Փաշինյան. Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ։
«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել ՀՀ–ին և մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը։ Ընդ որում Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ», – ասաց վարչապետը։
Նրա խոսքով, տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ` հոկտեմբերի 31–ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։
«Ի հեճուկս Սոչիի` հոկտեմբերի 31–ի և հոկտեմբերի 6–ի Պրահայի հայտարարության` Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ–ի ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով», – ընդգծեց Փաշինյանը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահն օրերս արված հայտարարության մեջ հանդես է եկել հերթական սպառնալիքներով Հայաստանի հասցեին։ «Մենք զբաղեցրել ենք ռազմավարական բարձունքներ։ Մենք Սևանի ափին ենք։ Մենք տեսնում ենք Գորիսը, Ջերմուկը, Կապանը», – ասել է նա։–0–