Հայկական BlueQubit-ը ստացել է $10 միլիոն ներդրում
Հայ հիմնադիրներ ունեցող BlueQubit-ը ներգրավել է $10 միլիոն սաղմնային փուլի ներդրում՝ Nyca Partners-ի ղեկավարությամբ։
Այս ներդրումային փուլին մասնակցել են նաեւ Restive-ը, Chaac Ventures-ը, NKM Capital-ը, Presto Tech Horizons-ը, BigStory-ն, Untapped Ventures-ը, Formula VC-ն եւ Granatus-ը։
Ընկերության «Քվանտային ծրագրային ապահովումը որպես ծառայություն» (Quantum Software as a Service՝ QSaaS) պլատֆորմը նպատակ ունի օգտատերերին հասանելի դարձնել «Քվանտային Մշակման Միավորներ» (Quantum Processing Units՝ QPUs) եւ քվանտային հաշվարկների էմուլյատորներ։ BlueQubit-ի QSaaS պլատֆորմը աջակցում է այնպիսի կիրառություններին, ինչպիսիք են ֆինանսական մոդելավորումը, դեղագործական մշակումները եւ վիզուալիզացիան։
BlueQubit-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Հրանտ Ղարիբյանը TechCrunch-ին հայտնել է, որ ընկերությունը օգտագործում է լայնամասշտաբ դասական հաշվարկային ռեսուրսներ, մասնավորապես՝ GPU-ների ցանց քվանտային ալգորիթմներ մշակելու եւ փորձարկելու համար, նախքան դրանք իրական քվանտային պրոցեսորների վրա կիրառելը։
«Այս մոտեցումը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնվել արդյունավետ եւ նորարարական ալգորիթմներ մշակել քվանտային մեքենայական ուսուցման եւ քվանտային օպտիմալացման համար։ Ընկերության ծրագրային ապահովման շերտը գործում է քվանտային էմուլյատորների վրա՝ «մինչեւ 100 անգամ ավելի արագ, քան առկա համեմատելի տարբերակները, որոնց հետ համակցված են մեր թիմի կողմից մշակված ալգորիթմները»,- ասել է նա։
Հայկ Տեփանյանը եւ Հրանտ Ղարիբյանը BlueQubit ընկերությունը հիմնադրել են 2022 թվականի գարնանը, նրանք հանդիպել են Սթենֆորդում։ Ընկերության ստեղծման պատմությունը կարող եք ընթերցել iTel.am-ի հոդվածում։
[[linked-news14297]]