«Նժար»-ը միացել է «Բոլորին դեմ եմ»-ին՝ հանուն առողջ սերնդափոխության
«Նժար» սահմանադրական շարժումը միացել է «Բոլորին դեմ եմ» նախագծին, քանի որ այս երկու ուժի հիմնական նպատակները համընկնում են:
Այս մասին ասել է «Նժար»-ի վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Տրամաբանությունը շատ պարզ է՝ եւ՛ մենք, եւ՛ «Բոլորին դեմ եմ» շարժումն ունենք գրեթե համընկնող նպատակներ: «Նժար»-ը, ինչպես խոստացել էր, հերթական կուսակցությունը չգրանցեց, որովհետեւ մեր նպատակը ոչ թե կուսակցություն ունենալ էր, այլ՝ փորձել համախմբել համախոհ, ազնիվ մղումներ ունեցող մարդկանց:
Ստեղծել իրավիճակ, որում գաղափարները կլինեն հանուն Հայաստանի, ոչ թե ինչ-որ փոքր խմբերի շահերի», - ասել է Նինա Կարապետյանցը՝ հիշեցնելով.
«Մենք միշտ ասել ենք, որ քաղաքականության մեջ պետք է ձեւավորվեն էլիտաներ եւ լինի առողջ սերնդափոխություն, իսկ «Բոլորին դեմ եմ»-ի թիմը երիտասարդ է»:
«Բոլորին դեմ եմ» շարժման ներկայացուցիչ Արամ Քոչարյանը նշել է՝ «Նժար» սահմանադրական շարժմանը համակրել են հիմնադրման պահից.
«Այդ ժամանակ մտածեցինք՝ շատ լավ կլինի, եթե միասին ճանապարհ անցնենք: Մեր հիմնական նպատակները նույնն են: Բոլորս անկեղծորեն հոգնել ենք քաղաքական դաշտի նեղ կուսակցական գզվրտոցից: Այս իրավիճակում «Նժար»-ը, երեւի, դաշտում միակ ուժն էր, որը խոսում էր համակարգային փոփոխության անհրաժեշտության մասին»:
«Նժար»-ի համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը շեշտել է՝ համագործակցության հիմքում մարդկային գործոնն է.
««Բոլորին դեմ եմ» շարժման հիմքում հիանալի ինտելեկտով, բարձր բարոյականություն ունեցող երիտասարդներ են: Սա ամենակարեւորն է, որովհետեւ մեր ունեցած նպատակներն ապագայի համար են, էլ ո՞ւմ հետ, եթե ոչ երիտասարդների պետք է իրականացնենք դրանք: Այնպես որ, մենք դեմ ենք բոլորին՝ «Բոլորին դեմ ենք» շարժման հետ»:
Արտաշես Իկոնոմովը նշել է՝ կարեւոր է, որ բոլորին դեմ լինելով՝ այս շարժման անդամների մոտ չկա ատելության խոսք.
«Այսօր մեր հասարակության ամենամեծ խնդիրն բեւեռացումն է: Ապաքինվելու համար պետք է վերջ տալ այս մոտեցմանը»:
