Փաշինյան. ՀՀ եւ ՌԴ միջեւ վերջին ամիսներին ակտիվ քաղաքական երկխոսություն է եղել
«Շատ ուրախ եմ փաստել, որ անցած ամիսների ընթացքում մենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել: Վերջերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր այցելել Հայաստան, այցի ընթացքում բովանդակալից քննարկում է տեղի ունեցել օրակարգային բոլոր հարցերի շուրջ։
Հոկտեմբերի սկզբին Երեւանում տեղի ունեցավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այս խորհրդի շրջանակում մենք բավականին բովանդակալից քննարկեցինք մեր համագործակցության հարցերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ հոկտեմբերի 22-24-ը Նիկոլ Փաշինյանին սպասում է Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
«Սպասում եմ քեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ՝ դա կլինի եւ՛ օգտակար, եւ՛ հետաքրքիր: BRICS-ի գագաթնաժողովում շատ շփումներ են սպասվում:
Երկկողմ հանդիպում կանցկացնենք, եւ հնարավորություն կընձեռվի զրուցելու մի քանի տասնյակ երկրների բազմաթիվ գործընկերների հետ, որոնք նախատեսում են մասնակցել այդ աշխատանքին»,- ասել է ՌԴ նախագահը։
Այսօր ավելի վաղ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում էր ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։