Добавить новость
ru24.net
Новости по-русски
Ноябрь
2022

Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին. ՀՀ վարչապետ

0
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված Հայաստանի կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին, և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

«Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով՝ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը: Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից: Ընդ որում, նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է: Եթե Ադրբեջանը իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք ուրեմն այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք: Պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանական Հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից», – ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, Հայաստանի Հանրապետությունը նման պարտավորություն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ հայտարարությամբ կամ փաստաթղթով պարզապես չունի:

«Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում: Եվ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը: Իսկ համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով. Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ հատուկ ընդգծման կարիք ունի այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները և հստակ արձանագրել էին, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան:

«Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը ինքը հրաժարվեց այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից: Թվում էր, թե շատ պարզ իրավիճակ է՝ ընդամենը պետք էր այն, ինչ հրապարակային հայտարարվել էր, դնել թղթի վրա և ուղղակի ստորագրել, բայց Ադրբեջանը հրաժարվեց այս գործողությունից: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից, ու ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը: Խոսքն այն պայմանավորվածության մասին է, որի վերաբերյալ ես ֆեյսուքյան իմ էջում գրառում եմ արել և նաև Կառավարության նիստում էլ եմ այդ թեմայով հայտարարություն արել, հանձնարարականներ տվել և այդպես շարունակ», – նշեց ՀՀ վարչապետը:

Նա նաև ասաց, որ Ադրբեջանի նախագահն ինքն է հրաժարվում օգտվել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության՝ Հայաստանի առաջարկած հնարավորությունից:

«Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանի Հանրապետությունը գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին: Ընդ որում, մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել: Եվ ընդ որում, մենք այս թեմայով ևս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք», – ընդգծեց Փաշինյանը:

Նա ավելացրեց, որ Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021 թվականի դեկտեմբերին, Բրյուսելում:

«Ադրբեջանի նախագահը ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահի միջնորդությամբ:

Ադրբեջանի նախագահը ինքն է խախտում 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը և դրժում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում և բացառի ցանկացած էսկալացիա», – նշեց նա:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ամենավտանգավոր հատվածներում պետք է իրականացվեր զորքերի հայելային ետքաշում:

 «Իսկ ինչո՞ւ է այսպես վարվում, ինչո՞ւ է Ադրբեջանը ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի. շարունակելու համար ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը: Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ: Նախ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով», – ասաց նա:

Նրա խոսքով, հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ:

«Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ: Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի», – նշեց նա:

Փաշինյանն ասաց, որ եթե Ադրբեջանը փորձում է մտացածին պատճառներով ետահայաց կերպով արդարացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախորդ տարվա մայիսին, նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ձեռնարկած ագրեսիան, տարածքների օկուպացիան, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող 36 բնակավայրերի, այդ թվում՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի, Գեղամասարի հրետակոծությունը, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1437 երեխաների, հաշմանդամություն ունեցող 99 անձանց տեղահանությունը, 193 բնակելի տների, 3 հյուրանոցների, 2 դպրոցների, մեկ բուժկենտրոնի թիրախավորումը, 211 հայաստանցիների, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձանց սպանությունը, առնվազն 11 ռազմագերիների արտադատարանական մահապատիժները, այդ թվում՝ կին զինծառայողների մարմինների խոշտանգումներն ու անարգումը, այդ ամենը արդարացում չի կարող ունենալ, և այս հանցանքների պատասխանատուներին պատասխանատվության կանչելու բոլոր կոչերը միանշանակ և աներկբա՝ արդարացի են:

«Արդարացի է նաև Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր՝ սպառնալիքներ տեղալով բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, և կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով: Եվ հիմա այս գործելակերպի հեղինակներն ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող Ալ Քաիդային և Իսլամական պետությանը», – ասաց Փաշինյանը:–0–



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Россиянка Панова выиграла турнир WTA в Аделаиде в паре с китаянкой Ханьюй






УСЛУГИ: Ремонт кабеля 10 кВ. Комплексный ремонт кабельных линий 0.4/6/10 кВ. Москва, Тула, Рязань, Подольск, Одинцово.

В парламенте Дании хотят просить Россию защитить Гренландию от Трампа

Иностранец-повар в Москве останется под арестом по делу о терроризме

Западная аристократка переехала в Россию за 1,5 месяца до начала СВО. Реакция друзей из США сбила с ног. Европейцы удивили ещё больше.