործել: Ինչպես տեղացի, այնպես էլ՝ այլազգի մասնագետների կողմից հաճախ ենք ստանում գնահատականներ, որ «Մռակած»-ը լռելու իրավունք չունի, բայց առայժմ վերականգնման ճանապարհ չենք գտնում: 

Գլխավոր խոչընդոտը ֆինանսավորման բացակայությունն է: Հավատացած եմ, որ եթե նույն իրավիճակը լիներ Ստեփանակերտում, բոլորը պատրաստ կլինեին երգել նույնիսկ առանց վարձատրության: Բայց այստեղ՝ առանց տան, մարդիկ պետք է գտնեն լուծումներ՝ սեփական ընտանիքի գոնե նվազագույն կարիքները հոգալու: Ցավալի է տեսնել՝ ինչպես են մեր լավագույն ձայներն այսօր կատարում ցանկացած աշխատանք, գոնե ինչ-որ գումար վաստակելու համար: 

Մենք փորձել ենք գտնել ֆինանսական աջակցություն, բայց առայժմ ապարդյուն: 26-ամյա ճանապարհից հետո այսօր արցախյան «Մռակած»-ը լուռ է: 

«Նրանք կարող են չլինել հայտնի դիրիժորներ, բայց պետք է լինեն լավագույն մարդիկ»

Երգչախումբը պահպանելն ինձ համար շատ կարեւոր է, այն եւս ինչ-որ առումով իմ զավակն է, որի համար պատրաստ եմ պայքարել մինչեւ վերջ: «Մռակած»-ի անդամների հետ շփումն ինձ համար չափազանց կարեւոր է, տեսնում եմ, որ իրենք եւս փորձում են գտնել իրավիճակի լուծումներ: 

Շատերի նման, ես էլ հոգումս Արցախ վերադառնալու հույս ունեմ, բայց մի պայմանով: Եթե վերադառնանք եւ ապրենք նույն կերպ, ամեն ինչ կրկնվելու է: Պետք է վերաիմաստավորել մեր արժեքները, կյանքին նայել այլ տեսանկյունից:
 
Ես չեմ ցանկանում, որ բոլորը տառապեն ինձ հետ, այո, կյանքը շարունակվում է, բայց կարեւոր է գնահատել՝ ում եւ ինչի շնորհիվ ենք մենք ապրում: 

Սեպտեմբերից դասավանդում եմ Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում եւ հաճախ զրուցում սաներիս հետ: Ես ցանկանում եմ, որ նրանք լինեն լավագույնը, ոչ թե եւ ոչ միայն երաժշտության մեջ, այլ՝ կյանքում: Պարտադիր չէ, որ նրանք դառնան աշխարհահռչակ դիրիժորներ, ավելի կարեւոր է, որ լավագույն մարդիկ լինեն: 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса